«Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Հեղինակ MediaLab

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Երևան» ջրօգտագործողների ընկերությանը 2017թ. միավորված «Մասիս» ջրօգտագործողների ընկերությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ընկերության նախկին տնօրենը, 2003թ. մարտից մինչև 2011թ. դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով վերոհիշյալ ընկերությունում՝ նախ վարչական խորհրդի նախագահի, ապա՝ գործադիր տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 611.072.640 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, ինչպես նաև խմբի կազմում թե անձամբ կեղծել, թե դրդել է խմբին կեղծել պատասխանատվությունից ազատող պաշտոնեական փաստաթղթեր:

Մասնավորապես պարզվել է, որ հանդիսանալով ՋՕ ընկերության վարչական խորհրդի նախագահ՝ 2003թ. սեպտեմբերի 20-ին ընկերության անունից «Պետական ոռոգման համակարգերը ՋՕ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու մասին պայմանագիր» է կնքել ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ, որի համաձայն՝ որպես ընդհանուր 207.324.794 ՀՀ դրամ արժողությամբ «Մասիս» ջրհան պոմպակայանի բաղկացուցիչ մաս, ի թիվս մի շարք հիմնական միջոցների, ՋՕ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է ընդհանուր 134.062.500 ՀՀ դրամ սկզբնական հաշվապահական արժեքով պետական սեփականություն հանդիսացող շուրջ 8 կիլոմետր երկարությամբ ոռոգման ճնշումային խողովակաշարը:

Այնուհետև, վերջինս, զբաղեցնելով նույն ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, ունենալով ոռոգման համակարգերի շահագործման և պահպանման ապահովման պարտականություն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իրեն վստահված՝ պետական սեփականությունը հանդիսացող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության միասնական դիտավորությամբ, 2006-2010թթ. ընթացքում՝ մաս-մաս, չպարզված անձանց միջոցով և տեխնիկայի կիրառմամբ, ապամոնտաժել և վատնման եղանակով հափշտակել է  Արարատի մարզի Նիզամի համայնքում գտնվող «Մասիս» ջրհան պոմպակայանից դեպի նույն մարզի Այնթապ համայնք անցնող, առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 611.072.640 ՀՀ դրամ շուկայական արժեքով իրեն վստահված վերը նշված ոռոգման ճնշումային խողովակաշարը:

Բացի այդ, պաշտոնից բխող իր հեղինակության օգտագործմամբ՝ համոզելու եղանակով դրդել է իր հրամանով ձևավորված հանձնաժողովի անդամներին, որպեսզի վերջիններս փաստացի չկատարեն հիմնական միջոցների տարեկան գույքագրում՝ հայտնելով, որ այդ միջոցներն առկա են և գտնվում են իրենց տեղում: Նրանք, գործելով նախնական համաձայնությամբ խմբի կազմում, հիմնական միջոցների գույքագրման ցուցակում մտցրել են իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբրև 2011թ. դեկտեմբերին կատարել են գույքագրում՝ փաստելով բոլոր հիմնական միջոցների, այդ թվում՝ վերը նշված հափշտակված խողովակաշարի առկայությունը:

Բացի այդ, նույնաբովանդակ կեղծ տեղեկատվություն է մտցվել նաև 2011թ. դեկտեմբերին նոր տնօրենի ընտրվելու կապակցությամբ անցկացված հիմնական միջոցների հանձնման-ընդունման ակտում, որտեղ նշվել է, թե իբրև բոլոր հիմնական միջոցները՝ այդ թվում վերը նշված հափշտակված խողովակաշարն առկա են:

Կազմված կեղծ գույքագրման ցուցակն ու հանձնման-ընդունման ակտը տնօրենի և հանձնաժողովի անդամների կողմից ստորագրվել և հանձնվել են ընկերության հաշվապահություն: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով, 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նշված դրվագով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազին:

Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։