«Եթե համապատասխան ագրարային քաղաքականություն վարեինք, կունենայինք այլ պատկեր». Բաբկեն Պիպոյանը՝ թանկացումների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը

– Պարո՛ն Պիպոյան, Հայաստանում շարունակվող գնաճը որքանո՞վ է հիմնավորված ու որքանո՞վ է բխում օբյեկտիվ պատճառներից: Քաղաքացիները դժգոհում են, որ դոլարի փոխարժեքի այսքան նվազման դեպքում էլ, միևնույն է, ապրանքների գները շարունակում են բարձրանալ: Արդյոք գնաճն ու գնանկումը պայմանավորվա՞ծ են միայն դոլարի փոխարժեքով:

– Երբեք չեմ պատկանել այն մարդկանց խմբին, որ գնաճը պայմանավորեմ միայն դոլարով, հետևաբար այդ հարցին հիմա թող պատասխանեն այն մարդիկ, որոնք գնաճը պայմանավորում էին դոլարով: Միշտ ասել եմ, որ դոլարը, միանշանակ, գործոն է, բայց միայն այդ գործոնը չէ, ընդհանրապես, գնաճը միագործոն չի լինում, այն պայմանավորված է մի շարք գործոններով: Բնականաբար, դոլարի արժեզրկումն ու դրամի արժևորումը ինչ-որ ազդեցություն ունենալու էին, բայց դա միակ գործոնը չէր: 

Արդյոք հիմնավո՞ր է, թե՞ չէ. սա այն հարցն է, որը սխալ է իմպերատիվ գնահատականով ասել, որովհետև կան թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ գործոններ: Միանշանակ է, որ այդ օբյեկտիվ գործոնները կան, այդ թվում՝ համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք պետք է նկատի ունենալ: Բայց մենք պետք է համապատասխան քաղաքականություններ վարենք, որ եթե ինչ-որ մի տեղ առկա է օբյեկտիվ գործոնը, սուբյեկտիվ գործոնն էլ դրան չգումարվի: 

Տեղական պտուղ-բանջարեղենը թանկացել է 40%-ով, այստեղ օբյեկտիվ գործոններից մեկն այն է, որ պարարտանյութը թանկացել է, ու պտուղ-բանջարեղենի ինքնարժեքը բարձրացել է, բայց արդյո՞ք 40%-ով է թանկացել, միանշանակ պնդում եմ՝ ո՛չ: Այսինքն՝ եթե համապատասխան ագրարային քաղաքականություն վարեինք, ապա կունենայինք այլ պատկեր: 

Որոշ խոշոր բիզնեսների չարաշահումներն էլ չեմ կարող բացառել, բայց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է ավելի ինտենսիվ աշխատի այս փուլում, հնչեցնի ավելի ինտենսիվ գնահատականներ, որ խոշոր բիզնեսները մի փոքր զգոնություն ունենան, բայց միայն սա էլ հարցի լուծում չէ, որովհետև որոշ դեպքերում պետք է համապատասխան տնտեսական քաղաքականություն վարել, ինչը պետք է անեն ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունները: 

Կա նաև մի գործոն ևս, որին չի կարելի մատների արանքով նայել. Կենտրոնական բանկը, դրամավարկային քաղաքականություն վարելիս, բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որպեսզի ազդեր պահանջարկի վրա, պահանջարկը նվազելու էր, ու մենք ունենալու էինք գնանկում, գնաճը զսպվելու էր: 

Նույն այդ ժամանակահատվածում, պատերազմով պայմանավորված, Ռուսաստանից և Ուկրաինայից մեծ թվով օտարերկրյա քաղաքացիներ՝ միգրանտի կարգավիճակով եկան Հայաստան, որոնք հիմնականում վճարունակ խավ էին ու մոտավորապես հարյուր հազար վճարունակ մարդու չափով հոսք եղավ Հայաստանում, ու ամբողջ պահանջարկ ձևավորվեց, հետևաբար այն գործիքը, որը կիրառվել էր, օբյեկտիվ պատճառով դարձավ անարդյունավետ, բայց այս մասին պետությունը չպետք է խուսափի բարձրաձայնելուց:

Հավատացնում եմ՝ իրենք շատ լավ գիտեն, որ դա այդպես է, այսինքն՝ իրենք ոչ թե սխալ են արել, այլ օբյեկտիվ պատճառով այդ որոշումն իր արդյունավետությունը կորցրել է: Այս արդյունքի հանրագումարում, համապատասխան քաղաքականությունների բացակայության պայմաններում ունենք այն, ինչ ունենք: 

Ամենամեծ գնաճը գերազանցել է պտուղ-բանջարեղենը, դուք լսե՞լ եք ագրարային քաղաքականություն վարելու մասին հայտարարություն, չեմ ասում վարելը, հայտարարություն լսե՞լ եք, որ մշակվում է: Ես չեմ լսել, այս դեպքում ի՞նչ ենք ուզում:

– Նվազագույն սպառողական զամբյուղն այսօր Հայաստանում որքա՞ն է կազմում ու ի՞նչ կարելի է գնել այդ պարագայում:

– Բարդ հարց եք տալիս. պետք է նվազագույն պարենայինը տարանջատել, հետո՝ այդ նվազագույն ասածը մենք ամբողջ ծավալով չենք կիրառում, որովհետև այն, ինչ գրված է, մարդիկ, հատկապես թոշակառուները, պարզապես չեն կարողանում գնել, իսկ այն ապրանքախումբը, որը հասանելիություն ուներ գնի մասով, երկնիշ գնաճ է ունեցել այն դեպքում, երբ եկամուտների համապատասխան աճ չկա:

Ասել եմ ու էլի կրկնում եմ՝ տնտեսական ակտիվություն, տնտեսական աճ ու գնաճ՝ սրանք երեք տարբեր բաներ են, որոնք իրար հետ զուգահեռ գնում են ու դրանք պետք է նայել համադրելիությունով: Երբ ասում ենք՝ տնտեսական աճ ունենք կամ տնտեսական ակտիվություն ունենք, պետք է նայենք, թե դա կյանքի որակի վրա որտե՞ղ է ազդել ու ո՞նց է երևում: 

Աշխատավարձերի բարձրացում չունենք կամ եթե ունենք՝ չնչին, պետական համակարգում՝ ընդհանրապես չունենք: Շատերը, երբ լսում են այս արտահայտությունը, ասում են՝ բա պարգևավճարնե՞րը, բայց պետական համակարգը միայն պարգևավճար ստացողները չեն: Պոլիկլինիկայի բժիշկը, մանկավարժը պետական համակարգ են, բազմաթիվ ոչ առևտրային կազմակերպություններ կան, այս մարդկանց աշխատավարձը չի բարձրացել, կյանքը թանկացել է, թոշակները, նպաստները չեն բարձրացել: 

Մասնավոր ընկերություններում 10% աշխատավարձի բարձրացում չի եղել այն դեպքում, երբ մենք ունեցել ենք 9% գնաճ, էլ ի՞նչ կյանքի որակի լավացման մասին կարող է խոսք լինել: Կարող է խոսք լինել միայն կյանքի որակի վատացման մասին:

– Պարո՛ն Պիպոյան, այն ժամանակ մատչելի համարվող սննդամթերքը, որից կարող էին օգտվել նաև քիչ եկամուտ ունեցող մարդիկ ևս, հիմա դրանց գներն էլ են բարձրացել: Մարդիկ ինչպե՞ս պետք է հաղթահարեն այս իրավիճակը:

– Եթե բարձր գին ունեցող ապրանքից մարդիկ գնում էին 100 գրամ, հիմա կգնեն 50 գրամ, այսինքն՝ չոր հաց, մակարոն առնելու համար գումարը կբավականացնի, բայց որոշակի ապրանքներ կսկսեն ավելի քիչ գնել, կա՛մ կգնեն դրանց փոխարինիչները, եթե կան, կա՛մ ընդհանրապես չեն գնի:

– Իսկ կարտոֆիլի թանկացո՞ւմը:

– Միայն կարտոֆիլը չէ, ես չեմ ուզում ֆիքսվենք միայն կարտոֆիլի վրա, ես հատուկ շեշտեցի պտուղ-բանջարեղենը ու հատուկ հղում արեցի ոչ թե մեր դիտարկումներին, այլ՝ Ազգային վիճակագրական ծառայությանը, ըստ որի 40 % է: Ինչու եմ ասում կարտոֆիլը չֆիքսենք, որովհետև հենց հիմա շուկայում 300-800 դրամանոց կարտոֆիլ կա: 

– Գնանկման միտումներ առաջիկայում տեսնո՞ւմ եք:

– Եթե ագրարային ճիշտ քաղաքականություն վարենք, որոշ իմաստով, որոշ ապրանքատեսակների պարագայում գների փոփոխություն կլինի, բայց անգամ Կենտրոնական բանկի նախագահը ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ գնաճային միտումը շարունակվում է, այսինքն՝ կեղծ հույսեր տվողները ճիշտ կանեն՝ գնան նայեն պետական պաշտոնյաների զեկույցները, որովհետև սոցիալական ցանցում կան մարդիկ, որ ասում են՝ ամեն բան հեսա կկարգավորվի, սեզոնն էր և այլն, բայց ճիշտ կլինի առաջնորդվել ոչ թե էմոցիաներով, այլ համապատասխան փորձագետների կանխատեսումներով ու նաև ԿԲ նախագահի հայտարարություններով:

– Պարո՛ն Պիպոյան, իսկ այս իրավիճակը կհանգեցնի՞ դժգոհությունների:

– Չեմ ուզում այդ գնահատականը տալ, որովհետև այսօր մեր երկրի առջև ծառացած խնդիրներից, արտաքին մարտահրավերներում, անվտանգային խնդիրներում պակաս չեն դժգոհելու առիթները, ավելին ասեմ՝ այնքան լուրջ, խոր խնդիրներ ունենք, որ սոցիալական խնդիրներն այսօր քաղաքական օրակարգից դուրս են մղվել, որովհետև առաջնայինը անվտանգային խնդիրներն են, իսկ հաց ուտելու մասին մտածում ես, երբ անվտանգությունդ երաշխավորված է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am