ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը հավանության արժանացրեց ապաստանի հայցի հետ կապված նախագծի փաթեթը

ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանության արժանացրեց «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: 

«Արմենպրես»ի հաղորդմամբ, հիմնական զեկուցող Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ նախագիծը հանձնաժողովում քննարկվել է առաջին ընթերցմամբ, կատարվել են մի շարք աշխատանքային քննարկումներ, որոնց արդյունքում դետալային կերպով նախագիծը լրամշակվել է:

«Վերջին քննարկման արդյունքում, որին մասնակցում էին Վճռաբեկ դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի մեր գործընկերները, անդրադարձ է կատարվել վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների հարցին, որը ևս լրամշակվել է:

Մեկ փոփոխություն կատարվել է «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում, ըստ որի՝ հստակորեն սահմանվել են այն մարմինները, որոնց վրա պարտավորություն կա ծանուցելու ապաստանի ընթացակարգի մասին այն սուբյեկտներին, որոնք նախատեսված են տվյալ նախագծի կարգավորման շրջանակում»,-ասաց Արմեն Ղազարյանը: Ըստ նրա՝ Վարչական դատավարության օրենսգրքում էլ կատարված փոփոխությունն առնչվում է այն հանգամանքին, որ նմանատիպ գործերը պետք է քննվեն ՀՀ առաջին ատյանի և ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ սա շատ կարևոր նախագիծ է:

«Սա իրականում ուղղված է, այսպես կոչված, «պսևդո-փախստականների» դեմ պայքարին: Երբ անձը, ըստ էության, հատում է Հայաստանի սահմանն ապօրինի կամ օրինական հիմունքներով է գտնվում Հայաստանում, այնուհետև հայտնի է դառնում, որ նրա նկատմամբ իքս երկրում հետախուզում է հայտարարվում:

Դրանից խուսափելու համար, երրորդ երկրում կարգավիճակ ձեռք բերելու նպատակով ոչ բարեխիղճ փաստաբանների օգնությամբ նա ստանում է համապատասխան հուշում, որ եթե դիմի ապաստանի համար, ապա Ժնևի Կոնվենցիայի ուժով իրավունք չեն ունենա իրեն հետ հանձնել իր երկրին:

Սկսվում է մի գործընթաց, որը չի համապատասխանում իրավական պետության չափորոշիչներին, որովհետև, ըստ էության հանցագործություն կատարած անձը արհեստականորեն ձեռք է բերում իքս կարգավիճակ (խմբ.-փախստականի կարգավիճակ) և արդարադատություն չի իրականացվում»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Նրա խոսքով, ծանրաբեռնվածության պատճառով դատական համակարգի գործընթացը բավական երկար է տևում, առաջարկ կա ժամկետների որոշակի սահմանափակումներ դնել, որպեսզի և ապաստան հայցած անձը կարողանա արագ ստանա որոշում ի վերջո պետությունը բավարարելու է իր դիմումը, թե ոչ, և իրավապահներն ունենան կանխատեսելի ժամկետներ, որպեսզի կարողանան իրականացնել իրենց գործընթացը:

Ըստ նախագծի՝ այն օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որն ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, կամ ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ ով ենթակա է հանձնման օտարերկրյա պետությանը, կարող է դիմել ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար այդ իրավունքի մասին ծանուցման պահից՝ 15 օրվա ընթացքում:

Նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող կամ այլ մարմնի, այդ թվումՀայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում՝ Սահմանապահ զորքերի, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Ոստիկանության եւ լիազոր մարմնի պաշտոնատար անձը քրեական հետապնդում հարուցելու, ազատությունից զրկելու, այդ թվում բերման ենթարկելու, ձերբակալելու կամ ազատությունը սահմանափակելու պահից սկսած՝ անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում պարզաբանում է ապաստանի կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար դիմելու վերջիններիս իրավունքը, որի վերաբերյալ տրվում է գրավոր ծանուցագիր, եւ ապահովում նրանց իրավունքի իրացումը՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին նրանց դիմումները լիազոր մարմնին ուղարկելու միջոցով: