Ծնունդների թիվը հունվար-հուլիսն ընկած ժամանակահատվածում 3,6 տոկոսով աճել է՝ նախորդ տարվա համեմատ. Արտակ Մարկոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձնացված գործառույթների համակարգող խորհրդական Արտակ Մարկոսյանը

– Պարո՛ն Մարկոսյան, նախորդ տարի Հայաստանում ծնունդների թիվն աճել է՝ հասնելով մոտ 22.000-ի: Կխնդրեմ առավել մանրամասն ներկայացնեք՝ ի՞նչ պատկեր ունենք, և արդյոք այդ աճը պահպանվե՞լ է նաև այս տարի:

– 2020 թվականին ունեցել ենք ծնունդների ոչ մեծ, բայց աճ: 2014 թվականից ծնունդների բացարձակ թիվն անընդմեջ ընկնում էր՝ 43.000-ից իջել էր՝ 2018 թվականին հասնելով 36.041-ի: 2020 թվականին ծնունդների բացարձակ թիվն աճել էր մոտավորապես 312-ով՝ 2018 թվականի համեմատ: Այս տարի ևս ունենք ծնունդների աճ՝ նախորդ տարվա հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածի համեմատ՝ 3,6 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի ծնվել է մոտավորապես 20.126 երեխա: 

Ծնունդների աճին զուգահեռ ունենք նաև մահերի աճ՝ նախորդ տարվա պատերազմի և COVID-ի հետևանքով: Այս երկու հանգամանքով պայմանավորված՝ ունեցել ենք ամենացածր բնական աճի ցուցանիշը, նախորդ տարի մահերի թիվը 36.170 է եղել, որը ներառում է և՛ պատերազմում զոհվածների, և՛ համավարակի հետևանքով մահացածների թիվը: Այս հանգամանքով պայմանավորված ունեցել ենք ընդամենը 183 բնական աճ, որը 2018 թվականի համեմատ շատ ցածր է, 2018-ին բնական աճը եղել է 9900:

– Ծնունդների նախորդ տարվա աճն ինչո՞վ էր պայմանավորված:

 – Նախորդ տարվա աճն ապահովել են կոնկրետ երրորդ ու հաջորդ երեխաների ծնունդները, քանի որ առաջին ու երկրորդ երեխաների կարգաթվում 2010 թվականից ունեցել ենք ծնունդների անկում, որը գնալով մեծանում է, որի պատճառը օբյեկտիվ է՝ ամուսնացողների թիվը նվազում է, նվազելու է նաև ծնունդների թիվն այդ կարգաթվերում: 

– Պարո՛ն Մարկոսյան, ծնունդների աճն ապահովվում է ի հաշիվ Երևանի՞, թե՞ մարզերի:

– Հիմնական աճն ապահովում է Երևան քաղաքը, գյուղական համայնքներում խնդիր ունենք: Մարզերն արդեն իսկ գտնվում են դեպոպուլյացիայի գոտում: Այս տարի միայն Երևան քաղաքում և Գեղարքունիքի մարզում՝ հունվար-հուլիսի կտրվածքով դեպոպուլյացիա չիգրանցվել: Մյուս բոլոր մարզերում մահերի թիվը գերակշռող էր՝ պայմանավորված համավարակով: Սրանով էլ պայմանավորված՝ բավականին նվազում է բնական աճի ցուցանիշը, այլապես ծնունդներն այս պահին նորմալ են, ինչը, սակայն, չպետք է մեզ հանգստացնի:

– Մարզերում ծնելիության ցածր ցուցանիշն ինչո՞վ է պայմանավորված:

– Արտագաղթով ու սոցիալ-տնտեսական իրավիճակով: Ոչ միայն երկրից են դուրս գալիս, այլ նաև տեղափոխվում են Երևան, և վերարտադրողական տարիքի մարդկանց թվաքանակի նվազման հետ կապված այդպիսի իրավիճակ ունենք կոնկրետ մարզերում: Ընդհանրապես, մենք հիմա քաղում ենք 1991 թվականից սկսված ու մինչ օրս՝ որևէ միջոցառմամբ արտագաղթի հոսքը չնվազեցնելու պտուղները: 

– Գերակշռողը արակա՞ն, թե՞ իգական սեռի ծնունդներն են:

– 2020 թվականին արձանագրվել է ամենալավ ցուցանիշը՝ վերջին 15 տարվա կտրվածքով, մոտավորապես 100 աղջկան բաժին է ընկնում 106-108 տղա: Բնականաբար, այստեղ խնդիր ունենք երրորդ ու հաջորդ երեխաների պարագայում, որովհետև սեռով պայմանավորված հղիության ընդհատումները սկսվում են երրորդ ու հաջորդ երեխայից:

Առաջին ու երկրորդ երեխաների կարգաթվում ամեն ինչ նորմալ է, համապատասխանաբար՝ 100 աղջկան մոտավորապես 103-104 տղա, 100-ին՝ 105, ինչն ամբողջությամբ նորմայի մեջ է: Հիմա երրորդ ու հաջորդ երեխայի պարագայում խնդիր ունենք, եթե այդ խնդիրն էլ կարողանանք լուծել՝ կարծում եմ, որ հաջորդ տարիներին կգանք նորմալ ցուցանիշի: Նախորդ տարվա ցուցանիշից դատելով՝ կարող ենք ասել, որ դինամիկան դրական է:

– Իսկ ծնելիության աճը խթանելու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ի՞նչ նոր ծրագրեր է նախատեսում, կամ արդեն մշակված կան, պարո՛ն Մարկոսյան:

– Նախորդ տարի նման բավականին ծրագրեր արվեցին, բարձրացվեց առաջին և երկրորդ երեխայի միանվագ դրամական նպաստը, գյուղական համայնքներում են իրականացվում որոշակի ծրագրեր: Արդեն կառավարությանն ենք ներկայացրել «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հստակեցնել բազմազավակ ընտանիք ասվածը, կարգավիճակը և նրանց տրվող արտոնությունները: Այս նախագծով կլուծվի միանգամից երկու հարց՝ և՛ բազմազավակ ընտանիքների խնդիրը, և՛ կնպաստի ծնունդների թվաքանակի աճին: 

Կա նաև ծրագիր, որ 2022-2026 թվականների ընթացքում երրորդ ու հաջորդ երեխայի ծնվելու պարագայում՝ մինչև վեց տարեկանը լրանալը ամսական տրամադրվում է 50 հազար դրամ նպաստ: Ներկայացվել են գյուղական բնակավայրերում եկամուտ ստեղծող գործունեությանը միտված ծրագրեր:

Կառավարությունը վերջնական ի մի կբերի այս ծրագրերը, և, կարծում եմ, որ մոտակա ժամանակահատվածում այդ բոլոր ծրագրերը կիրականացվեն: Հիմա նաև հետազոտություն է իրականացվում, որի ամփոփումից հետո կհասկանանք, թե էլ որ ուղղություններով պետք է աշխատանքներ իրականացնել: Ռազմավարությունը պետք է հստակ ու թիրախային լինի, իսկ այդ առումով աշխատանքները չեն դադարելու, որովհետև մենք այլևս այն գոտում ենք գտնվում, որ որևէ բան չձեռնարկելու պարագայում շատ լուրջ հավելյալ խնդիրներ կունենանք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am