Վերադառնալու մասին Սաակաշվիլիի հայտարարությունը պոպուլիզմ է, նա ընտրվելու շանսեր չունի․ Վրացագետ

«Մեդիալաբի» հարցազրույցը վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ

– Պարո՛ն Մելիքյան, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ մի տեսահոլովակ էր տարածել՝ հայտարարելով, թե վերադառնում է Վրաստան։ Ի՞նչ է դա նշանակում, և, առհասարակ, հնարավո՞ր է դա։

– Դա հասարակ նախընտրական քայլ է, որը միտված է Սաակաշվիլու կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» ընտրազանգվածի մոբիլիզացմանը։ Ասել՝ վերադառնալ, չի նշանակում գործնական քայլեր կատարել։

Դա նոր բան չէ, նա նախկինում ևս հայտարարել էր, թե ծովով լողալով կվերադառնա Վրաստան 2016 թվականի ընտրություններից առաջ, և նույնը տեսնում ենք նաև այսօր։

Քանի որ հետաքրքիր գործընթացներ են ընթանում Վրաստանի քաղաքական և, մասնավորապես, ընդդիմադիր դաշտում, և այսօր կան որոշ ֆորմատներ, որոնց մեջ հիմնական կորիզը կազմում է Սաակաշվիլու կուսակցությունը։ 2013-ից սկսած Վրաստանում Սաակաշվիլին ունի կայուն ընտրազանգված, և այս մեսիջն ուղղված էր հենց այդ ընտրազանգվածին։

Ինչ վերաբերում է Վրաստան վերադառնալուն, նա չի կարող, քանի որ անցնում է որոշ քրեական գործերով, նույնիսկ դատապարտված է։

– Այդ մասին էի ուզում հարցնել՝ նա կարո՞ղ է մուտք գործել Վրաստան։

– Ո՛չ, ո՛չ, երբ նա այդ մասին հայտարարեց, իշխող թիմի ներկայացուցիչները անմիջապես արձագանքեցին՝ այո՛, մենք սպասում ենք, թող վերադառնա, նրան կդիմավորեն օդանավակայանում և բանտ կուղեկցեն։

Սա է իրականությունը՝ նա Վրաստանի օրենսդրությամբ փախուստի մեջ է գտնվում, փորձում է միջամտել ընտրական գործընթացներին Ուկրաինայի տարածքից։ Սաակաշվիլին չունի Վրաստանի քաղաքացիություն, հետևաբար չունի ընտրություններին մասնակցելու իրավունք։

Նա Ուկրաինայի քաղաքացի է, ապրում է այնտեղ, բավական բարձրաստիճան պաշտոնյա է, և այդ պատճառով բավական բարդ իրավիճակ է ստեղծվում վրաց-ուկրաինական հարաբերություններում։

Վրաստանում կա մի լայն զանգված, որը կողմնորոշված չէ՝ տարբեր հարցումների համաձայն՝ նրանք կազմում են 30-40 տոկոս։ Սաակաշվիլիի հույսը, կարծում եմ՝ նաև այդ զանգվածն է։ Կա նաև մի ստվար զանգված, որը պայքարում է Սաակաշվիլու վերադարձի դեմ, և նրանք ընտրություններում պարբերաբար դեմ են քվեարկել նրան։

– Սաակաշվիլիի տեքստը, որով հանդես էր եկել, որոշակիորեն էմոցիոնալ էր, ասում էր, որ սխալներ է գործել ու ընդունում է դրանք․․․

– Այո՛, այո՛, դա հիասթափված զանգվածին ուղղված մեսիջ էր։ Նա իհարկե ունի իր կայուն ընտրազանգվածը, որը գնալու է ու, ամեն սխալներով հանդերձ, նրան կողմ քվեարկի։

Բայց նրա այդ խոսքն ավելի շատ ուղղված էր այն մարդկանց, որոնք 2012-ին հիասթափվել էին նրանից, դրանից հետո նրան միշտ դեմ են քվեարկել, դա նաև ուղղված էր իր երբեմնի թիմակիցներին, որոնք անջատվել էին նրա կուսակցությունից, ստեղծել նոր կուսակցություն՝ «Եվրոպական Վրաստան»։ Միգուցե դրանով նա ձգտում է վերադարձնել իր երբեմնի թիմակիցներին, կուսակիցներին։

Այդ մեսիջները՝ երբ նա ասում է, որ սխալներ է գործել, որ այժմ լավ գիտի՝ ինչպես ծառայել իր ժողովրդին, որ ներողություն է խնդրում, հենց դրա համար էին։ Ես կարող եմ ասել, որ նրա այդ հայտարարությունը պոպուլիզմ է, շատ լավ մտածված, տեսանյութը բավականին էմոցիոնալ էր, սրտեր շարժող, Ուկրաինային նա շնորհակալություն է հայտնում և այլն։

Բայց պետք է հասկանանք, որ այդ ամենը ներքաղաքական գործընթացների մաս է։ Չնայած Վրաստանում ընդդիմությունը միավորվել է, բայց երևում է, որ նրանց մեջ էլ կան անլուծելի խնդիրներ, և Սաակաշվիլու այդ ակտիվությունը կարող է այդ խնդիրները ավելի խորացնել՝ տարաձայնություններ առաջացնելով։

Այս պարագայում իշխանությունները հնարավորություն են ստանում այդ փոշիացած ձայների ֆոնին ընտրությունների արդյունքում ստանալ մեծամասնություն ու ձևավորել կառավարություն։

– Նա, ստացվում է, դրսից է քարոզարշավ իրականացնելու, և կարելի է ասել, որ շանսեր չունի՞։ 

– Այո՛, նման նախադեպ եղել է՝ 2016-ին նա ընտրություններին մասնակցում էր հեռավար՝ տեսակապի միջոցով, ինչը դիտվում էր օրենքի խախտում, ընտրական հանձնաժողովը այդ ամենը արձանագրում էր։

Այո՛, փորձելու է դրսից աջակցել, և եթե հանկարծ բարդ իրավիճակ ստեղծվի, ֆորս մաժորներ լինեն, կորոնավիրուսի լայն տարածում լինի, այդ ապոկալիպտիկ իրավիճակում ընդդիմությունը ձևավորի նոր կառավարություն, և նրա նկատմամբ համաներում հայտարարվի, այդ ժամանակ նա կարող է վերադառնալ։

Նրա թիմակիցները չեն էլ թաքցնում, հայտարարում են, որ եթե նման իրավիճակ լինի, նրան կառաջադրեն վարչապետի պաշտոնում։ Բայց բավականին բարդ է նման բան պատկերացնել, դա անիրատեսական սցենար է։

Այսօր ամեն բան տանում է նրան, որ իշխող կուսակցությունը կկարողանա ձևավորել խորհրդարանական մեծամասնություն, այնուհետև՝ կառավարություն։ Համավարակի դեմ արդյունավետ պայքարն էլ բարձրացրել է իշխող ուժի, մասնավորապես, վարչապետի վարկանիշը, ուստի եթե «Վրացական երազանք» կուսակցության ընտրական ցուցակը ղեկավարի վարչապետը, ապա վերընտրվելու շանսերը մեծ են։

Այս կառավարությունը հակաճգնաժամային բավականին տարբեր ծրագրեր է իրականացրել՝ տրամադրելով բավականին լուրջ գումարներ քաղաքացիներին ու տարբեր խմբերի, հետևաբար ընտրվելու շանսերը մեծ են։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am