Հայաստանում կանանց տնտեսական հզորացմանը նպաստելու նպատակով մեկնարկում է կանանց մասնագիտական ուսուցման ծրագիր

Հայաստանում կանանց տնտեսական հզորացմանը նպաստելու, ինչպես նաև հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում վերջիններիս ակտիվ ներգրավվածությունն ապահովելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ ջանքերով մեկնարկում է «Platform #5» կանանց մասնագիտական ուսուցման ծրագիրը։Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։

Ծրագրի շրջանակում հնարավորություն է տրվում աշխատաշուկայից դուրս մնացած կանանց թվային մարքեթինգի ոլորտում ձեռք բերել նոր հմտություններ և արժանապատիվ աշխատանքի հեռանկար ունենալ:

Ըստ այդմ՝ ծրագրի շահառու կարող են լինել այն կանայք, ովքեր կբավարարեն հետևյալ չափորոշիչներից որևէ մեկին՝

ընդգրկված են ընտանեկան կամ սոցիալական նպաստի համակարգում,

գործազուրկ են (չեն աշխատել ծրագրին դիմելուց առնվազն 3 ամիս առաջ),

ենթարկվել են թրաֆիքինգի, ընտանեկան բռնության կամ շահագործման,

հաշմանդամ երեխա կարգավիճակ ունեցող կամ հաշմանդամություն ունեցող չափահաս անձանց խնամակալ են,

երեք և ավելի երեխա ունեցող մայր են:

Միջոցառման գործընկերն է «Սովորիր Օնլայն» առցանց հարթակը, որի կողմից տրամադրվող թվային մարքեթինգի դասընթացները ներառելու են ավելի քան 40 վիդեոդաս, 500-ից ավելի օնլայն թեստ, խմբային աշխատանքների հնարավորություններ և կարիերայի խորհրդատվություն:

Այս պահին ծրագիրը մասնակիցների հավաքագրման փուլում է․ առաջին փուլն անվճար է սահմանված չափանիշներին բավարարող բոլոր անձանց համար, իսկ երկրորդ փուլն անվճար կլինի միայն առավելագույն միավորներ ստացած 250 մասնակցի համար: Դասընթացների ավարտին վերջիններս կունենան պրակտիկա անցնելու հնարավորություն, ինչպես նաև աջակցություն` աշխատանք գտնելու հարցում:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ունենալ`

սմարթ հեռախոս` համացանցին հասանելիությամբ,

համակարգչի հասանելիություն,

բազային թվային գրագիտություն, այդ թվում` սոցիալական հարթակներից օգտվելու կարողություն:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է այցելել «Սովորիր Օնլայն» առցանց հարթակ հետևյալ հասցեով` https://sovorir.online/platform5:

📞 Ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար գործում է հետևյալ հեռախոսահամարը` +374 43 50 29 34: