Լրագրողներից ոմանց վրա ակնհայտ երևում էին կիրառված բռնության հետքերը․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այցելեցի խորհրդարանում աշխատող և այսօրվա դեպքերից տուժած լրագրողներին: Ոմանց վրա ակնհայտ երևում էին կիրառված բռնության հետքերը:ԱԺ տարածքում փորձեցինք գտնել լրագրողների դեմ բռնություն գործադրած անվտանգության աշխատակիցներին: Մի մասին գտանք, մի մասին դեռ ման կգանք (հեռու չեն փախնի):Factor-ի, Civilnet-ի, Հ1-ի, Հ2-ի, 24news-ի, Para TV-ի, Հրապարակի ու Meganews-ի լրագրողներին (նույնիսկ առանց որևէ պահանջ ներկայացնելու) ուժի կիրառմամբ դուրս են հանել ԱԺ նիստերի դահլիճի օթյակից:

Այդ լրագրողների օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման և նրանց նկատմամբ բռնության կիրառման դեպքով հանցագործության մասին հաղորդում ենք ուղարկել գլխավոր դատախազին:Ազնվության համար պետք է ասեմ, որ որոշ պատգամավորներ և անվտանգության աշխատակիցներ ներողություն խնդրեցին լրագրողներից նրանց նկատմամբ կիրառված բռնության համար:

Անվատնգության աշխատակիցներն իրենց գործողությունները պայմանավորում էին «վերևից եկած հրամանով»՝ առանց հստակեցնելու, թե որտեղից է այն արձակվել:

Հ.Գ. Խորհրդարանի ղեկավարության հետ հարցը չեմ քննարկել ու չեմ էլ ուզում քննարկել (թող այս ամենից առաջ խորհրդակցեին): Այս հարցը քննարկվելու է իրավապահ/դատական մարմիններում ու միջազգային կառույցների սահմաններում (ՀԿ-ների հայտարարությունը արդեն ուղարկվել է մի շարք կառույցների)»: