«Արդարության պահանջի տեսանկյունից Սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտություն էին, բայց իրավական տեսանկյունից՝ խնդրահարույց». փաստաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է փաստաբան Գևորգ Գյոզալյանը

– Պարո՛ն Գյոզալյան, Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրական փոփոխությունները, ըստ որի՝ ՍԴ որոշ անդամների լիազորությունները դադարեցվում են։ Սա լուծման արդյունավե՞տ ճանապարհ է։

– Որևէ այլ լուծում այս պահին իշխանությունը չուներ, որովհետև մի կողմից ունեինք հայտարարված հանրաքվե, իսկ մյուս կողմից՝ այդ հանրաքվեն անորոշ ժամկետով չէր կարող կայանալ, կարող էր մեկ կամ երեք տարի հետաձգվել։ 

Մյուս կողմից էլ՝ մենք արդարության պահանջ ունեինք, որ հեղափոխությունից հետո ինստիտուտները պետք է գործեն շատ ավելի լավ, քան մինչ այդ գործել են։ Ուստի եթե նայենք արդարության պահանջի տեսանկյունից, արված փոփոխություններն անհրաժեշտություն էին։

Որքանո՞վ էին դրանք իրավական առումով անթերի՝ այստեղ ես մեծ վերապահումներ ունեմ, որովհետև իրավական տեսանկյունից կան մի շարք խնդրահարույց հարցեր։ Բայց ցանկացած իրավաբանություն ինձ համար գրոշի արժեք չունի, եթե այդ իրավաբանությամբ չեն հաստատվելու արդարություն ու հավասարություն կոնկրետ հասարակությունում։ Ուստի, բավական բարդ է հարցը։

Եթե բաժանենք երկու մասին, արդարության չափանիշների հետ կապված, այո՛, Սահմանադրական դատարանն այնպես, ինչպես կա, պետք է որ գնար։ Իսկ մյուս կողմից՝ զուտ իրավական մասով երբ նայում ենք, այդտեղ կան մի շարք խնդրահարույց հարցեր։

– ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ քանի որ Սահմանադրական դատարան չի գնացել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, առանց ՍԴ համաձայնության է ընդունվել ԱԺ-ի կողմից, ապա առոչինչ իրավական ակտ է։ Իսկ առոչինչ իրավական ակտերին ենթարկվելու իրավունք չունի անձը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

Դա իրավունքի թյուր մեկնաբանություն է, և ես ցավում եմ, որ պարոն Թովմասյանն է դրա մասին խոսում։ Այստեղ հետևանքներ գոյություն ունեն, չես կարող ուղղակի ասել՝ գիտեք ինչ կա, ես գնահատում եմ, որ սա առոչինչ է։

Նա համարում է՝ առոչինչ է, Ազգային ժողովը չի համարում, որ դա առոչինչ է։ Իսկ ո՞վ է այն մարմինը, որն ասում է՝ սա առոչինչ է՝ Հրայր Թովմասյա՞նը։ Ես այստեղ վերապահում ունեմ որովհետև ակնհայտորեն Հրայր Թովմասյանը չէ, որ կարող է ասել՝ այս օրենքն առոչինչ է կամ առոչինչ չէ։

Ես չեմ ուզում Հրայր Թովմասյանին նույնականացնել Սահմանադրական դատարանի հետ, որովհետև ամեն դեպքում օրենքների համապատասխանության հարցը Սահմանադրությանը որոշում է բացառապես Սահմանադրական դատարանը։ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարան չէ, այլ ՍԴ անդամներից մեկն է։

– ԱԺ իշխող խմբակցությունը որոշեց ՍԴ, ինչպես նաև նախագահի ստորագրությանը չուղարկել Սահմանադրական փոփոխությունները։ Այսինքն՝ իրավական առումով այնուամենայնիվ կա՞ն խնդիրներ։

– Այո՛, ես կարծում եմ, որ իրավական առումով դրանք խնդիրներ են, բայց նրանք ունեին իրենց հիմնավորումները, որոնք ես չեմ կիսում։ Իշխանությունների հիմնավորումը հետևյալն է՝ ո՞նց ուղարկենք այն Սահմանադրական դատարան, որի նկատմամբ հանրության մոտ վստահություն չկա։

Եկեք չմոռանանք, որ սա այն Ազգային ժողովն է, որի լեգիտիմությունն անգամ Հրայր Թովմասյանի նախկին քաղաքական ուժը չի վիճարկել, ընդունել է, որ բարձր լեգիտիմություն ունի։

Եվ եթե ելնում ենք այն վարկածից կամ իրողությունից, որ այս Ազգային ժողովն արտահայտում է ժողովրդի կամքը, իսկ դա այդպես է, ապա այստեղ բավական լուրջ խնդիրներ են առաջանում նույն Հրայր Թովմասյանի կամ Ալվինա Գյուլումյանի ասածների հետ կապված։

Ի դեպ, Ալվինա Գյուլումյանը, ով ըստ նոր օրենքի 12 տարի և ավելի պաշտոնավարած դատավորների թվում է և պետք է հեռանա պաշտոնից, հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ, կդիմի պայքարի բոլոր միջոցներին, այդ թվում՝ ՄԻԵԴ։

– Նա նաև ասում էր՝ ՄԻԵԴ-ում բարձր աշխատավարձ է ստացել, եկել է Հայաստան։ Գիտե՞ք՝ ինձ համար անկեղծ ցավալի է։ Եթե բարձր դատարանի դատավորը կարող է խոսակցությունը կենցաղային մակարդակի իջեցնել, խոսել իր աշխատավարձից… Եթե Ալվինա Գյուլումյանը խոսում է իր աշխատավարձի մասին, հետևաբար, նա միշտ մտածել է իր աշխատավարձի մասին։

Այստեղ հարցն այն է, որ բարձր դատարանը պետք է անձնազոհության պատրաստ լինի, պետք է պատրաստ լինի իր անձը տալու հանրության համար, որովհետև ես այդպես եմ պատկերացնում Սահմանադրական դատարանը։

Իսկ ինչ վերաբերում է տիկին Գյուլումյանի հայտարարությանը, ես ենթադրում եմ, որ եթե նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծեն, ապա նա կգնա Վարչական դատարան և, ի վերջո, կգնա Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե, իհարկե, ներպետական ատյաններում նրա պահանջը մերժվի։

Սահմանադրական փոփոխություններով Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես ՍԴ նախագահի, դադարեցվելու են, բայց նա շարունակելու է մնալ ՍԴ անդամ։ Այս լուծումը ճի՞շտ էր։

– Ինձ համար նորմալ չէ։ Ես ասել եմ, որ ինձ համար լավագույն լուծումը կլիներ այն, եթե մենք սպասեինք փաթեթով սահմանադրական փոփոխություններին։ Ես հասկանում եմ, թե ինչո՛ւ Կառավարությունն ու Ազգային ժողովն այսպես արեցին, բայց որպես իրավաբան՝ ես կարծում եմ, որ պետք էր սպասել, հարցը թողնել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի լուծմանը։

Չնայած ես կողմ չեմ Սահմանադրություն անընդհատ փոխելուն, բայց գոնե գնայինք դրան, դրա շրջանակներում Սահմանադրական դատարանը կմիաձուլվեր Վճռաբեկ դատարանին, կդառնար Գերագույն դատարան։ Ես իդեալական տարբերակը սա էի դիտարկում։

Ես կարծում եմ՝ մենք պատմական այս իրողության մասին հնարավորություն կունենանք դատողություն անելու 5-10 տարի հետո։ Մենք այն ժամանակ կտեսնենք՝ այն, ինչ արեցինք, իրեն արդարացրե՞ց։ Եթե մենք 10 տարի հետո ունենանք իրավական պետություն, պաշտպանված լինեն մարդու իրավունքները, այսօրվա իշխանություններին կասենք՝ ճիշտ արեցիք ու լավ արեցիք։

Այսինքն՝ իշխանությունները դեռ պետք է ապացուցե՞ն՝ նման քայլերով իրավական պետություն կառուցո՞ւմ են, թե՞ ոչ։

– Այո՛, եթե այս ամենը մեզ տանում է դեպի իրավական պետություն, եթե այս ամենով փորձում ենք մաքրել այն հին, արատավոր կեղտը, որը կուտակվել էր 30 տարիների ընթացքում, ապա շատ լավ է, թող անեն։

Բայց եթե չեղավ, այն ժամանակ այս իշխանություններին ահավոր կքննադատեն, և երևի ճիշտ կանեն։ Եթե մեկ կուսակցականին պետք է փոխենք այլ կուսակցականով, ապա ես չեմ հավատում ձեր ազնվությանը։

Իսկ եթե մեկ կուսակցականին կփոխեք պրոֆեսիոնալով, որը պատրաստ կլինի իր անձը տալու հանուն ընդհանուրի շահի, ապա ես կասեմ՝ ճիշտ արեցիք, բռավո։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am