«Կան դրական ազդակներ, որ նոր պատերազմի վտանգը վանենք մեզանից». իրանագետ

Թեհրանում հուլիսի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումները, իրանագետ Տիգրան Դավուդյանի պնդմամբ՝ «նվիրված չէին Հայաստանին»:

«Այդ հանդիպումները, անշուշտ, նվիրված չէին Հայաստանին և հայկական հարցերին: Օրակարգային հիմնական հարցը Սիրիայի խնդիրն էր: Իրանական մամուլին էլ եմ հետևել, եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի մասին քննարկում չի եղել, միայն սահմանային հարցի վերաբերյալ էր հնչել այդ հայտարարությունը»,-«Մեդիալաբի» հետ զրույցում ասում է իրանագետը:

Տարածաշրջանի երեք գերտերությունների ղեկավարները, նրա խոսքով, մինչև հիմա նույն օրակարգով արդեն 6 հանդիպում են ունեցել, և Թեհրանում կայացած հանդիպումը յոթերորդն էր:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպման արդյունքներով ընդունվել էր հայտարարություն՝ սիրիական կարգավորման վերաբերյալ: Այս առաջնորդները եռակողմ հանդիպումը որակել են կառուցողական, իսկ արդեն երկկողմ հանդիպումների ընթացքում շոշափվել է նաև հայկական հարցը:

Դավուդյանը Թեհրանի հանդիպման նկատմամբ հայաստանյան, ինչպես նաև միջազգային հանրության հետաքրքրությունը պայմանավորում է մի քանի գործոններով: Նախ՝ նա մատնանշում է մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Իսրայել, Պաղեստին, Սաուդյան Արաբիա, որի նպատակն էր Իրանի նկատմամբ մեծացնել ճնշումները: Բացի այդ, ըստ Դավուդյանի, նախորդ տասն օրերի ընթացքում Հայաստան են ժամանել երեք երկրների՝ Իրանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի անվտանգության, հատուկ ծառայության մարմինների ղեկավարները: Իսկ երրորդ գործոնը, ըստ իրանագետի, Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններն են, որոնք խոչընդոտել կամ առկախել են Իրանի դեմ պատժամիջոցների վերացման մասին բանակցությունների ընթացքը:

«Թեհրանում երեկ կայացած հանդիպումների ժամանակ ուշագրավն այն էր, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի նախագահին հատուկ ընդգծեց, որ Իրանը սահմանային որևէ փոփոխություն չի հանդուրժելու իր հյուսիսային սահմանին, այսինքն՝ Իրան-Հայաստան սահմանը պետք է կանգուն մնա»,- ասում է Դավուդյանը:

Հարցին, թե չափազանցվա՞ծ է համարում այն հայտարարությունները, որ Իրանում վճռվում է Հայաստանի ճակատագիրը, իրանագետն արձագանքում է. «Այո՛, անշուշտ: Մենք՝ հայերս, միշտ մտածում ենք, թե աշխարհի մեծերը այլ հոգս չունեն, բացի մեզանից, բայց իրականությունն այդպես չէ: Պետք է նկատի ունենալ, որ Թուրքիան ամիսներ է՝ սպառնում է, թե կհարձակվի Սիրիայի հյուսիսային շրջանների վրա և իբր թե փորձում է աշխարհի մյուս պետությունների համաձայնությունն ստանալ: Իսկ Սիրիայում, գիտեք, հիմնական խաղացողները նաև Ռուսաստանն ու Իրանն են: Իրանի առաջնորդը կտրուկ կերպով Թուրքիայի նախագահին հասկացրեց, որ նոր ռազմական գործողություններ, հարձակումներ Սիրիայում չլինեն»:
Դավուդյանն ասում է՝ Իրանի դիրքորոշումը և՛ 44-օրյա պատերազմի օրերին, և՛ դրանից հետո, և՛ հիմա մնում է նույնը՝ Իրանը չի ընդունում «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր գոյությունը և պնդում է, որ հայ-իրանական սահմանը պետք է մնա անձեռնմխելի:

«Իրանի և՛ նախկին արտգործնախարարը, և՛ ընտրություններից հետո գործող արտգործնախարարը բազմիցս ասել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի Իսլամական Հանրապետության համար կարմիր գիծ է: Այդ երկիրը քանիցս շեշտել է, որ չեն հանդուրժելու Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում: Եվ շատ լավ է, որ Իրանի հոգևոր առաջնորդը երեկ դա շեշտեց»,- նշում է Տիգրան Դավուդյանը:

Նա կարծում է, որ նման հայտարարություններն ու դիրքորոշումը, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը և Ադրբեջանի իշխանությունների հետ պարբերական հանդիպումները կառկախեն պատերազմի հնարավորությունը:

«Ամեն մի էդպիսի դրական քայլ դրական ազդակներ են, որ նոր պատերազմի վտանգը վանենք մեզանից»,- ասում է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am