«Նավը ծակվել է, առնետները փախչում են». Տիգրան Խզմալյան

«Նավը ծակվել է, առնետները փախչում են». Տիգրան Խզմալյան
«Նավը ծակվել է, առնետները փախչում են». Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
– Պարո´ն Խզմալյան, վերջին օրերին հրաժարականների շարք է սկսվել, իրենց պաշտոններին հրաժեշտ են տալիս քաղաքապետները, Շիրակի մարզպետը: Ինչո՞վ եք սա բացատրում, արդյոք պատճառը մարզերում Սերժ Սարգսյանի կրած պարտությո՞ւնն է:

– Ես կարծում եմ, որ բոլոր պատճառներն էլ առկա են, սակայն պետք է տեսնել իրականը: Նավը, որը համարում էին Հայաստանի երրորդ հանրապետություն, ծակվել է, և, բնականաբար, առնետները փախչում են: Տարբեր պատճառաբանություններ կարող են լինել, բայց այն, որ տիրում է խուճապ, այն, որ կսկսեն նրանց ուսադիրները պոկել, պարզ է: Վստահ եմ` ոմանք արդեն իրենց բանկային հաշիվներն են տեղափոխում արտասահման: Վատն այն է, որ այս ամենը եղել է արդեն մի քանի անգամ՝ և´ 80-ականների վերջին, և´ 90-ականների սկզբին: Մի երկու անգամ էլ նման մթնոլորտ ստեղծվել է 2008, 2010, 2011 թվականներին, երբ պարտված խումբը, խունտան խուճապի էր մատնվել: Շատ բարդ կոմբինացիաներ կամ դավադրական տեսություններ այստեղ փնտրելն անիմաստ է և ծիծաղելի է:

– Այս օրերին դարձյալ ժողովուրդը Ազատության հրապարակում է: Սպասելի՞ էր ընտրությունների այս ելքը:

– Ընտրությունները չեն կայացել, ահա թե ինչու ժողովուրդը հրապարակում է, հակառակ դեպքում մարդիկ կնստեին իրենց տներում և կզբաղվեին իրենց գործերով: Մեր երկրում ժողովրդից խլել են, ժողովրդին զրկել են ամենակարևոր իրավունքից՝ ընտրության իրավունքից: Եթե մարդը զրկված է ընտրության հնարավորությունից, ստրուկ է: Միայն ստրուկն իրավունք չունի ոչ մի ազատության: Մի երկիր, ազգ, որը հպարտ է, շատ հին է, շատ իմաստուն, շատ տոկուն, եթե այդ ժողովուրդն ապստամբում է, ուրեմն հասցրել են դրան: Իսկ ինչ վերաբերում է կանխատեսումներին, բավական է ուղղակի նայել վերջին երկու տասնամյակների ընտրությունների պատմությանը: Ամեն անգամ կեղծված ընտրություններից հետո ժողովուրդը ապաստամբում է, նույնը կատարվեց 2008 թվականի ընտրություններից հետո:

– Ի՞նչ սցենար եք կանխատեսում, արդյոք շարժումը կկարողանա՞ հասնել իր առջև դրված հիմնական նպատակին:

