Գորգիսյանը վերահաստատում է՝ անկախ ընտրակարգից, ԼՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին

«Լուսավոր Հայաստանը», թեև դեմ է ընտրություններից առաջ ռեյտինգային ընտրակարգը վերացնելուն և փակ ցուցակներով համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացման տարբերակին, սակայն ամեն դեպքում կմասնակցի ընտրություններին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Գորգիսյանը նախ հիշեցրեց, որ դեռ 2016-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկել է ընտրությունների անցկացման համար բաց ցուցակով համամասնական ընտրակարգի:

«2019-ից սկսվել են ԱԺ-ում աշխատանքներ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վրա, և մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել այդ գործընթացների մեջ: ԼՀԿ-ն առաջարկել է բաց համամասնական ընտրակարգ»,- ասաց նա ու ներկայացրեց բաց համամասնական ցուցակի առավելությունները:

Պատգամավորը նշեց, որ իրենց առաջարկով տարբերակը հիմնական տարբերակին զուգահեռ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով:

«Խաղի կանոնները պրոցեսի ընթացքում փոխել չի կարելի ընդհանրապես: Ինչքան էլ խաղի կանոնները հեշտացվեն, բարդացվեն, լավացվեն, վատացվեն, միևնույն է՝ գործընթացը արդեն իսկ սկսված է»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է անելու ԼՀԿ-ն, եթե իշխանությունը ի վերջո փոխի ընտրակարգը, հանի ռեյտինգայինը՝ Գորգիսյանն ասաց. «Կարևոր է ընտրությունները որևէ կերպ չհետաձգելը, կարևոր է դրանց լեգիտիմությունը, կարևոր է, որ դրանով թոթափվի այն լարվածությունը, որ այսօր կա: Դրա համար են մենք նաև պնդում, որ այսօր խաղի կանոնները փոխել պետք չէ: Բայց, եթե այդպես լինի, միևնույն է, «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է ընտրություններին և հաղթելու է»,- նշեց նա:

Ըստ նրա՝ եթե իշխանությունը հակված է գործելու խաղի իր կանոններով, ամեն ինչ իրեն հարմարեցնելով, դա առաջին հերթին վնասելու է ընտրությունների լեգիտիմությանը, լարվածության թոթափմանը ընտրություններից հետո: