«Փաշինյանի կառավարությունը լրիվ գտնվում է ՌԴ-ի վերահսկողության ներքո. որևէ ինքնուրույն քայլ նա իրեն թույլ տալ չի կարող». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը

-Պարոն Ղուկասյան, ՀԱՊԿ-ը, ըստ էության, մերժեց Հայաստանին՝ նշելով, որ Հայաստանի հարավում իրավիճակը չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մասին կանոնադրության դրույթներին և համարվում է «սահմանային միջադեպ»: Հայաստանի արձագանքը չուշացավ. մասնավորապես, ԱԽ քարտուղարը Զասի հետ հեռախոսազրույցում նշել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:

-Այդ ամբողջը գնահատում եմ որպես շոու, որի մասնակիցներն են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարությունները: Այդ շոուն ուղղված է մեր հանրությանը, որի նպատակն է պահել այդ լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում: Այն, որ այս իրավիճակը չի տեղավորվում ոչ մի ողջամիտ կանոնների մեջ, ակնհայտ է:

Երևում է, որ ակնհայտորեն, արհեստական ստեղծած լարվածություն է:

-Ինչի՞ կհանգեցնի այս իրավիճակը: ՀԱՊԿ-ի մերժումից հետո Հայաստանն արդեն կարո՞ղ է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որովհետև երեկվանից նաև այդ մասին էր խոսակցություն գնում:

-Նիկոլ Փաշինյանի կառավարությունը երբեք չի դիմի այնպիսի քայլերի, որոնք կարող են դուրս գալ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ նախապես պայմանավորված որոշումների շրջանակից: Եթե նույնիսկ այդպիսի քայլ արվի, այն արվելու է անկախ քաղաքականության իմիտացիա ստեղծելու նպատակով, այլ ոչ թե որևէ արդյունքի հասնելու համար:

Հայաստանում այսօր իշխող ուժը, կառավարությունը իր գլխավոր առաքելությունն է կատարում՝ սպասարկելով Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի կողմից տարածաշրջանում, իրենց կարծիքով՝ խաղաղություն հաստատելու գործընթացը: Դիմել ՄԱԿ՝ նշանակում է հակառակվել այդ գործընթացին:

– Այդ դեպքում ինչո՞ւ էր Ռուսաստանը սպասում այսքան ժամանակ և միայն ամիսներ անց Զասի շուրթերով արձագանքեց Հայաստանի դիմումին:

-Դա կապված էր ընտրությունների հետ, հարկավոր էր ահաբեկել մեր հասարակությանը, ցույց տալ, որ այս լարվածությունը սահմաններին վտանգ է, և նախապայմաններ ստեղծել, որ հանրության ոչ համարձակ հատվածը քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, որովհետև նա հանդես է գալիս Ադրբեջանի հետ «խաղաղություն» հաստատելու ծրագրով:

-Ի՞նչ եք կարծում, Հայաստանն իր արտաքին քաղաքականությունն այս փուլում դիվերսիֆիկացնելու շանս չունի՞:

-Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ի զորու չէ այդպիսի քաղաքականություն իրականացնելու: Նրա կառավարությունը 100 տոկոսով գտնվում է Ռուսաստանի ղեկավարության վերահսկողության ներքո: Որևէ ինքնուրույն քայլ նա չի կարող իրեն թույլ տալ և այդպիսի ցանկություն էլ չունի:

Նիկոլ Փաշինյանն իր առաքելությունը տեսնում է Ռուսաստանին հավատարիմ ծառայելու, տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի պայմաններով թվացյալ խաղաղություն հաստատելու մեջ, ինչը հայ ժողովրդի անվտանգությունն ամբողջությամբ կթողնի Ադրբեջանի և Թուրքիայի հայեցողությանը:

Մանե Հարությունյան

MediaLab.am