Ադրբեջանում բանտարկված յոթ ակտիվիստներ նամակ են հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ հուլիսի 1–2-ին Բաքու նախատեսվող այցից առաջ՝ կոչ անելով Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկումներում մարդու իրավունքների հարցը պահել օրակարգի կենտրոնում։
OC Media-ի փոխանցմամբ՝ նամակը ստորագրել են Բաքվի թիվ 6 քրեակատարողական հիմնարկում պահվող Բախտիյար Հաջիևը, Փյունհան Քերիմլին, մեդիամենեջեր Մոհամմեդ Քեքալովը, ինչպես նաև Ջամիլ Գուլիևը, Անար Հասանովը, Յաշար Աղազադեն և Գյունդուզ Միրզոևը։
Ակտիվիստները հույս են հայտնել, որ Եվրամիությունը կբարձրացնի Ադրբեջանում բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը և կաջակցի քաղաքացիական ու քաղաքական ազատությունների ընդլայնմանն ուղղված քայլերին։
Նրանք նաև առաջարկել են այցի օրակարգում ներառել հանդիպումներ անկախ լրագրողների, բլոգերների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք, ըստ նամակի հեղինակների, շարունակում են աշխատել ծանր պայմաններում։
Ակտիվիստների համոզմամբ՝ նման հանդիպումները կհաստատեն, որ Եվրամիության համար Ադրբեջանի հետ գործընկերությունը միայն տնտեսական համագործակցությամբ չի սահմանափակվում, այլ նաև հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության արժեքների վրա։
Նույն ընթացքում Եվրոպայում ադրբեջանցի քաղաքական էմիգրանտների համակարգող կենտրոնն առանձին դիմում է հղել ֆոն դեր Լայենին՝ կոչ անելով Բաքվի հետ բանակցությունների օրակարգում ներառել քաղբանտարկյալների, մամուլի ազատության և քաղաքացիական հասարակության վիճակի հարցերը։ Դիմումի հեղինակները նշել են, որ Ադրբեջանի կարևորությունը ԵՄ-ի համար՝ էներգետիկայի և Միջին միջանցքի համատեքստում, չպետք է ստվերի մարդու իրավունքների իրավիճակը։



















