ԱԺ քննիչ հանձնաժողովում մանրամասներ են ներկայացրել նախկին նախարարներ

Հունվարի 13-ին Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը, որին ներկա են եղել  պատգամավորներ ԱԺ բոլոր քաղաքական  ուժերից:

Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։

Հանձնաժողովականները  քննարկել ու լսել են  երկու գերատեսչությունների նախկին ղեկավարների  պարզաբանումները 2020-ի սեպտեմբերի 27-ին մեկնարկած  «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքից ստացված միջոցների ծախսման ուղղությունների վերաբերյալ:

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հանրային կառավարման ոլորտում կարեւորել է թափանցիկությունն  ու փաստել, որ ծախսերի, իրականացված ծրագրերի վերաբերյալ մտահոգություններն անհիմն են: Գերատեսչության նախկին ղեկավարը հավաստիացրել է, որ չի եղել որեւէ գործընթաց, որն իրականացվել է ՀՀ-ի տվյալ իրավիճակին հակընդդեմ: Արսեն Թորոսյանը շեշտել է, որ այդ ժամանակ իր գործառույթները հիմնականում եղել են ծրագրերի համակարգման տիրույթում: Եղել են նաեւ հստակ գործընթացներ, որոնք կատարվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած միջոցներով: Ռազմական դրության ժամանակ նախարարությունն աշխատել  է  երկու ուղղությամբ՝ պատերազմում վիրավորված զինծառայողների, քաղաքացիական անձանց բուժօգնության կազմակերպում եւ Արցախից տեղահանվածների ամենօրյա բուժսպասարկում:  Հիմնադրամի միջոցները ծառայել են վերոնշյալ գործընթացների կազմակերպմանը. նշել է Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ ընթացիկ   ծախսերի  նվազեցման եւ ավելացման հիմք է  հադիսացել պարբերաբար իրականացվող կարիքի ճշգրտումը: Արսեն Թորոսյանը վերահաստատել է, որ հավելյալ միջոցների տրամադրման  արդյունքում նախարարությունը կարողացել է ամբողջությամբ կատարել իր առջեւ դրված խնդիրները: Զուգահեռ սպասարկվել են նաեւ ՀՀ բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ պետտպատվերի շահառուները:

Հանձնաժողովականները հաջորդիվ լսել են նաեւ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Արծվիկ Մինասյանը մի քանի ճշտող հարց է ուղղել նախկին պաշտոնյային: Պատգամավորը հետաքրքրվել է,  թե արդյո՞ք Ատոմ Ջանջուղազյանը ներգրավված եղել է   հիմնադրամից միջոցների օգտագործման որոշման կայացման գործում, հաշվետվողականության եւ թափանցիկության ինչպիսի՞ մեխանիզմներ են ներդրվել: Ֆինանսների նախարարը վերահաստատել է իր ներգրաված լինելու փաստը եւ մանրամասն ներկայացրել ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերը, որոնք պետական բյուջե են փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Քննիչ հանձնաժողովը աշխատանքները կշարունակի հունվարի 14-ին: