Հավատում եմ, չեմ հավատում. Վերլուծաբանները` տարածքներ հանձնելու շուրջ հնչած հայտարարությունների մասին

Հավատում եմ, չեմ հավատում. Վերլուծաբանները` տարածքներ հանձնելու շուրջ հնչած հայտարարությունների մասին
Հավատում եմ, չեմ հավատում. Վերլուծաբանները` տարածքներ հանձնելու շուրջ հնչած հայտարարությունների մասին

Սանկտ-Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպման մանրամասների մասին հանրությունը շատ քիչ տեղեկություն ունի, և կան մի շարք իրադարձություններ, որոնք հարցեր են առաջացնում: Այս կարծիքին է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով այս  հանդիպման շուրջ ադրբեջանական կողմի տարածած լուրերին:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ սանկտպետերբուրգյան հանդիպման ժամանակ ձեռք է բերվել ԼՂ հակամարտությունը փուլային տարբերակով լուծելու պամանավորվածություն, որը ենթադրում է Ադրբեջանին հանձնել նախ հինգ շրջաներ, հետո ևս երկուսը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հերքել է այս տեղեկությունը՝ ասելով, որ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևիցե պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

«Այս փուլում Ադրբեջանը պետք է անվերապահորեն կատարի Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածությունները»,- հայտարարել է Նալբանդյանը:

Ստեփան Դանիելյանի խոսքով՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ են նման տեղեկություն տարածել արդբեջանցիները, ի՞նչ նպատակ դա ուներ, ստում են, թե՞ ժամանակից շուտ տեղեկություն են տարածքում՝ փորձելով ստուգել հայկական կողմի դիրքորոշումը:

«Մենք կարող ենք ուղղակի ենթադրություններ անել, որովհետև բանակցություններ եղել են փակ, ավելին, առանց օգնականների: Դա նշանակում է, որ ինչ-որ հարց է քննարկվել, որի մասին միայն իրենք պետք է տեղյակ լինեին: Այսինքն՝ մի քննարկում է եղել, որտեղ նույնիսկ օգնականներին չեն վստահել»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը:

Նա նկատում է, որ դրանից հետո Սերժ Սարգսյանը մեկնեց Արցախ, և լուր տարածվեց, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին կանչում են Մոսկվա՝ հանդիպման:

Սա, Դանիելյանի խոսքով, նշանակում է, որ ինչ-որ հարցի շուրջ քննարկում է ընթանում, ինչ-որ պայմանավորվածության մասին է խոսք գնում: Այս ամենին զուգահեռ, ըստ Ստեփան Դանիելյանի, տեղի ունեցավ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը, ով մինչ այդ հայտարարել էր, որ պատրաստ են վտանգել իրենց կյանքն ու հետ բերել կորցրած տարածքները:

Միաժամանակ, նա նկատում է, որ Կրեմլին շատ մոտ կանգնած մարդիկ շատ բացահայտ ու մանրակրկիտ ներկայացրել էին Կրեմլի ոչ պաշտոնական մոտեցումը, ըստ որի՝ 5 շրջան պետք է տրվի Ադրբեջանին, հետագայում՝ ևս երկու շրջան:

«Այսինքն՝ մենք ունենք միայն այս տվյալները և այս տվյալների հիման վրա կարող ենք ինչ-որ եզրակացություն անել: Եվ մենք ունենք նաև այլ տվյալ՝ բանակից եկող կասկածներ, որ ապրիլյան այդ քառօրյա պատերազմում կան բավական մութ կետեր և կան հիմքեր՝ ենթադրելու, որ այդ տարածքները զոհերով հանձնվել են»,- ասում է Ստեփան Դանիելյանը:

Այն, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն արդեն պաշտոնապես հերքել է Մամեդովին, Ստեփան Դանիելյանի խոսքով, արժանահավատ չէ, քանի որ Նալբանդյանը չի մասնակցել այդ  հանդիպմանը:

«Հանդիպմանը եղել են երեք նախագահներ՝ առանց օգնականների: Էդվարդ Նալբանդյանն ինքը չի մասնակցել հանդիպմանը, ինքը կարող է մեր պես ենթադրություններ անել կամ ասել այն, ինչ ասել է Սերժ Սարգսյանը: Հակառակ դեպքում թող արտգործնախարարները նույնպես մասնակցեին այդ հանդիպմանը: Տվյալ դեպքում Նալբանդյանի խոսքը որևէ կշիռ չունի»,- հավելում է Ստեփան Դանիելյանը:

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը չի կարծում, թե Սանկտ-Պետերբուրգում տարածքներ հանձնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

«Ադրբեջանական կողմի նման տիպի հայտարարությունները մենք բազմաթիվ անգամ լսել ենք: Բանակցային գործընթացի նման ակտիվ փուլերում մենք բազմիցս դրան ականատես ենք եղել: Ինչ վերաբերում է նրան, որ հայկական կողմը պետք է հինգ շրջան զիջի, հետո ևս երկու շրջան. Ինձ թվում է՝ պարոն Մամեդովը վատ երազ է տեսել, որովհետև մի քիչ պարզ չէ՝ իսկ հայակական կողմը հանուն ինչի դա պետք է զիջի»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի արտգործնախարարի հերքումը գալիս է լրացնելու արդրբեջանական կողմի այդ աբսուրդ հայտարարությունը:

Ռուբեն Մեհրաբյանը նշում է, որ բացառում է տարածքների հանձնման մասին պայմանավորվածությունը շատ պարզ պատճառով՝ առաջինը Մամեդովի ասածը միանգամայն զուրկ է տրամաբանությունից:

«Երկրորդը, այն, որ մեր իշխանությունների հետ կապված մենք կարող ենք շատ դժգոհություններ ունենալ և միանգամայն տեղին, ես կիսում եմ այդ դժգոհություները, բայց մի բանում ես չեմ կարող մեղադրել մեր իշխանություններին, առ այն, որ նրանք ինքնասպան են: Այն, ինչ ասում է Մամեդովը, դա խոսում է միակողմանի զիջման մասին, իսկ միակողմանի զիջման գնացող ցանկացած իշխանություն դա ինքնասպան իշխանություն է»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am