ԼՀԿ-ն դեմ է Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, սակայն ցանկացած դեպքում կմասնակցի ընտրություններին

«Լուսավոր Հայաստանը» կտրականապես դեմ է ընտրություններից առաջ Ընտրական օրենսգիրքը փոխելուն, սակայն ցանկացած դեպքում կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Հիմա ընտրական օրենսգիրքը փոխելն անընդունելի է, քանի որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հունիսի 20-ին անցկացվելու են ընտրություններ, դրանից հետո որևէ խաղի կանոն փոխելը նշանակում է պայմանավորվածությունը խախտել»,-ասաց Գորգիսյանն ու հավելեց, որ իրենց խմբակցությունում կան մարդիկ, որոնք շատ կտրական են այդ հարցում:

Գորգիսյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի առնչությամբ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բայց ենթադրվել է, որ գործող խաղի կանոններով են գնում առաջ, քանի որ այլ բան չի կարող լինել այս կարճ ժամանակահատվածում: «Հիմա Ընտրական օրենսգիրք փոխելը հղի է լրջագույն խնդիրներով»,-ասաց Գորգիսյանը:

Ըստ պատգամավորի՝ Ընտրական օրենսգրքի փաթեթում համակարգն արված է այնպես, որ դրանից շահի միայն «Իմ քայլը»: ԼՀԿ-ն դեմ է ցուցակները փակելուն: «Քաղաքացին գնալու է՝ ընտրելու Նիկոլ Փաշինյանին, քանի որ ամբողջ քարոզարշավը տարվելու է նախագահական տրամաբանության մեջ»,-ասաց Գորգիսյանն ու հավելեց՝ ԼՀԿ-ն առաջարկում է բաց համամասնական ցուցակի տարբերակը: 

Մանրամասները՝ այստեղ