«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– «Ռուբեն Վարդանյանի նկարը տեսել ենք, փորձում ենք հասկանալ` ինչ կարող ենք անել»,- ի պատասխան լրագրողների հարցերի ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Տիկի՛ն Սամսոնյան, Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակն օր օրի վատանում է, միջազգային փաստաբանն է հայտարարություն տարածել այդ մասին, կոչ է արել նաև Նիկոլ Փաշինյանին դատապարտել ընթացող դատավարությունները: Այս համատեքստում Հայաստանից հնչող, չհնչող հայտարարությունները, արվող քայլերն ինչպե՞ս եք գնահատում:
– Չեմ կարողանում իսկապես գնահատել ՄԻՊ-ի արձագանքը՝ դա ծա՞ղր է մեր հանրության նկատմամբ, թե՞ իսկապես մեր ՄԻՊ-ի կարողությունները այդքան թույլ են։ Ինչ է նշանակում՝ «փորձում ենք հասկանալ, ինչ կարող ենք անել»։ Այսինքն՝ նո՞ր են տեղեկանում, թե ինչ է կատարվում Բաքվում, թե՞ նոր են ծանոթանում ՄԻՊ-ի մեխանիզմներին և ուզում են հասկանալ, իրենք ով են, ինչ են ու ինչ կարող են անել։ Չէր կարելի տարիներով զարգացրած և օրինակելի կառույցը իջեցնել այս մակարդակին։ Դուք հո Ադրբեջանի ՄԻ՞Պ չեք։
Ինչ վերաբերում է Վարդանյանի փաստաբանին, պետք է ասեմ, որ իզուր են ջանքերը մեր իշխանություններից որևէ բան պահանջելու։ Այս իշխանությունները, նախևառաջ, չունեն ցանկություն այդ մասին խոսելու կամ հրապարակային դատապարտելու, և երկրորդ՝ ժողովրդի սլենգով ասած՝ չունեն այդքան պլոճիկ դա անելու։
– Ի՞նչ անհրաժեշտ ու առաջնային քայլեր պետք է արվեն ձեր գնահատմամբ, որպեսզի տեսանելի արդյունք ապահովվի:
– Ես որ հետևում եմ իսրայելա-պաղեստինյան պատերազմին և տեսնում եմ, թե ինչպես են հրեաները իրենց մեկ գերու համար կռիվ տալիս, անկեղծ նախանձում եմ։ Ու կապ չունի, թե այդ գերին ով է՝ զինվոր, ավազակ, հերոս թե ուղղակի քաղաքացի։ Մեր դեպքում պատկերն ուղղակի զզվելի է։ Որոշ իշխանամերձ քաղաքական գործիչներ և փորձագետներ, պրոպագանդիստներ Բաքվի դատավարությունները տեղավորում են «թալանչի ղարաբաղցիներ» ափսեի մեջ ու պղտորում մարդկանց ուղեղը։ Եթե այդ մարդիկ պիտի դատվեն, ուրեմն մենք՝ հայերս, նրանց հետ պետք է դատ ու դատաստան տեսնենք, այլ ոչ թե ուրախանանք, որ հայերին Բաքվում խոշտանգում են ու դատում։ Այս հարցով, ցավոք սրտի, մենք ազգային արժանապատվություն չունենք։
Ինչ պետք է աներ Հայաստանը. իշխանությունները պետք է հայելային դատավարություններ նախաձեռնեին միջազգային ատյաններում Արցախում պատերազմական հանցագործություններ իրականացրած ադրբեջանցի ռազմաքաղաքական գործիչների նկատմամբ։ Մինչև հիմա ինչու Ալիևի դեմ գործեր չկան Միջազգային քրեական դատարանում, դրա համար ենք, չէ՞, ընդունել Հռոմի ստատուտը, դե թող զուգահեռ գործեր բացեին։ Իշխանությունը բոլոր բանակցային հարթակներում պետք է խոսեր այս մասին և հետ պահանջեր մեր բոլոր պատանդներին։
Ավելին ասեմ, մեր իշխանությունը պետք է կազմակերպեր և դուրս բերեր այս գործիչներին Ղարաբաղից մինչև գերի ընկնելը, եթե պետք լիներ, պետք է փախցնեին կամ գողանային՝ հաշվի առնելով, որ նրանց բանտարկությունը Բաքվում և դատավարությունները Բաքվի դատարանում ուղղվելու էին Հայաստանի և Հայաստանի շահերի դեմ։ Ինչ խոսք, այսպես է լինում այն պետությունների հետ, որի աթոռներին նստած են վախկոտները։
– Տիկի՛ն Սամսոնյան, գործող իշխանությունը կանի՞ անհրաժեշտ քայլեր, որպեսզի հնարավոր լինի վերադարձնել կամ գոնե պաշտպանել հայ ռազմագերիների իրավունքները Բաքվի բանտերում:
– Գործող իշխանությունը ոչ մի բան էլ չի անելու։ Հայ-ղարաբաղցի տարանջատման քարոզարշավ անող իշխանությունը հաճույք է ստանում այս պրոցեսներից՝ «Ղարաբաղը թալանեցիք, դե կերեք» տրամաբանության ներքո և այդպես էլ կերակրում է իր ընտրողներին։ Բայց սա քաղաքական էժան քինախնդիրների տրամաբանություն է, իսկ մեզ պետք են պետական արժանապատվության գինը իմացող և այդ արժանապատվությունը պաշտպանող գործիչներ։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















