Արցախում այսօր չկա այն ինտելեկտուալ միտքը, որը կնպաստի Արցախյան երկրորդ շարժում սկսելուն. Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը 

– Պարո՛ն Սահակյան, Ղարաբաղյան շարժման 35-ամյակն է այսօր։ 35 տարի անց ի՞նչ ունենք և ինչո՞ւ ունենք այն, ինչ ունենք այսօր։

– Շատ բան կա, որ մենք չգիտենք, թե ինչպես է տեղի ունեցել իրականում, որպեսզի հնարավոր լինի հստակ ասել, թե ինչու ունենք այսօրվա իրավիճակը։ Իրականում մենք ունենք լիքը զոհեր, կորսված հողատարածքներ, բայց մենք ունենք ձեռքբերում իրավունքի տեսքով, այսինքն՝ հայելային տարբերակն է Ադրբեջանի այն ժամանակ ունեցածի։

Ադրբեջանն ուներ կորցրած տարածքներ ու իրավունքներ, հիմա մենք ենք այդ վիճակում։ Ադրբեջանը, օրինակ՝ այդ 30 տարին ճիշտ օգտագործեց՝ բարձրացնելով իր կենսունակությունը ու միջազգային հարաբերություններում կարողացավ գտնել արդյունավետ գործընկերներ, որոնց միջոցով իր առջև դրված խնդիրները լուծել։

Հիմա նույն բանը մենք պետք է փորձենք անել․ մենք պետք է կենսունակ լինենք այն աստիճան, որ կարողանանք մեր ներքին ամենատարբեր հարցերը լուծել՝ սկսած արդարադատության համակարգից վերջացրած անվտանգության ոլորտով։ Մենք ունենք նաև շատ լուրջ բացթողումներ մեր քաղաքական ու հասարակական մտքի մեջ, որովհետև Հայաստանի քաղաքական հստակ օրակարգ չկա, մարդիկ չգիտեն՝ ինչ ենք մենք ուզում․ հիմա Արցախը Հայաստան է ու վե՞րջ, թե՞ չէ։

– Այսինքն՝ ունենք այս իրավիճակը, որովհետև անվտանգային, արդարադատության ու այլ ոլորտներում չե՞նք կարողացել հարցեր լուծել։

– Տեսեք՝ մենք ունեցել ենք կենսունակ լինելու բոլոր նախադրյալները, ուղղակի դրանց անփութորեն ենք վերաբերվել, մեր ունեցվածքը սպառել ենք, անընդհատ մաշել ենք՝ վրան ոչինչ չավելացնելով։ Մեր բոլոր ռեսուրսներն օգտագործել ենք այնպես, ինչպես մեր հանքերը։ Ի՞նչ ենք անում մեր հանքերի հետ, արդյունահանում ենք հանածոն, տանում դրսում էժան վաճառում ու վերջ, այսօր քեֆ արեցինք, վերջացավ գնաց, վաղն ի՛նչ կլինի՝ էական չէ։

Այդ նույն մտածողությամբ 30 տարի պետություն ենք կառավարել, հնարավոր ամեն ինչ վաճառել, ինչ-որ մեկի հովանու տակ լինել, իսկ թե վաղն ի՛նչ կլինի, դե՝ տեսնենք, այսինքն՝ կայուն բան ստեղծելու համար հիմքեր չեն դրվել, երկարաժամկետ պետական ռազմավարություն չենք ունեցել։

– Պարո՛ն Սահակյան, Արցախի շուրջ ստեղծված այս իրավիճակից հետո հաճախ են կարծիքներ հնչում, թե միակ ելքը երկրորդ Արցախյան շարժումն է։ Համակարծի՞ք եք, այս իրավիճակում որքանո՞վ եք հնարավոր համարում նման շարժման ձևավորումը։

– Ես չգիտեմ՝ հիմա Արցախում նման ինտելեկտուալ պոտենցիալ կա՞, թե՞ ոչ, որովհետև դա շատ կարևոր է, շարժումները հենց այնպես չեն լինում, դրանց հիմքում միտք պետք է լինի։ Օրինակ՝ Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի հայտարարություններում այդ միտքը տեսնո՞ւմ եք, չկա նման միտք։ Չի կարող այնտեղ նման միտք ծնվել, որը կբերի ձեր ասած Արցախյան երկրորդ շարժման, իսկ այդ մտքերը սովորաբար ծնվում են կառավարող շրջանակների կամ դրանց մերձ շրջանակների մոտ։

Իսկ այն կառավարող շրջանակը, որ հիմա Արցախում է, հիմնականում սպասարկում է ռուսական շահը, եթե անգամ ինչ-որ Արցախյան շարժում լինի, լինելու է ռուսական շահ սպասարկող Արցախյան շարժում։

Հիմա չպետք է կտրուկ քայլեր անել, երբ տեսնում ենք, որ միջազգային հարաբերություններում իրավիճակը կարծես մի փոքր բալանսավորվում է, Հայաստանն էլ անդունդում չէ: Մյունխենյան հանդիպումներին տեսանք, թե ինչ է տեղի ունենում, շեշտադրումներն են փոխվում։ Չպետք է ինչ-որ փրկիչների սպասել կամ գտնել, ընդամենը պետք է ամենօրյա քրտնաջան աշխատանք կատարել՝ յուրաքանչյուրս մեր տեղում։

– Այսինքն՝ Մյունխենի համաժողովից տպավորություն եք ստացել, որ Հայաստանն իր դիրքերը մի փոքր բարելավե՞լ է։

– Դե, եթե մի քիչ ավելի անկեղծ լինենք, ոչ թե մի փոքր, մի քիչ էլ ավելի է բարելավել, որովհետև եթե համեմատենք, օրինակ՝ Սոչիում տեղի ունեցող հանդիպումների հետ, երբ մեզ վերաբերվում էին պատերազմում պարտված կողմի, ապա այստեղ մենք նստած էինք հավասարը հավասարի կարգավիճակով։

Ամեն անգամ մի «ոչ» ասելու համար պետությունը պետք է ռեսուրս ունենա, ու ես կարծում եմ, որ այդ ռեսուրսները կամաց-կամաց ձևավորվում են, ու դա միայն նրա շնորհիվ է, որ մենք միայն Ռուսաստանի հետ չենք կապում մեր անվտանգությունը, այլ փորձում ենք այլընտրանքներ գտնել, իհարկե այլոց նախաձեռնությամբ, բայց ոչինչ, մերոնք կամաց-կամաց կսովորեն քաղաքականություն վարել։

– Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է սպասում Արցախի Հանրապետությանը, Հայաստանը դեռ մի կողմ թողնենք։

– Տեսեք՝ կան Արցախի ժողովուրդ ու Արցախի իշխանություններ, որոնք երկուսն էլ գործընթաց են տանում, ով հաղթեց՝ հաղթեց, չեմ կարող ասել՝ ո՛վ ավելի կենսունակ կլինի։

– Եթե հաղթում է Արցախի իշխանությունը՝ այդ դեպքում։

– Արցախում ռուսական ռազմական ներկայությունը դեռ երկար տարիներ մնալու է, իսկ դա նշանակում է, որ Արցախում ռուսական ազդեցությունն ավելի մեծ է լինելու, ինչի արդյունքում կամ հետևանքով Ռուսաստանն ազդեցություն է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի վրա, ու այդ կոնֆլիկտը՝ հայ-ադրբեջանական, դեռ երկար ծխալու է, ունենալու ենք զոհեր, կորուստներ, նաև ձեռքբերումներ, երբ դա պետք կլինի Ռուսաստանին իհարկե։

Եթե արցախյան հանրությունը հաղթի, ի վերջո գտնվելու է այն ճանապարհը, որով Արցախը միանալու է Մայր Հայաստանին, ու հենց դա է տրամաբանական զարգացումը, որովհետև նորմալ չէ, երբ միևնույն ժողովուրդը բաժանված է տարբեր պետությունների մեջ, այդ կերպ դու թուլացնում ես ուժերդ, պառակտում ես քեզ, խոցելի ես դարձնում թշնամիների մոտ։

Պետք է գտնենք այդ միացման ճանապարհը, թեև մեզ համոզում են, թե դա չի կարող լինել, բայց դրանք կեղծ պնդումներ են, ու մենք կկարողանանք գտնել այդ ճանապարհը, կմիավորվենք ու կդառնանք ավելի ուժեղ, մեծ ու ազդեցիկ հայկական գործոն, քան հիմա ենք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am