ԵԱՍՄ համայնքային հիմնարկի աշխատակիցներին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի երկու տղամարդ աշխատակիցների դանակահարման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (Զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Այդ մասին ասված է ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի Ֆեյսբուքի էջում:

«Իրականացվում է նախաքննություն, կատարվել են առաջնային անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հանցանքն առերևույթ կատարած անձի ինքնության վերաբերյալ առկա է օպերատիվ տեղեկատվություն։

Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն հանցանքն առերևույթ կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ։