«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի քառօրյա նիստերին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ «Ես կարծում եմ՝ մենք, հետևելով Տարոն Մարգարյանի հորդորին․ չենք մասնակցի նիստերին։ Պաշտոնական հաղորդագրությունը կլինի վաղը»,- նշեց Խամոյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ քառօրյա նիստերում քննարկվելու է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին և ՔՊ խմբակցությունը լքած անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Տարոն Մարգարյանը գրառում է կատարել՝ նշելով, որ իր դեմ հարուցված քրեական գործը համարում է շինծու ու կոչ է արել «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններին չմասնակցել նիստերին։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Factor.am-ի հետ զրույցում չհայտնեց, թե ինչ որոշում ունի խմբակցությունը՝ նշելով, որ շուտով հայտարարություն կտարածեն։
Հիշեցնենք նաև, որ Տարոն Մարգարյանին առաջադրվել է մեղադրանք, ըստ որի վերջինս չարաշահել է իր լիազորությունները։



















