Ադրբեջանական կողմը կրակ է բացել Ասկերանի շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 15- ին ժամը 10։00-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Այս կերպ Ադրբեջանի Պն- ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ. հուլիսի 15-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-նշված է հաղորդագրության մեջ։