Իրավապահ մարմինների այս փնթիության պատասխանատուն ո՞վ է, դուք գո՞հ եք Ձեր աշխատանքից. Փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է.

«Իրավապահ մարմինների այս փնթիության պատասխանատուն ո՞վ է: Դուք գո՞հ եք Ձեր աշխատանքից։

Բնականաբար՝ ժողովուրդն է մեղավոր։
Իսկ եթե լուրջ, կարելի է չէ՞ բոլոր զգայուն ու աղմկահարույց գործերի վերաբերյալ իրականացնել պրոֆեսիոնալ քննություն, ձեռք բերել մեղադրյալի կողմից նրա հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցություն, ինչպես նաև կալանավորումը հիմնավորելու համար այնպիսի հիմքեր, որ դատարանին այլ բան չմնա, քան բավարարել քննիչի միջնորդությունը:

Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ով է մեղադրյալը։

Հայաստանում որևէ մեկը, եթե կատարել է որևէ հանցագործություն, պետք է պատասխան տա իր արածների համար։

Ինձ ուրիշ հարց է անհանգստացնում:

Իրավապահ մարմինների այս փնթիության պատասխանատուն ո՞վ է: Ո՞վ պետք է պատասխան տա այս ձախողումների համար և ե՞րբ։

Լա՛վ, ինչքա՞ն կարելի է տրվել էժան քարոզչությանը՝ առանց մտածելու, որ առհասարակ խարխլվում է դատաիրավական համակարգի նկատմամբ առանց այդ էլ ունեցած խիստ անբավարար վստահությունը:

Ես պնդում եմ՝ այս ամենը վկայում է, որ Հայաստանում
գոյություն չունի քրեական քաղաքականություն, արդարադատության իրականացման ռազմավարություն, որ ամեն ինչ իրականացվում է պահի ազդեցության տակ՝ հիմնվելով այս կամ այն անձի պատկերացումներով ու ճաշակով…

Տղե՛րք ջան, Ձեզ մոտ կոռուպցիայի դեմ պայքարը չի ստացվում, ավելի՛ն, դոփել է տեղում։

Կասե՞ք, թե Ձեր բարձրացրած աղմուկի իմաստը ո՞րն էր՝ գրեթե մեկ շաբաթ շարունակ հարյուր հազարավոր մարդկանց պահելով լարվածության ու հոգեկան հուզմունքի մեջ:

Դուք գո՞հ եք Ձեր աշխատանքից»։