Ավելի քան տասը ժամ գերությունից հետո հայ զինծառայողն արդեն հայրենի գյուղում է․ Ազատություն

Գորիսի Սև լճի տարածքից գերեվարված պայմանագրային զինծառայող Արթուր Քաթանյանն այսօր ժամեր առաջ հասել է հայրենի Ակներ գյուղ, հայտնում է Ազատությունը։

«Հասավ, 5 րոպե առաջ տեսանք, լրիվ նորմալ, լրիվ տեղը տեղին», – ասում է Ակներ համայնքի ղեկավար Սպարտակ Մինասյանը:

Արթուրն արդեն տանն էր՝ հարազատների հետ, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ադրբեջանական կողմում ավելի քան տասը ժամ է անցկացրել, իր նկատմամբ որևէ բռնություն չի եղել. «Նորմալ ա եղել, ոչ մի բան չի եղել»:

25-ամյա պայմանագրային զինծառայողը երեկ մոլորվել էր մառախուղի պատճառով ու հայտնվել Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքում։ Բաքվից սկզբում այս միջադեպը ներկայացրին որպես դիվերսիոն ականապատող խմբի ներթափանցման փորձ, Արթուրին ՝ դիվերսանտ։ Ժամեր անց հայտնեցին, թե հավելյալ քննություն են արել ու պարզել, որ զինծառայողն իսկապես մոլորվել է՝ կվերադարձվի հայկական կողմին

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը չի հանգուցալուծվում՝ Սյունիքի Սև լճի տարածքում, Վերիշենում, Խոզնավարում, Արավուսում՝ Վարդենիսի տարածաշրջանի գյուղերում ծանր սպասողական վիճակ է՝ երբ ադրբեջանական զորքը կհեռանա Հայաստանի տարածքից: Ադրբեջանցիներն այնքան մոտ են դիրքավորվել, որ միջադեպերն անպակաս են՝ ծեծկռտուքներից մինչև անասնագողության դեպքեր: «Դե ասել են` հլը բանակցություններն ընթանում են, կարող ա վերադարձնեն, եթե հանկարծ չվերադարձնեն, արդեն պետությունը գնահատում ա, վճարում էլի», – ասում է Կութ համայնքի բնակիչ Գայանե Վերդյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում