Քիչ առաջ Սահմանադրական դատարանն ընդմիջեց հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումների քննությունը, որը մեկնարկել էր երեկ: Այն կշարունակվի վաղը՝ առավոտյան 10.00-24.00` երկու երկարատև ընդմիջմամբ:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկում է 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները` ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։
Բարձր դատարանը միավորել է 4 դիմումները և դրանց քննումը մեկնարկել է երեկվանից:
Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ Դատախազությունը, Ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեփական դիմումի հիման վրա ներգրավվել է որպես երրորդ անձ:
Հիշեցնենք` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 27-ին ամփոփած վերջնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններում ստացել է քվեների 53.91, «Հայաստան» դաշինքը՝ 21.09, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22%-ը: Նշված երեք ուժերն էլ խորհրդարանում խմբակցություններ կունենան: