Ոստիկանը, գողականն ու օրենքը

Վահրամ Թոքմաջյան
Հեղինակ MediaLab

Ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացրեց Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը: Այդ լրացումներն առնչվում էին քրեական ենթամշակույթին (նախորդ հոդվածներից մեկում անդրադարձել եմ, թե ինչու է սխալ կիրառել «ենթամշակույթ» տերմինը):

Իշխանությունը բերեց իր փաստարկները, ընդդիմությունը հակադարձեց: Լսեցինք երկու կողմերին: Լրացումներն ընդունվեցին, բայց սայլը շարունակում է տեղում ճռռալ՝ սելվոր չունի:

Ավելի շուտ, այս հակամշակույթի սայլը ոչ թե տեղում ճռռում է, այլ ճիշտ հակառակը: Պետական հոգածության, պետական պատասխանատվության մասով այն նահանջում է, իսկ այ հակամշակույթի մասով՝ բարգավաճում:

Ինչո՞ւ է այսպես:

Պատճառներն ավելի խորքային են, քան ընդամենն ինչ-որ օրենքում լրացում կամ փոփոխություն կատարելը: Մեր միջավայրը, մշակույթն է հիմնովին քրեականացված, հարգելի ընթերցող: Օրինակ՝ ինձնից սարսափելի ջանքեր են պահանջվում, որ առօրյա խոսույթում չկիրառեմ այն բառապաշարը, որը վաղուց նստած է մեր խոսքի մեջ:

Դրա դեմ, իրականության դեմ մենք վաղուց չենք պայքարել: Չենք պայքարել անհատական մակարդակում՝ միախառնվել ենք կամ վախեցել, չենք պայքարել թաղի, համայնքի պարագայում՝ տուրք ենք տվել ու ենթարկվել, չենք պայքարել պետական մակարդակում, որովհետև իշխանությունն է եղել միահյուսված: Իսկ պայքարողներին դեռ հետախուզում ենք:

Հիմա, թվում է թե, պատեհ առիթ է երկու տարի առաջ տեղի ունեցածը տեղայնացնելու ու փոխելու հանրային կյանքի բոլոր ոլորտները, փոխելու մտածողության ձևերը, փոխելու դեռահասի ընկալումները:

Դեռահաս: Այս սուբյեկտն ընկած է պատմության ողջ առանցքում: Ցանկացած օրգանիզմ, այդ թվում՝ քրեականը, եթե չունենա սնուցվող շղթա, կդադարի գոյություն ունենալուց: Սակայն այն այսօր ավելի քան ունի սնուցվող շղթա, ավելի քան ունի գործելու, վերարտադրելու, զարգանալու, խժռելու պարարտ դաշտ:

Դեռահասին հերոս է պետք: Ցավոք, տարիներ շարունակ աշխատող, գլուխը կախ իր գործին նայող մարդը, որը վնաս չի տալիս ուրիշին, արժեզրկվել է:

Տարիներ շարունակ որոշ շրջանակների կողմից այդ մարդը հորջորջվել է հարիֆ: Տարիներ շարունակ «ճշտի օֆիսը» եղել է ոչ թե արդարադատության համակարգում, ոստիկանությունում կամ այլ իրավապահ օղակում, այլ՝ հարց լուծողի մոտ: Մարդը վաղուց կորցրել է իր հավատն այդ համակարգերի նկատմամբ:

Համակարգերն էլ առանձնապես իրենց նեղություն չեն տալիս վերափոխվելու, վերականգնելու հավատը: Կոմֆորտ է: Ապրում են սերտաճած: Բամփող չկա, որ փոխվեն:

Մեկ, երկու, տասը, հարյուր կամ հազար արդար ոստիկանով կամ իրավապահ համակարգի ներկայացուցիչով մշակույթ չես փոխի, ամբողջ համակարգը չես փոխի: Առողջ մշակույթը, եթե կուզեք, բամփելով ու ստիպելով ներարկել է պետք:

Պորտաբույծը, հորինած ճշտերի աշխարհում ապրողը, ուրիշի ստեղծած բարիքը վերացնողը ինքնակամ չեն փոխվելու, հաջորդ օրն իսկ լավը չեն դառնալու: Նրան լավը դարձնող այլ՝ ուժեղ ձեռք է պետք, այլ՝ գիտակցված մեխանիզմ: Այդ պայքարը չի սկսվել մեկ օրում և չի ավարտվելու մեկ տարում: Բայց որպեսզի արդյունք ունենանք, կարիք ունենք ինչ-որ բան սկսելու:

Սկսելու եթերից, մանկապարտեզից, դպրոցից, իրավապահ համակարգից, երգից, խոսքից, բառից ու բանից, ամենաստորին օղակից մինչև ամենավերինը: Դրա համար անհրաժեշտ է պետական հայեցակարգ, մանրակրկիտ մշակված փիլիսոփայություն: Չունենք ու մշակելու կարողություններ ունեցող մարդիկ էլ չունենք տեղերում:

Քայլեք խոշոր քաղաքների փողոցներով, տարբեր զանգվածներով ու կտեսնենք «13-րդ ռայոնին» բնորոշ վիճակ: Գույնը, խոսույթը, լոճվածությունը, ամեն օր նոր մարդկանց ներառելը կամ ճակատագրեր խեղելը դառնում են ահագնացող: Բնավ կարիք չունեմ գույները խտացնելու:

Փաստն եմ արձանագրում: Տխուր փաստը: Ամեն երրորդ դեռահասի մոտ այսօր կարող ես հայտնաբերել դիմացինի կյանքը խլելու, դիմացինին վնասելու ինչ-որ գործիք: Դեռահասն արդեն կերել է այդ հակամշակույթը: Նա արդեն արյունով դրա կրողն է: «Ես կանոններով չեմ աբրըմ»: Դիմացինի կյանք խլելու պատրաստ ու դա իրագործող դեռահասները, երիտասարդներն ամենուր են: Մեր ուղնուծուծը քրեականացված է: 

Իսկ ի՞նչ են անում պատկան մարմիններն այս ամենի դեմ պայքարելու փոխարեն: Նրանք չեն գիտակցում կամ ունակ չեն գիտակցելու, որ ասֆալտին փռելով, քաղմասում երկու օր պահելով նոր հերոսներ են ստեղծում այդ դեռահասների համար: Քրեական հերոսներ:

Նրանց ապացուցում են դեռահասներին, որ այդ հերոսները ճիշտ են, ուժեղ են, իսկ ոստիկանությունը թույլ է, անկարող: Ժամ առաջ պետք է հրաժարվել այս գործելաոճից:

Պետք է լծվել համակարգն իրական պրոֆեսիոնալ դարձնելու գործին: Պետք է համակարգից դուրս շպրտել բոլոր այն անձանց, որոնք անպատվում են ուսադիրը: «Արա, հորս արև, ինձ բոզի տե՞ղ ես դրե:

Պռոստո գործ չկա, աբրըմ ենք, պագոններիս չխաբնվես». այս մտածողության կրողները տեղ չունեն համակարգում: Քրեականից վախեցող իրավապահն ավելի մեծ չարիք է, քան հենց քրեականը…

Հ. Գ. Էս հոդվածը թողնենք անավարտ՝ հետագայում վերադառնալու ակնկալիքով:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am