Մեկը երկու դարձնենք. Արսեն Ղազարյանի կոչը գործարարներին՝ միանալու զինծառայողների հիմնադրամի ծրագրին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը գործարարներին կոչ է անում միանալ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի «Մեկը երկու դարձնենք» ծրագրին։ «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը:

«Հայկական բանակը, հայորդի ռազմիկը օր-օրի հարստացնում են հայոց ռազմական պատմության փառապանծ էջերը, նվիրվածության, խիզախության, հերոսության անհավանական դրսևորումներ ցուցաբերում մարտի դաշտում, իրենց  անձնվիրությամբ պաշտպանում Արցախ ու Հայաստան աշխարհների սահմանները, կերտում վաղվա հաղթանակի,  խաղաղ ու լուսավոր կյանքի հիմքերը։  Ավաղ, հերոսական ու հաղթական նվաճումներն ուղեկցվում են նաև ցավագին կորուստներով, քաջարի շատ հերոսներ մարտիրոսանում են՝ բոլորիս վրա թողնելով իրենց արած գործը շարունակելու պարտավորությունը, Հայրենիքը պաշտպանելու, ապրեցնելու  ու հզորացնելու առաքելությունը։ Երախտագիտությունս հայտնելով հայ գործարարությանը՝ մինչ օրս էլ «Հայաստան» համահայկան հիմնադրամի, ինչպես նաև «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հանգանակություններին իրենց ակտիվ մասնակցության համար, կոչ եմ անում միանալ նաև վերջինիս՝ «Մեկը երկու դարձնենք» ծրագրին»,-նշել է նա։

Ակնկալվում է, որ ընկերությունների ղեկավարները նախաձեռնողականություն կցուցաբերեն և իրենց աշխատակիցների կողմից վճարվող դրոշմանիշային վճարների չափով նվիրաբերություն կկատարեն Հիմնադրամին։

«Սոցիալական պատասխանատվության այս դրսևորմամբ մենք կնպաստենք հայրենիքի առջև իրենց զինվորական պարտքը կատարելիս վիրավորված կամ նահատակված հերոսների ու նրանց ընտանիքների հոգսերի թեթևացմանը, հավասար ապահովագրական հատուցումների տրամադրմանը։ Այսօր, առավել քան երբևէ, մեզնից պահանջվում է միասնականություն, ուժերի ու կարողությունների համախմբում՝ մերօրյա ծագած մարտահրավերներին արդյունավետ և արժանապատիվ կերպով դիմագրավելու համար»,-նշել է Արսեն Ղազարյանը: