«Ֆանտաստիկայի ժանրից է մտածել, որ Թուրքիան հրաժարվել է նախապայմաններից». թուրքագետ

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը

– Պարո՛ն Իսպիրյան, Թուրքիայի ԱԳ նախարարը նշել էր, որ Անկարան և Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն, կբացվի նաև ավիահաղորդակցությունը: ՀՀ ԱԳՆ-ն էլ դրական է գնահատել Թուրքիայի պատրաստակամությունը և նշել, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի: Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը: Ի՞նչը հիմք հանդիսացավ, որ երկու երկրներն էլ երկխոսություն սկսելու պատրաստակամություն հայտնեցին:

– Եթե հաշվի չառնենք այս հայտարարությանը նախորդած դեպքերը, միայն այս հայտարարությունը լսելով կարող ենք ասել, որ Թուրքիայի հայտարարությունը ողջունելի է, ու նա դրական քայլ է անում, բայց… Նախ՝ ավիահաղորդակցության մասով. Ստամբուլի ու Երևանի միջև վաղուց կան ավիաթռիչքներ, առնվազն 20 տարի, ուղղակի ավիաթռիչքներ իրականացնող թուրքական ավիաընկերությունը սնանկացավ, այսինքն՝ զուտ օբյեկտիվ պատճառներով, անկախ քաղաքական թեմաներից, այդ թռիչքները դադարեցվել են:

Ստացվում է, որ Թուրքիան այս հարցը մանիպուլացնում է, իսկ այս հայտարարությանը նախորդող դեպքերին երբ նայում ենք, ամբողջովին այլ պատկեր է ստացվում:

Թուրքիան խոսել է նախապայմանների լեզվով, ավելին՝ Հայաստանի համար անընդունելի նախապայմանների լեզվով, և երկրորդ՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է Ադրբեջանով: Չավուշօղլուի հայտարարության մեջ շեշտվում է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն իրականացնելու է Ադրբեջանի հետ համաձայնեցնելով: Սա ի՞նչ է, եթե ոչ նախապայման, սրան էլ գումարած՝ Թուրքիան իր նախորդ նախապայմաններից չի՞ հրաժարվել, թե՞ հրաժարվել է, ցավոք, մենք դրա մասին չգիտենք:

Բանակցությունները հասարակությունից գաղտնի են պահվում, ու նույնիսկ փորձագետները կդժվարանան հստակ ասել, թե ինչ նախապայմանների շուրջ են բանակցելու կողմերը: Ուրախ կլինեմ, որ ընդհանրապես նախապայմաններ չլինեն, բայց դա ֆանտաստիկայի ժանրից է:

Նախորդ հարաբերությունների կարգավորման ժամանակ էլ, երբ նույնիսկ փաստաթուղթ հրապարակվեց , որ առանց նախապայմանների պետք է լինեն հարաբերությունների կարգավորումները, Թուրքիան հրաժարվեց իր իսկ ստորագրած փաստաթղթից:

– Հայկական կողմը կրկին վերահաստատել է, որ պատրաստ է հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների, բայց դուք ասում եք, որ ֆանտաստիկայի ժանրից է մտածել, թե Թուրքիան կհրաժարվի նախապայմաններից: Այդ պարագայում, ի՞նչ եք կարծում, Հայաստանն ի՞նչ վստահությամբ է ընդունել Թուրքիայի այս առաջարկությունը:

– Այո՛, ես ֆանտաստիկ եմ համարում, որ Թուրքիան կհրաժարվի նախապայմաններից, և դա ապացուցվում է հենց Չավուշօղլուի հայտարարությամբ, որի մեջ կա նախապայման, ասում է, որ հարաբերությունների կարգավորումը համաձայնեցնելու է Ադրբեջանի հետ: Սա արդեն նախապայման է, ու այստեղ ամեն բան վերջանում է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն բազմաթիվ խրթին հարցեր, որոնք գուցե առաջիկա տարիներին էլ լուծում չստանան: Թե Հայաստանն ի՞նչ վստահությամբ է համաձայնել սրան, պետք է հարցնել Հայաստանի իշխանություններին:

– Պարո՛ն Իսպիրյան, իսկ այս գաղտնիությունն ինչո՞վ եք բացատրում, ինչո՞ւ իշխանությունը չի իրազեկում հանրությանը:

– Իրականությունը սեփական ժողովրդից թաքցնելու ցանկությամբ, չեն ուզում իրենց իրական քայլերի մասին տեղյակ լինի հանրությունը:

 – Եթե հնարավոր լինի հարաբերությունների կարգավորման այս գործընթացի մեկնարկը տալ, ապա ի՞նչ ակնկալիքներ ունենա Հայաստանը:

– Ակնկալիքները պետության ու իշխանության համար այլ են: Պետության համար կարևոր է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար ճիշտ քաղաքականություն վարվի ցանկացած պարագայում:

– Թուրքիայի ԱԳՆ-ի այս հայտարարությունը որքանո՞վ է պայմանավորված ՌԴ-ում օրերս կայացած 3+2 ձևաչափի առաջին քննարկմամբ:

– Քանի որ այս պարագայում ևս մենք չունենք պաշտոնական որևէ հաղորդագրություն, թե ինչ է քննարկվել այդ հանդիպմանը, բայց տեսնում ենք, որ անդրկուլիսյան շփումներ են ընթանում Թուրքիայի հետ, կարծում եմ, որ մինչ այդ հանդիպումը խոսվել է այս մասին, իսկ այդ հանդիպման ժամանակ հստակեցրել են անելիքները, ու Չավուշօղլուն բարձրաձայնեց այդ մասին:

– Պարո՛ն Իսպիրյան, իսկ, ընդհանուր առմամբ, Թուրքիայում ինչպե՞ս են արձագանքում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը թե՛ պետական, թե՛ հանրային մակարդակում:

– Հարաբերությունների կարգավորման նախորդ փորձի ժամանակ Թուրքիայում բավականին լայն արձագանք էր լինում գործընթացների մասով, ինչին նպաստում էր նաև պետությունը՝ իր կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով, այսինքն՝ պետությունը ցանկանում էր, որ այդ գործընթացն արձագանք գտնի:

Այսօր չկա նման բան Թուրքիայում, անգամ Չավուշօղլուի այս հայտարարությունը չկա լուրերում առանձնացված: Կարծես թե դա Թուրքիայի համար որևէ նշանակություն չունեցող իրողություն է, Թուրքիան այսօր լուրջ խնդիրներ ունի տնտեսական ու արտաքին ոլորտներում, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը նրանց համար դեռ լուրջ չէ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am