«Արցախից եկած հղիների թիվը մեծ է». Ըստ բժիշկների կանխատեսումների՝ Արցախում «բեյբի բում» է սպասվում

Արցախում պատերազմի բռնկման հետևանքով Հայաստան տեղափոխված արցախցիներից ոմանց ընտանիքում երեխաներ են լույս աշխարհ գալիս այս օրերին։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արդեն լույս աշխարհ է եկել արցախցի 7 փոքրիկ՝ 6 տղա, 1 աղջիկ։ Օրերս սպասում են 8-րդ երեխայի ծնվելուն։ 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի ծննդատանը հոկտեմբերի 14-ին ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան՝ Արայիկը: Երեխայի մայրը` Անահիտը, հուզմունքով է հիշում, որ Ստեփանակերտից Երևան գալու ընթացքում հազիվ է հասցրել մի քանի անհրաժեշտ իր վերցնել։

Երևանում մայրը զարմանքով տեղեկացել է, որ ավագ որդին՝10-ամյա Սերգեյը, որը Արցախում շախմատի կրկնակի չեմպիոն է, իր հետ բերել է բոլոր դասագրքերը: Սերգեյի հորդորով էլ նորածին եղբորն անվանակոչել են Արցախի նախագահի անվամբ՝ Արայիկ: Նախքան պատերազմը որոշվել էր, որ երեխայի անունը պետք է Արեգ դրվեր։

Հինգ որդի և երկու դուստր ունեցող մայրիկի ցանկությունը մեկն է՝ շուտափույթ հաղթանակ և վերադարձ բնականոն կյանք:

«Մենք մեզ մոտ ունենք հաշվառված Արցախից եկած մոտ 30 հղի, որոնք գտնվում են հղիության տարբեր փուլերում։ Մեծ մասամբ տղաներ են ծնվել, և հղիների դեպքում ևս մեծ մասը տղա երեխա են լույս աշխարհ գալու»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ ծննդաբերող մայրերը բոլորը երիտասարդ են՝ մինչև 30 տարեկան։ Եվ ուրախալի փաստ է այն, որ նրանցից ոչ ոք առաջնածին չէ։

«Ունենք երեք և ավելի երեխաներ ունեցող մայրեր։ Եվ ունենք նաև 7 երեխա ունեցող մայրեր։ Օրերս կծննդաբերի կին, որի 8-րդ երեխան է ծնվելու։ Մայրերն իրենց բավական լավ են զգում, տրամադրությունները, կարելի է ասել, մարտական է»,- հավելում է Ծովինար Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ կան դեպքեր, երբ արցախցի կանայք ծննդաբերել են ժամկետից մի քանի շաբաթ շուտ։ Բժիշկները դա պայմանավորում են սթրեսայի իրավիճակով, որն առաջացել է պատերազմի հետևանքով։

«Բայց դա էական նշանակություն չի ունեցել ո՛չ երեխայի, ո՛չ էլ մոր առողջական վիճակի վրա։ Նրանք գիտակցված տանում են բոլոր դժվարությունները։ Եվ նրանց հիմնական ցանկությունն այն է, որ հաղթանակը շուտ լինի, իրենք վերադառնան իրենց տուն։ Փոքր երեխաներից շատերը դպրոց ու մանկապարտեզ են գնում, ասում են՝ օր առաջ ուզում են վերադառնալ Արցախ»,- ասում է նա։

Ծովինար Խաչատրյանի խոսքով՝ ծննդաբերած կանանց բոլորի ամուսինները Արցախում են, մի մասը՝ ռազմաճակատում։

Արցախից Հայաստան տեղափոխված հղի կանայք, բացի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, նաև այլ բուժհիմնարկներում էլ են գրանցված։ «Իրենց ցանկությամբ է, ով որտեղ ուզում է՝ այնտեղ ծննդաբերում է»,- նշում է նա։

Ծովինար Խաչատրյանի խոսքով՝ բժիշկներն ասում են, որ այս տարվա վերջին ու հաջորդ տարվա սկզբին Արցախում «բեյբի բում» է սպասվում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Հղիների հոսքը շատ է, ոմանք չեն գալիս հաշվառվելու, այլ խնդիրներով են դիմում հիվանդանոց, և տեսանելի է, որ Արցախից եկած հղիների թիվը մեծ է»,- ասում է Ծովինար Խաչատրյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am