Երևան-Բաքու «հանելուկային» թռիչքի ոչ հանելուկային հետքերով. Fip.am

Դեկտեմբերի 8-ի երեկոյան հայկական որոշ լրատվականներ և սոցցանցերի օգտատերեր գրեցին նույն օրը տեղի ունեցած Երևան-Բաքու թռիչքի մասին։ Հրապարակվել էին նաև սքրինշոթեր թռիչքների ուսումնասիրության կայքերից։

Սրան զուգահեռ, քննարկումներ ծավալվեցին թռիչքի հնարավոր նպատակների մասին՝ պատվիրակություններից մինչև գերիների փոխանակություն։ 168.am-ը հրապարակեց լուսանկարներ՝ գրելով, որ թռիչքի նպատակը պարզելու համար փորձել է կապ հաստատել Հայաստանի քաղավիացիայի աշխատակիցների հետ, սակայն դա չի հաջողվել։

Կայքը նաև տեսանյութ հրապարակեց՝ «Երևան-Բաքու հանելուկային թռիչք» վերնագրով։

Թռիչքն ու թռիչքի նպատակը, սակայն, պարզվում է, այնքան էլ հանելուկային չէին։ Երևան-Բաքու թռիչքը տեղի է ունեցել Հայաստանի ժամանակով երեկոյան ժամը 7-ի մոտակայքում՝ Dassault Falcon 900 EX  փոքր մարդատար ինքնաթիռով, որը պատկանում է Իտալիայի ռազմաօդային ուժերին։

Բանն այն է, որ ավելի վաղ Իտալիայի արտաքին գործերի նախարարության կայքում արդեն հրապարակվել էր տեղեկություն այն մասին, որ երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մանլիո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կովկաս՝ հանդիպումներ ունենալու Երևանում և Բաքվում։

Հայաստանի ԱԳՆ կայքում ևս հրապարակվել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և իտալացի գործընկերոջ հանդիպման մասին հաղորդագրությունը։

Flightradar24.com կայքում երևում է ոչ միայն երեկոյան՝ Երևան-Բաքու «հանելուկային» թռիչքի, այլ նաև ավելի վաղ իրականացված Հռոմ-Երևան  թռիչքի հետագիծը, ինչը ցրում է բոլոր կասկածները ինքնաթիռի և թռիչքի մասին։

Իսկ համոզվելու համար, որ Իտալիայի օդուժն իսկապես ունի այս մոդելի ինքնաթիռ, բավական է այցելել Վիքիպեդիայի՝ Dassault Falcon 900 ինքնաթիռի էջ և ստուգել օպերատորներին։

Անի Ավետիսյան

www.Fip.am