Թեեւ խնդիրը քաղաքապետարանի ուղիղ լիազորությունների շրջանակում չէ, հեղեղատար համակարգերի հարցով մեր մասնագետները պարբերաբար զբաղվում են․ Հակոբ Կարապետյան

Հեղինակ MediaLab

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Քաղաքի հեղեղատար համակարգի խնդիրը բացվեց հերթական անգամ: Հեղեղատար համակարգերի գլոբալ խնդրի մասին կխոսեմ վերջում, բայց նախ ասեմ, որ Երեւան քաղաքի հեղեղատար համակարգերի շահագործումը, պահպանումը եւ սպասարկումը, դեռ 2006-ից, պայմանագրով իրագործում է «Վեոլիա գրուպ» ընկերությունը:

Երեւանի քաղաքապետարանը պայմանագրի կողմ չէ. պայմանագրի կատարման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն:

Այնուհանդերձ, քանի որ սա քաղաքային ենթակառույց է եւ սրա անխափանության հարցը անմիջականորեն վերաբերում է քաղաքի բնակիչներին, Երեւանի քաղաքապետարանը որոշակի գործառույթ իրականացնում է. մասնավորապես, կոմունալ ծառայության աշխատակիցները պարբերաբար իրենց ուսումնասիրությունների արդյունքում առաջարկներ են ներկայացնում Վեոլիային, խնդիրների դեպքում օգնում են դրանց հետեւանքների վերացման գործում:

Ինչպես, օրինակ, երեկ, երբ մեր կոմունալի աշխատակիցների օգնությամբ խցանումից մաքրվել են նախագահական նստավայրի տարածքի անձրեւատար ուղիները:

Քաղաքապետարանի առաջարկությամբ նաեւ նոր հեղեղատարներ են կառուցվում, եւ եթե նկատել եք, մի քանի թունելներում, որտեղ տարիներ առաջ պարբերաբար ջուր էր կուտակվում, երեկվա անձրեւը խնդիր չի առաջացրել:

Ինչ վերաբերում է հեղեղատար համակարգի անկատարության խնդրին ընդհանրապես, պետք է նշել, որ անցած տասնամյակների ինտենսիվ ու հաճախ չնորմավորված կառուցապատումը եւս իր զգալի ազդեցությունը թողել է: Օրինակ, Պռոշյան փողոցի անձրեւային հոսքերը, որոնք ժամանակին լցվում էին Հրազդանի ձորն ու խառնվում գետի ջրերին, այժմ «բախվում են» ձորի երկայնքով կառուցված օբյեկտների պարիսպներին ու շարունակում են իրենց ճանապարհը Պռոշյանն ի վար՝ դեպի Լուսավորիչ ու Արշակունյաց պողոտա:

Կամ, հենց երեկվա ամենադիտարժան դեպքը՝ Բաղրամյան 26-ի գարաժների հեղեղը, թերեւս չէր լինի, եթե վերեւում գտնվող Անտառային փողոցի կառուցապատման ընթացքում մանրամասն հաշվի առնվեին կառուցապատման ազդեցությունները, նախագծվեին անհրաժեշտ ենթակառույցները եւ այլն:

Ամեն դեպքում, կրկնեմ, թեեւ խնդիրը քաղաքապետարանի ուղիղ լիազորությունների շրջանակում չէ, հեղեղատար համակարգերի հարցով մներ մասնագետները պարբերաբար զբաղվում են։»