Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Ալյասկայում կայացած հանդիպումից հետո Մոսկվա-Վաշինգտոն բանակցություններում որևէ առաջընթաց չի արձանագրվել։ Ինչպես փոխանցում է РБК-ն, Պեսկովն այսպես է արձագանքել Axios-ի հրապարակմանը, որտեղ պնդվում էր, թե Ռուսաստանը և ԱՄՆ-ն գաղտնի բանակցում են Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու նոր ծրագրի շուրջ։
«Ոչ, առայժմ չկա որևէ զարգացում, որի մասին հնարավոր լիներ հայտնել», – նշել է Պեսկովը։
Լրագրողների ճշտող հարցին՝ արդյո՞ք նա պարզապես հրաժարվում է մեկնաբանել, թե՞ իրականում որևէ շարժ չկա, Պեսկովը պատասխանել է, որ օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Անքորիջում կայացած գագաթնաժողովից հետո «ոչ մի նոր տարր չի ի հայտ եկել»։
«Անքորիջում քննարկումներ են եղել, և այնտեղ քննարկվածից բացի այլ զարգացում չկա», – ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Axios-ը, հղում անելով ամերիկյան և ռուսական պաշտոնատար անձանց, ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը գաղտնի խորհրդակցություններ է վարում Մոսկվայի հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման նոր պլան մշակելու նպատակով։



















