Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները կարող են հանդիպել Երևանում. Factor

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայտարարել է, թե Հայաստանում որոշ իրադարձություններն են խանգարել երկուստեք եղած պայմանավորվածությունների կատարմանը (խոսքը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրով անձանց համար սահմանի բացումն է)։ Նա չի մասնամասնել, թե ինչ իրադարձություններ նկատի ունի։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Քըլըչը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև չվերթներ են գործում՝ հավելելով, որ նախ և առաջ պետք է հանդիպել, խոսել ու լուծումներ գտնել։

«Ռուբենին հրավիրել եմ Անկարա, պատրաստ եմ գալ Երևան՝ բանակցությունների համար։ Ավելի քան 1 տարի է՝ չենք կարողանում հանդիպել»,- ասել է նա։ Ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանն ասել է, որ  Հայաստանի և անձամբ իր կողմից որևէ նախապայման չի եղել հանդիպելու հարցում։ ՀՀ ԱԺ փոխխոսնակն ասել է, որ հանդիպման հարցը հնարավոր է լուծել, ավելի ուշ կքննարկեն այն։