«Անմեղ մարդու դիակը տանը դրած՝ ուզում եք, որ ես ինտերվյո՞ւ տամ». Ռուբեն Հայրապետյան

«Անմեղ մարդու դիակը տանը դրած՝ ուզում եք, որ ես ինտերվյո՞ւ տամ». Ռուբեն Հայրապետյան
«Անմեղ մարդու դիակը տանը դրած՝ ուզում եք, որ ես ինտերվյո՞ւ տամ». Ռուբեն Հայրապետյան

Երեկ հիվանդանոցում դաժան ծեծից հետո մահացած Վահե Ավետյանի ողբերգական միջադեպի հետ կապված մեկնաբանություն է տվել ՀՀԿ պատգամավոր, «Հարսնաքար» ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Վահե Ավետյանը հունիսի 17-ին դաժան ծեծի էր ենթարկվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում՝ ռեստորանի անվտանգության աշխատակիցների կողմից:
Ծեծի հետեւանքով, 33-ամյա Ավետյանի ուղեղում առաջացել էր հեմատոմա, որի հետեւանքով գլխուղեղի մի կիսագունդը որոշ չափով տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ: Հունիսի 17-ին՝ ծեծից հետո, գիշերը 03:00-ին նա հոսպիտալ էր տեղափոխվել եւ ենթարկվել  գանգուղեղի վիրահատության: Երկրորդ վիրահատությունն էլ ոչինչ չէր փոխել եւ հնարավոր չէր եղել փրկել Ավետյանի կյանքը:

ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանը մահացել էր հունիսի 29-ի՝ երեկոյան:

Գործի կապակցությամբ ձերբակալվել էին 7 հոգի՝ ռեստորանային համալիրի 5 անվտանգության ծառայող, 1 մենեջեր եւ 1 մատուցող:

Tert.am-ից թղթակիցը կապվել է Հայրապետյանի հետ, սակայն նա հրաժարվել է հարցազրույց տալ եւ միայն սահմանափակվել է մի քանի խոսքերով:

«Ի՞նչ մեկնաբանեմ: Ինչպե՞ս մեկնաբանեմ: Անմեղ մարդու դիակը տանը դրած՝ ուզում եք, որ ես ինտերվյո՞ւ տամ: Ուզում եք ասեմ, որ բոլոր մեղավորները կպատժվե՞ն. իհարկե կպատժվեն, օրենքի ողջ խստությամբ կպատժվեն: Բայց ի՞նչ դրանից, կվերադարձնե՞նք Վահեին, իհարկե չենք կարող: Ի՞նչ պիտի ասեմ նրա ընտանիքին: Դուք չեք կարող պատկերացնել իմ ապրումները… Ի վիճակի չեմ խոսել, մի քանի օրից զանգեք»,-ասել է Հայրապետյանը:

© Medialab.am