Մեր պարտքն է հիշել այն, որ չկրկնվի այլևս երբեք. Իտալացի պատգամավորը՝ Հայոց ցեղասպանության մասին

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Պաոլո Ֆորմենտինին կոչ է անում հիշել 106 տարի առաջ 1,5 մլն հայ ժողովրդի ցեղասպանությունը, որպեսզի այն չկրկնվի այլևս երբեք: Այս մասին պատգամավորն ասել է «Արմենպրես»-ին փոխանցած իր տեսաուղերձում:

«1915թ.-ից 106 տարի է անցել, տարեթիվ, որը համարվում է ողբերգության, մեծագույն չարիքի, Մեծ Եղեռնի սկիզբը։ Մենք հիշում ենք մեկ ու կես միլիոն ժողովրդին, ովքեր կոտորվել են, աքսորվել և նվաստացվել են միայն այն պատճառով, որ գերիշխող էթնիկ խմբի մաս չեն կազմել։ Մենք հիշում ենք, մեր պարտքն է հիշել, որ այն չկրկնվի այլևս երբեք»,- նշել է Ֆորմենտինին:

Պատգամավորը նշել է, որ դժբախտաբար վերջին ամիսներին Լեռնային Ղարաբաղում աշխարհն ականատես եղավ հենց նույն ժողովրդի՝ հայերի ոչնչացմանը։

«Մենք հիշում ենք նրանց, մենք հիշում ենք Անտոնիա Արսլանին, ով ծանոթացրեց իտալացիներին ողբերգության և բնաջնջման հետ, մենք հիշում ենք նրանց այն համայնքներում, որտեղ նրանք հարստացրել են մեր թերակղզին մշակույթով, արվեստով և գիտությամբ։  Խորին հիշողությունը մեր պարտավորությունն է։ Եվ մենք պիտի ընդմիշտ ժխտենք այն, ինչ ասել է Ադոլֆ Հիտլերը 1939 թ-ին․ «Ո՞վ է այսօր հիշում Հայոց ցեղասպանությունը»։ Մենք հիշում ենք»,- եզրափակել է պատգամավորը:

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ 3 տասնյակ պետություն:

Իտալիայի Պատգամավորների պալատը 2000թ. նոյեմբերի 16-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։ 2019թ. ապրիլի 10-ին Պատգամավորների պալատը նախաձեռնություն է հեղինակել, որով կոչ է արել Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իտալիայի մի շարք նահանգային և քաղաքային խորհուրդներ։