Փաշինյանի հրաժարականից հետո «Հայրենիքի փրկության շարժումն» ավելի ուժեղ կլինի. դաշնակցական

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է դաշնակցական Արմենուհի Կյուրեղյանը

– Տիկի՛ն Կյուրեղյան, մամուլը գրում է «Հայրենիքի փրկության շարժման» ներսում տարաձայնությունների մասին: Խնդրում եմ ներկայացրեք՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ լուրերը:

– «Հայրենիքի փրկության շարժման» ներսում տարբեր ուժերի համախմբման առաջնային խնդիրը եղել է ու կա վարչապետի և օրվա կառավարության հեռացումը իշխանությունից։ Իսկ դուք լսե՞լ եք արդյոք այդ ուժերից որևէ մեկի հայտարարությունն այն մասին, թե իրենք այլևս չեն պահանջում այդ հրաժարականը։

Իհարկե ոչ։ Հետևաբար, շարժման ներսում տարաձայնությունների մասին խոսելը առնվազն նպատակ ունի թուլացնել շարժման օր օրի ավելացող թափը, կանխել նրա ընդլայնումը մարզերում և փորձել հանրության մեջ արմատացնել իշխանությունների ցանկությունը, թե իրենց վարկանիշի նվազում գոյություն չունի։

– Ապրիլի 3-ին «ազատագրվեց» նաև Դեմիրճյան փողոցը, կարելի՞ է ենթադրել, որ շարժումը հրաժարվում է կոշտ պայքարից: Եվ ընդհանրապես, պայքարի ի՞նչ փուլում է շարժումը:

– Շարժմանը հետևող յուրաքանչյուր քաղաքացի ծանոթ է նաև այն հայտարարությանը, որ ՀՓՇ-ն մեկնարկում է պայքարի նոր փուլ, և հիմնական միջոցառումները տեղափոխվելու են մարզեր։ Շարժումը ընդլայնման փուլում է, և պետականաքանդ, հակազգային իշխանությունների հեռացման համաժողովրդական պահանջը պետք է վերածվի համաժողովրդական պայքարի՝ կանխելու համար նորանոր զիջումներն ու թուրքահաճո հետագա քաղաքականությունը։

– Շարժման կազմում էր նաև «Բարգավաճ Հայաստանը», որը կարծես հիմա պատրաստվում է արտահերթ ընտրությունների: Դա արդյոք չի՞ խոսում շարժման կազմալուծման մասին:

– Ինչքան ես գիտեմ, «Բարգավաճ Հայաստանը» նույնպես չի հայտարարել, թե հրաժարվում է այս իշխանությունների հրաժարականի պահանջից, և սխալ է խոսել շարժման կազմալուծման մասին։

Արտահերթ ընտրություններին մասնակցելու առումով ի՞նչ տրամադրություններ են ՀՓՇ-ի ներսում:

– Շարժումը բազմիցս հայտարարել է, որ կիրառելու է օրենքով չարգելված ցանկացած միջոց հայրենիքի փրկության նպատակին միտված առաջնային խնդրի՝ վարչապետի և կառավարության հրաժարականին հասնելու համար։ Շարժումն արդեն արձանագրել է մի կարևոր հաղթանակ. Նիկոլ Փաշինյանը բանավոր հայտարարել է իր հրաժարականի պատրաստակամության մասին։ Բայց ամեն օր, ամեն հարցում ստող մարդուն վստահելը միամտություն է, և քանի դեռ այդ հայտարարությունը իրականություն չի դարձել, շարժումն իր մարտավարությունը չի փոխելու։

Հրաժարականից հետո շարժումն ավելի ուժեղ կլինի, որպեսզի ճիշտ օգտագործվեն դրան հաջորդող 14 օրերը։ Այդ ամենից հետո միայն իմաստ ունի խոսել արտահերթ ընտրություններին մասնակցության մասին։ Ինչպես ասում են՝ օրը կգա, բարին հետը։

Տիկի՛ն Կյուրեղյան, գործող իշխանությունների որոշ ներկայացուցիչներ տարածաշրջանային նոր զարգացումների համատեքստում հայտարարում են, թե պետք է փոխել կեցվածքը տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Թուրքիայի նկատմամբ: Միևնույն ժամանակ ԱԳ նախարարը հայտարարեց, որ հայ-թուրքական խորհրդակցություններ չեն ընթանում: Ի՞նչ է կատարվում՝ ըստ ձեզ:

– Թուրքիայի նկատմամբ կեցվածքի փոփոխության մասին գործող իշխանությունների որոշ ներկայացուցիչների հայտարարությունները առնվազն պետք է դիտարկել այն տեսանկյունից, որ այդ մարդիկ եկել են մեր երկիրը թուրքահպատակ դարձնելու հստակ ծրագրով, ոչինչ չարեցին պատերազմը կանխելու, դեռ ավելին, ամեն ինչ արեցին պատերազմում պարտվելու, Արցախի մեծ մասը թշնամուն հանձնելու համար և անամոթաբար արդեն չեն էլ թաքցնում, որ իրենց ազգադավ ծրագիրը շարունակություն ունի։ Իսկ այդ շարունակությունը կյանքի կոչելու ճանապարհին սկսել են հանրության մեջ նոր մոտեցումներ տարածել, հարևանների հետ խաղաղությամբ ապրելու թեզեր ներմուծել։

Հայրենիք, պետություն ունենալու, պետականություն պահպանելու հարցով մտահոգները շատ են, գերակշռում են, և այս իշխանությունները թող համոզված լինեն, որ իրենք այլևս ստիպված են հեռանալու։ Գալու են երկիրը փրկելու, առկա մարտահրավերները լուծելու կարողություն ունեցող ուժեր։ Նույնիսկ չկասկածեք։

Այդուհանդերձ,սոցիալական ցանցերում «Թուրքը իմ թշնամին է» թեմայով ֆլեշմոբ է մեկնարկել: Կարծում եք դրա առիթը կա՞ր:

– Քանի դեռ այս հիստերիկ ղեկավարը հային կոչ է անում դուրս գալ վրեժի հայի հանդեպ, այո՛, պետք է հանրությանը հիշեցնել, որ թշնամին նա է, ով դավաճանում է մեր երկրին, պետությանը, ծառայում է Ադրբեջանին և Թուրքիային։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am