Արմեն Աշոտյանը նենգափոխում է Գայանե Աբրահամյանի խոսքը

Արմեն Աշոտյանը նենգափոխում է Գայանե Աբրահամյանի խոսքը
Արմեն Աշոտյանը նենգափոխում է Գայանե Աբրահամյանի խոսքը

ՀՀԿ փոխնախագահը նենգափոխել է «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորի խոսքերը՝ շահարկելով պետական համակարգում ծառայած պաշտոնյաների անունները։

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, մարտի 22-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակխոսելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանի մասին, ասել էր, որ նա «տարիներ շարունակ, ըստ էության, ամբողջությամբ ծառայել է Հանրապետական կուսակցությանը՝ լինելով նաև կուսակցության անդամ»։

ԱԺ պատգամավորը դիմելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին, մասնավորապես, մտահոգություն էր հայտնել նախարարության գործունեության արդյունքների մասին անբավարար իրազեկման կապակցությամբ։

Աննա Օհանյանը, ի պատասխան այս թեմայի շուրջ առաջացած խոսակցություններին,հաստատել է, որ եղել է ՀՀԿ անդամ, սակայն սառեցրել է կուսակցության անդամակցությունը, «քանի որ այո, քաղաքական և մասնագիտական առումով դա կոռեկտ չէր լինի»։

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իր հերթին անդրադառնալով թեմային, ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ըստ Գայանե Աբրահամյանի տրամաբանության, ներկայիս կառավարության վեց նախարարներ ևս աշխատել են «ՀՀԿ-ի համար»։ Աշոտյանի խոսքով, նրանք են արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նկատենք, սակայն, որ այս վեց նախարարներից ոչ մեկը չի եղել ՀՀԿ անդամ: Նրանցից միակը, որը ուղիղ կապ է ունեցել Հանրապետական կուսակցության հետ, Ֆելիքս Ցոլակյանն է։ Վերջինս, անկուսակցական լինելով, անդամակցել է Ազգային Ժողովում ՀՀԿ խմբակցությանը։

Աշոտյանը, փաստորեն, նենգափոխել է Աբրահամյանի խոսքերը, քանի որ վերջինս նկատի է ունեցել է ոչ թե ՀՀԿ իշխանության ժամանակ պետական պաշտոններ զբաղեցնելը, այլ կուսակցության անդամ լինելը։

Աղբուրը՝ www.Fip.am