Ֆեյսբուքը մենք ենք, եթե անգամ ֆեյք ենք

Լուսինե Հովհաննիսյան

Հիշողությունը բարդ գործառույթ է, որին մասնակցում են ուղեղի մի շարք հատվածներ։ Մենք ծերանում ենք, հիշողությունը թուլանում է։ Բայց մենք դեռ ծեր չենք, իսկ տեղ-տեղ՝ նույնիսկ շատ ջահել։

Սոցիալական Ֆեյսբուք հարթակը սկզբում արտահայտվելու տեղ էր, ինքնադրսևորվելու, արդարության համար պայքարի սաղմնային հրապարակ, աստիճանաբար դարձավ կոնֆլիկտային ու ճգնաժամային պահերին տեղեկատվական, մոբիլիզացնող հարթակ, իսկ հետո հեղափոխության «Պոտյոմկին» զրահանավը։

Հիմա Ֆեյսբուքն ապրում է իր, հավանաբար, վատագույն՝ անկման տարիները։ Ով է նա՝ Ֆեյսբուքը։

Ֆեյսբուքը մենք ենք, եթե անգամ ֆեյք ենք։ 

Ֆեյքը մարդ է, ունի բնավորություն, խառնվածք, կենսագրություն, նաև՝ արժեհամակարգ։ Ես առաջին անգամ «ով էշ, մենք՝ փալան» արտահայտությունը լսել եմ 50-ն անց պաշտոնյա տղամարդուց մոտավորապես 15 տարի առաջ, որին հարցրի իրենց նոր ղեկավարի մասին, ու նա ինձ պատասխանեց վերը նշված արտահայտությամբ։

Ես այդ ժամանակ դեռ շատ բան չէի տեսել ու ապշել էի, որ առողջ, մտավոր կայուն կարողություններով, ֆիզիկապես ամուր, ընտանիքի հայր, պաշտոն զբաղեցնող տղամարդը կամ մարդն առհասարակ կարող է արտասանել այդ նախադասությունն առանց նախապես հորատող սարքով գետինը խոր փորելու, որ արտասանելուց անմիջապես հետո ընկղմվելու տեղ ունենա:

Բայց դա ևս արժեհամակարգ է։ Կոչվում է հարմարվողականություն։ Նորմալ է։ Եվ խոսքը բոլորովին ֆեյքերի մասին չէ։

Գրաստի մեջքին դրվող այդ հարմարանքը մարդը կարողանում է նույնականացնել իր հետ։ Եվ եթե «էշ» ու «փալան» բառերի փոխարեն կիրառենք ավելի բարեհունչ «գրաստ» և « համետ» հղկված բառերը՝ բովանդակություն չենք փոխելու։

Այսինքն՝ նրանք ամեն գրաստի դեպքում կոչված են հարմարավետություն ապահովելու։

Նրա՞նք, թե՞ մենք։ Այստեղ պատասխանները կաշխուժանան, ու քաոսային աղմուկ կսկսվի, քանի որ ամեն մարդ կկարողանա իր կենսագրությունից մեկ, գոնե մեկ հատված հիշել, որով կապացուցի իր ոչ թե փալան, այլ էշ լինելը, ինչը տվյալ դեպքում պատվաբերն է։ 

Հիշողությունը շատ բարդ գործառույթ է։ Էշը ունի հիշողություն, փալանը՝ ոչ։ Գրաստը օժտված է ուղեղով, և որքան հնարավորություն եմ ունեցել դիտարկելու այդ կենդանուն՝ բավականին զարգացած ուղեղ ունի։ Այլ բան, որ ինդեֆերենտ է։ Համետը կամ փալանը՝ անուղեղ է։ Այն իր է։

Մարդիկ դա հասկանում են, և անգամ ժողովրդական բանահյուսության ասույթների արխիվին հղում անելիս էլ գիտեն, որ դա պատվաբեր չէ։

Ֆեյսբուք սոցիալական ցանցը բավականին անցավ հնարավորություն է ստեղծում համետից՝ փալանից, սահուն կերպարանափոխվելու ոչ միայն շնչավոր էակի՝ էշի, այլև՝ ասունի՝ խոսողի։ Բայց, որքան էլ տարօրինակ լինի, հետազոտությունները ցույց են տալիս, որ ինչքան «ասելու» հաճախականությունը մեծանում է՝ բովանդակային մասը նահանջում է։

Սոցցանցում արտահայտվում են առաջնային զգացմունքները։ Ոչ թե պահանջմունքները, այլ զգացմունքները։ Մահվան դեպքին մարդը պատասխանում է վախով, զարմանքով, ափսոսանքով, կատաղությամբ, սպառնալիքով։

Ֆեյսբուքը կրում է առաջին պտղաջրերը, որոնք ազատում են ընկերքը, ու հետո պիտի ծնվի երեխան, բայց նա ավելի հաճախ չի ծնվում, քան ծնվում է․․․ Որովհետև ընկերքը դատարկ է։

Իսկ հիմա ավելի կոնկրետ. 2018-ի նոյեմբերին Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներն ու համագյուղացիները, Գյանջայի ռազմական հանցագործությունների դատարանիկողմից Կարեն Ղազարյանին քսան տարվա ազատազրկման դատապարտելուց հետո փակել էին միջպետական մայրուղին՝ պահանջելով պետության աջակցությունը։

Ֆեյսբուքի օգտատերերը մարդիկ են։ Տղային սպասվող վտանգների մասին ամեն մեկը (իսկ մենք արդեն գիտենք, որ մեկ գումարած մեկ գումարած մեկ դառնում է միլիոն) տեղյակ լինելով իր պատկերացրածի չափով՝ նախ արտահայտվում էր, ազատելով իրեն անձամբ իրեն պատած վախից, ապա, տուրք տալով մարդու կողմից մարդուն ապրումակցելու և կարեկցելու երկու տարբեր ծագումներ ունեցող երևույթների (որոնցից մեկը էնդոգեն է, հավանաբար, մյուսը՝ ձեռքբերովի)՝ հայտնում է իր ցավը, տվայտանքը, ոչ մի կերպ չհանգստանալու վիճակը, ծնողների և հատկապես մոր վիճակը պատկերացնելը, ապա անցնում են քաղաքացիական դիրքորոշման ու պահանջում, մի քանի օր պահանջում,անընդհատ պահանջում պետության ներկայացուցչի արձագանքը, պետության ձայնը, պետական մարդուն։ 

Այս ամենը՝ Ֆեյսբուքում։ 

Տառապանքները մարում են անմիջապես մայրուղին բացելուց հետո։ Դրանից հետո մարդու հիշողությունը կտրուկ ավարտում է դեպքի կոգնիտիվ փուլը և անցնում հաջորդին։

2019-ի հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է քաղաքացու դիմում՝ հասցեագրված ՀՀ գլխավոր դատախազին, այն մասին, որ 2019-ի օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ը անչափահաս թոռնուհին բուժման մեջ է եղել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ վերջինիս մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ։

Ձեռնարկված միջոցները պարզել էին, որ ծնողները ՄԻԱՎ չունեին։ Այսպիսով, երեխան վարակվել էր հիվանդանոցում։ «Երեխա» և «ՄԻԱՎ» բառերի համատեղումը ամեն հայ քաղաքացու համար սարսափ է։

Եվ սարսափած ֆեյսբուքյան օգտատերերը սկսում են արտահայտել իրենց ահաբեկումը, վրդովմունքը, անեծքը, հայհոյանքը, ինչը տվյալ դեպքում լիովին հասկանալի է, և ենթադրվում է, որ հետամուտ են լինելու այս գործի բացահայտմանն ու մեղավորի «կառափնարանին»։

Բայց՝ ո՛չ։ Նույնիսկ այս դեպքում, երբ իրողությունը սարսափելի է նրանով, որ երեխան դատապարտված է անբուժելի հիվանդության միմիայն բուժանձնակազմի պատճառով, և որ այս, մեղմ ասած, անփութությունը կարող է շարունակություն ունենալ, եթե չի ունեցել՝ միևնույն է, մի քանի օր անց լռում ու մոռացվում է նաև այս ցունամին։

Եվ ամենահետաքրքիրն այն է, որ հիշեցում չի լինում, ոչ մի օգտատեր ցանկություն չի ունենում հիշելու մի քանի օր առաջ տեղի ունեցած ու սպառված ծանր թեման։ «Լռում ենք բոլորս» հրահանգը ոչ մի տեղից չկա կարծես, բայց դեռ նախորդ օրվա երեկոյան պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտությունը, վեգետատիվ ու հոգեկան գործառույթների խանգարումները Ֆեյսբուքում ակամա ի ցույց դնող օգտատերերը ուղեղին հասցված թեթև նշտարահարվածով մոռանում են թեման։

 2020-ի հունվարի 1-ին հաղորդագրություն եղավ այն մասին, որ հյուսիսարևելյան ստորաբաժանումներից մեկում մահացել է ՊԲ զինծառայող՝ հիվանդության պատճառով։ Անկախ նրանից, որ տոն էր, հայ օգտատերերը հասցրեցին հարցնել, թե հիվանդ զինվորն ինչո՛ւ հոսպիտալում չէր, ոմանք նշեցին, որ շատ հագեցած հոսպիտալներ ունենք, և ժամանակին տեղափոխելու դեպքում թերևս չէր մահանա։

Թվում է՝ մեր հայկական իրականության ամենացավոտ, ամենազգայուն թեման է զինվորը, ու հիվանդության պատճառով մահացած զինվորի թեման գոնե այնքանով, որ էլի շարունակական է, և ամեն մեկն ունի կամ ունենալու է զինվոր, որը կարող է հիվանդանալ, միևնույն է, երեք-չորս օր անց թեման մարում է։ Մարում է անհետ ու կտրուկ։

Հունվարի 5-ին Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի 15 հասցեում, սպանվեց 16-ամյա աղջիկ։ Սպանության մեջ կասկածվողը 26-ամյա տղա էր։ Սա ծանր ողբերգություն էր, որը մեկնաբանվեց տիրող մակարդակի սահմաններում, ինչը երկրորդ ողբերգությունն էր մեր իրականության։ Ֆեյսբուքն ունի իր «կառափնարանը»։

Այդտեղ գլխատում, քառատում, կախում են, վառում են ու մոխիրը շաղ տալիս ցամաքած Գետառի վրա, բայց իրականում նույնիսկ դա տևում է մի քանի օր։ Իհարկե, տվյալ դեպքում մեծ հաջողություն է, որովհետև երկար կարդալ փոքր քաղաքի համաքաղաքացիներիդ միջնադարյան, տեղ-տեղ՝ քարանձավային շրջանի դատողությունները՝ դյուրին չէ, բայց ամեն դեպքում, մարդիկ չեն շարունակում ուզել իմանալ կատարվածի արմատը, պատճառը, հետևանքը, արդյունքը։ Հիշողությունն ավարտվում է։ Նշտարը հատում է հիշողության համար պատասխանատու գալարի նուրբ հատվածը։

Իսկ Ֆեյսբուքը սա գիտի։ Այս մասին գիտեն նաև Ֆեյսբուքը որպես «Պոտյոմկին» զրահանավ, որպես ընդվզման առաջնային հարթակ տեսած մարդիկ։ Մենք՝ օգտատերերս, օգտատերերի մեծ բազմությունը, մեզ մատուցում ենք որպես անլուրջ հասարակություն, որի աղմուկը պահանջ չի դառնում։

Մեր հիշողության կարճությունը ծիծաղելի է դարձնում մեզ։ Բայց դա չես կարող անել ստիպված։ Այն երեք օրը, երբ ի ցույց են դրվում ցավը, բողոքը, լացը, ցասումը՝ բնական են։ Դա խաղալ անհնար է։ Հարցը միանգամից թեման ավարտված համարելն ու էջը մեկընդմիշտ փակելն է։

Մեր այս հատկանիշի մասին իմացել են շատ վաղուց, երբ դեռ Ֆեյսբուք չկար։ Իսկ երբ Ֆեյսբուք կար՝ այն վարպետորեն օգտագործել են։ Եթե չկա խարույկի մեջ ցախ լցնողը, մենք ոչ մի բանի համար պահանջատեր չենք, եթե անգամ երեխան հիվանդանոցում ՄԻԱՎ է վարակվել, ու հաջորդը կարող է ձերը լինել, եթե զինվորը հիվանդ էր ու հիվանդանոցում չէր կամ զորակոչվել էր հիվանդ, եթե աղջիկը մեղավոր է, որ սպանվել է։

Ֆեյսբուքը մենք ենք, մենք, որ սիրում ենք վարպետորեն թաքցնել մեր արատները, որ հայտնվում ենք հանրությանը մեր ստացված կողմերով միայն, բայց սոցիալական ցանցում մերկանում ենք բացարձակ ակամա՝ ցույց տալով մեր կարճ հիշողությունն ու ձեռնասուն լինելը։

Մեզ տեղյակ չեն պահում, թե ի՛նչ եղավ հետո, երբ քննեցին, ու չեն պատասխանում, թե ի՛նչ իմացան, որովհետև մենք չենք հարցնում։

Մոռանում ենք։

Ֆեյսբուքը մենք ենք, եթե անգամ ֆեյք ենք։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am