«Հայաստանը պետք է թոթափի Արևմուտքից ունեցած պատրանքներն ու վերջնականապես կողմնորոշվի. Ռուսաստանի հիմնական ասելիքը սա էր». Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

Պարո՛ն Բաղդասարյան, երեկ Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության արտգործնախարարների տեղի ունեցած հանդիպման ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեք: Որո՞նք էին Հայաստանին ուղղված պաշտոնական Մոսկվայի մեսիջները:

– Ռուսաստանի Դաշնության հիմնական ասելիքն այն էր, որ Հայաստանը չպետք է ավելորդ հույսեր կապի Արևմուտքի և, ընդհանրապես, բանակցային այլ հարթակների հետ, որովհետև այդ հարթակներն այլևս չկան, և քանի որ կարգավորման իրական լծակներ միայն Ռուսաստանն ունի, հետևաբար Հայաստանը պետք է թոթափի այդ պատրանքները, վերջնականապես կողմնորոշվի և ամեն ինչ դիտարկի հայ-ռուս-ադրբեջանական տիրույթում:

Հիմնական ազդակը, կարծում եմ՝ սա էր, իսկ մեր իշխանությունների արձագանքից էլ տպավորություն ստացա, որ կարծես թե դիմադրում են, դեռ չեն ուզում համակերպվել, որ Մինսկի խմբի ձևաչափը չեղարկվել է, ու այդ հարթակն ընդհանրապես գործուն չէ:

Ենթադրո՞ւմ էիք, որ Ռուսաստան-Արևմուտք առճակատման հետևանքով Մինսկի խումբը նման ճակատագրի կարժանանար:

– Գործնականում այդ հարթակը վաղուց էր դադարեցրել իր գործունեությունը, և մեր իշխանություններն իրենց առջև խնդիր էին դրել վերակենդանացնել այն, հիմա պարզվեց, որ դա, փաստորեն, հնարավոր չէ, ու նշանակություն էլ չունի՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիա՞ն են դա նախաձեռնել, թե՞ Ռուսաստանը: Անհերքելի է, որ վաղուց փաստացի գոյություն չունեցող այդ հարթակն այլևս վերակենդանացման շանսեր չունի, համենայնդեպս, տեսանելի ապագայում: Դա Լավրովի կողմից առկա փաստի արձանագրում էր և ոչ թե նոր իրողության բացահայտում:

Պարո՛ն Բաղդասարյան, իսկ Հայաստանի համար շահավետ կլիներ, եթե արցախյան հակամարտությունը կարգավորվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի՞ ձևաչափում, թե՞ հայ-ռուս-ադրբեջանական տիրույթում, ինչպես ասում եք:

– Չեմ կարծում, թե որևէ նշանակություն ունի, թե ինչ ձևաչափով կլուծվի այդ հարցը: Խնդիրն այն է, որ այն ձևով, ինչպես մենք ենք պատկերացնում այդ կարգավորումը, դա նույնքան անիրատեսական է և՛ Մինսկի խմբի ձևաչափով, և՛ Ռուսաստանի միջնորդության դեպքում, որովհետև երկու հարթակներն էլ՝ առանձին-առանձին, ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և խնդիրն ընդամենը Արցախի անվտանգության ինչ-ինչ երաշխիքներն էին, որոնք գործնականում ապահովում է միայն Ռուսաստանը:

Լավ կլիներ, որ ռուս խաղաղապահներն ունենային միջազգային մանդատ, բայց չեմ կարծում, թե այս իրավիճակում միջազգային հանրությունը, ինչ-որ կառույցներ ընդհանրապես որևէ մանդատ կտան ռուսներին, առավելևս՝ զինվորական կառույցներին:

Իսկ այս իրավիճակում հակամարտության ինչպիսի՞ կարգավորում կլինի:

– Հակամարտության կարգավորում մոտ ապագայում չեմ տեսնում, որովհետև այնպես, ինչպես բրյուսելյան հանդիպման ժամանակ էի պատկերացնում, այսինքն՝ փորձել կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերություններն ու ընդհանրապես չանդրադառնալ Արցախի խնդրին, չեմ կարծում, թե կտանի կարգավորման:

Հակամարտության առանցքում Արցախն է, ու եթե Արցախն անտեսում եք, ուրեմն հարցն ընդհանրապես, հայ-ադրբեջանական հարաբերություններն ինչպե՞ս կկարգավորվեն, ինչ փաստաթղթեր էլ ստորագրվեն, լինելու է ընդամենը թղթի կտոր, որովհետև իրավիճակը Արցախում ցանկացած պահի կարող է պայթել, իսկ այդ պարագայում ցանկացած ստորագրված համաձայնություն ուղղակի կմնա թղթի վրա:

Ստացվում է, որ Ռուսաստանը դեմ է նաև այդ բրյուսելյան հանդիպմա՞նը, թեև պաշտոնապես ողջունում էին:

– Խոսքիս սկզբում ասացի, որ Լավրովի խոսքը հստակ մեսիջ էր, որ, կոպիտ ասած, իզուր եք Արևմուտքում հարթակներ փնտրում, նրանք ձեր շահերին դավաճանելու են, դուք փախչելու տեղ չունեք, իսկ բոլոր գործնական լծակները, եթե այդպիսիք կան, Ռուսաստանում են և ոչ թե հեռավոր Արևմուտքում:

Պարո՛ն Բաղդասարյան, Ռուսաստանը նման մեսիջներ կամ գուցե ուղիղ խոսք կասի նաև Նիկոլ Փաշինյանի՞ն, երբ նա ապրիլի 19-ին պաշտոնական այցով մեկնի Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման:

– Կարծում եմ, որ շատ ավելի կոշտ է լինելու այդ խոսակցությունը, և, ամենայն հավանականությամբ, Հայաստանի առջև դնելու են նաև ՄԱԿ-ում այս վերջին քվեարկությանը Հայաստանի չմասնակցելու հարցը, ու Հայաստանից շատ ավելի կոնկրետ պահանջելու են վերջապես կողմնորոշվել՝ ինքը Ռուսաստանի բարեկամների մե՞ջ է, թե՞ թշնամիների, որովհետև Ռուսաստանն արդեն միջազգային դիրքորոշումներ չի ընկալում և չեզոքությունը ընկալում է թշնամական վերաբերմունք:

Նիկոլ Փաշինյանի առջև հստակ ընտրություն կատարելու պահանջ է դրվելու՝ Ռուսաստան կամ Արևմուտք, այսինքն՝ նրան հստակ ասվելու է, որ մանևրելու, խաղեր տալու ժամանակներն անցել են, հիմա աշխարհը շատ ավելի լարված ու բևեռացված է, ու այդ պարագայում Հայաստանը պետք է հստակ որոշում կայացնի:

Երբ Նիկոլ Փաշինյանին այդ երկընտրանքի առաջ կանգնեցնեն, ըստ ձեզ՝ ո՞ր կողմի ընտրությունն առավել շահավետ կլինի Հայաստանի համար:

– Իրողությունների բավարար ինֆորմացիայի չեմ տիրապետում, որպեսզի ենթադրեմ, թե որ ընտրությունն ավելի ճիշտ կլինի: Ամեն դեպքում, այդ որոշումը պետք է կայացվի՝ հաշվի առնելով հստակ իրողությունները, ուժերի հավասարակշռությունը:

Որոշումը պետք է կայացվի համակողմանի քննարկումների արդյունքում, որովհետև ինչ որոշում էլ կայացվի՝ լինելու է ճակատագրական, և անընդունելի է, որ դա արվի ինչ-որ էմոցիաների ազդեցության տակ կամ նախկինում ինչ-ինչ բևեռներին տված խոստումներից ելնելով: Հայաստանը պետք է շատ հստակ պատկերացնի, թե որոշումներից յուրաքանչյուրի դեպքում ինչ է սպասելու մեզ ու Արցախին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am