– Դա պետք է իրականացնել: Խնդիրն այլևս հնարավարության մեջ չէ: Դա կախված է մեզանից, յուրաքանչյուրիցս: Սովորաբար նման բաներ ասում են ընտրություններից առաջ, հիմա մենք դա ասում ենք ընտրություններից հետո: Հիմա դա կախված է մեզնից, որովհետև ժողովուրդն ընտրել է Րաֆֆիին: Րաֆֆիին ընտրել են՝ քվեարկելով Սերժ Սարգսյանի դեմ, Րաֆֆիին ընտրել են՝ քվեարկելով խունտայի, համակարգի դեմ: Հիմա մնում է, որ Րաֆֆին ընտրի ժողովրդին: Ընտրությունը հիմա մասամբ Րաֆֆիից է կախված: Եթե նա ընտրի այն ճանապարհը, որով պատրաստ է ժողովուրդը գնալու, մենք ավելի արագ կհասնենք նպատակին: Եթե նա ընտրի այլ ճանապարհ, այսինքն՝ գործարք արտաքին կամ ներքին ուժերի հետ, ապա մենք կունենանք շատ բարդ իրավիճակ: Մենք դրա փորձն էլ ունենք ցավոք սրտի. 2008 թվականից մինչև 2011 թվականը նախորդ ընդդիմադիր առաջնորդները գնացին հենց այս ճանապարհով, միգուցե հենց այն պատճառով, որ իրենք սրբորեն հավատում էին, որ իրենց ընտրել են հենց իրենց գեղեցիկ աչքերի համար: Րաֆֆին կարծես թե նման սխալ չի անում, նա անընդհատ ասում է, որ՝ ես հասկանում եմ, ինչո´ւ եք ինձ ընտրել: Ոչ թե անձ, այլ հնարավորություն:

– Պարո´ն Խզմալյան, «Ֆեյսբուքում» նման գրառում եք կատարել. «Կարելի է կանխատեսել, որ առաջիկա շաբաթ «Ժառանգության», ՀՅԴ և ՀԱԿ-ի պատգամավորները կլքեն Ազգային մկների ժողովը ի նշան բողոքի: Հնարավոր է, նրանց կմիանան մեկ-երկու պատգամավոր ԲՀԿ-ից: Դրանով իսկ կստեղծվի խորհրդարանական ճգնաժամ, որն է´լ ավելի է ծանրացնելու խունտայի վիճակը»: Նման զարգացո՞ւմ եք տեսնում:

– Տրամաբանական կլինի, որ մարդիկ, տեսնելով ժողովրդի ցասումը, կատարեն և մյուս քայլը` ֆորմալ քայլը, դուրս գան համակարգի ճիրաններից: «Ֆեյսբուքը», որտեղ գրառում եմ կատարել, անձնական օրագիր չէ, բոլորը գիտակցում են «Ֆեյսբուքի» կամ սոցիալական ցանցերի ուժը, հատկապես որ մենք գրեթե չունենք ազատ մամուլ: Դա համեստ խորհուրդ է, դա այն է, ինչ պետք է անել իմ կարծիքով, որովհետև պայքարը բազմաթիվ ճանապարհներով է գնալու:

– Նախախորհրդարանը հայտարարեց, որ միանում է շարժմանը, առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան:

– Մենք ժողովրդի ցանկությունն ենք սատարում: Մենք անընդհատ ընդգծում ենք, որ կլինենք այնտեղ այնքան ժամանակ, մինչև, մեր գնահատականներով, շարժումը կմնա համակարգի դեմ պայքար: Դա չի նշանակում, որ մենք չենք լինելու կամ տուն ենք գնալու: Ուղղակի մենք ընտրելու ենք պայքարի այլ ձևեր: Իմ խորին համոզմամբ՝ Րաֆֆին պետք է ճակատ ստեղծի: Հենց դրան ենք մենք պատրաստ: Ընդ որում, շատ կարևոր է, որ այդ ճակատը ոչ մի դեպքում չպետք է կազմված լինի համակարգի հետ գործարքներ անող և վարկաբեկված անձանցից կամ կուսակցություններից: Դա կլինի մեծագույն սխալ, ես հիմա նկատի չունեմ կոնկրետ կուսակցություն կամ կոնկրետ անձանց: Բայց մեզ համար պայքարն այսօր ոչ թե կուսակցական, այլ քաղաքացիական հասարակության մակարդակով պետք է ընթանա: Եվ մենք հորդորում ենք Րաֆֆիին` գնալ այս ճանապարհով, որտեղ մենք նրան կաջակցենք:

Մարի Ներսեսյան

© Medialab.am