«Սա իշխանությունների կազմակերպած ձևական պայքարն է». Վիգեն Ավետիս

«Սա իշխանությունների կազմակերպած ձևական պայքարն է». Վիգեն Ավետիս
«Սա իշխանությունների կազմակերպած ձևական պայքարն է». Վիգեն Ավետիս

«Մեդիալաբի» զրուցակիցն է Ֆլորենցիայի «Հայկական վերածնունդ» շարժման կազմակերպիչ, քանդակագործ Վիգեն Ավետիսը:

-Պարոն Ավետիս, այս փուլում բողոքը նոր թափ է կարծես ստացել, կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ բողոքողների թիվը գնալով ավելանում է: Ձեր կարծիքով՝ ինչի՞ է հնարավոր հասնել այս պայքարի միջոցով:

-Իմ կարծիքով՝ խնդիրները շատ ավելի խորքային են, քան արտաքինից օրենքներ ընդունել կամ չընդունելը: Օրենքներ ընդունելն ու չընդունելը միևնույն է ՀՀԿ-ին է պատկանում: Ինչքան էլ բողոքեն, միևնույն է, ոչնչի չեն հասնի, որովհետև միակ պահանջը, որ պետք է ներկայացնել, դա իշխանափոխությունն է: Հակառակ դեպքում ուղղակի ձևական պայքար է այս ամենը: Ինձ թվում է, որ իշխանությունը համամիտ է այս օրենքի փոփոխությանը, այսինքն՝ սա իշխանությունների կազմակերպած ձևական պայքարն է: Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը Եվրամիության հետ մեկնարկած բանակցությունների մասն էր, այսինքն՝ դրա լինելն ու չլինելը շատ պայմանական է: Հետևաբար, ինձ թվում է, ձևական խնդիրներ են առաջացնում, որպեսզի միգուցե չեղյալ համարեն այս ամենը: Ես համոզված չեմ, բայց ամենայն հավանականությամբ սրանք կառավարության հետ համաձայնեցված բողոքի ակցիաներ են: Օրինակ՝ գազի թանկացման և «Գազպորմին» բաժնետոմսերը հանձնելու որոշումներն ավելի բարդ իրավիճակի մեջ դրեցին մեր երկիրը, բայց նմանատիպ շարժումներ չեղան, իսկ այս շարժումը շատ տարօրինակ կերպով բարձրաձայնվում է, ԲՀԿ-ն, որ սերտ հարաբերությունների մեջ է իշխանությունների հետ, դուրս է գալիս կառավարության դեմ: Մի խոսքով, այս ամենը ձևական խաղեր են, որոնք ոչ մի փոփոխության չեն տանի:

-Իսկ ձեր կարծիքով՝ ո՞րն է  փոփոխության հասնելու ճանապարհը:

-Փոփոխության համար պետք է նախ իշխանափոխություն: Իշխանությունը պետք է փոխվի, ոչ թե իշխանության որոշումները: Այսօր իշխանություն գոյություն չունի, թագավորական իշխանություն է այսօր, նրանց որոշումները պետք է լուրջ քննադատվի ու քննարկվի, բայց քննադատողներ ու քննարկողներ չկան այսօր: Այսօր կա ՀՀԿ՝ իր մականունավոր պատգամավորներով, որոնց մեծամասնության կրթությունը չորրորդ դասարանից այն կողմ չի անցնում: Հետևաբար նման Ազգային ժողովով օրենքներ ընդունելն ու այդ օրենքների դեմ պայքարելը ես անիմաստ եմ համարում: Ուղղակի օր առաջ պետք է ցրել Ազգային ժողովը և րեկորրդ քայլով արդեն իշխանափոխության մասին մտածել: Այդ կրիմինալ Ազգային ժողովի ընդունած որոշումները չպետք է քննարկել ու համազգային հարցեր դարձնել, քանի որ նրանք կոմպետնենտ մարդիկ չեն, նրանք ուղղակի կրիմինալ անցյալով և ներկայումս միլիոններով ինչ-որ երևույթներ են: Հետևաբար, նրանց ընդունած օրենքները լուրջ ընդունել, դա ծիծաղելի է:

-Ասում եք՝ գերխնդիրն իշխանափոխությունն է, ինչպես՞ եք պատկերացնում իշխանափոխությունը, ի՞նչ մեխանիզմեներով:

-Իշխանափոխություն անելը շատ հեշտ է, նույնիսկ փողոց դուրս գալ պետք չէ, ուղղակի պետք է հրաժարվել բոլոր հարկերը վճարելուց՝ սկսելով գազի, էլեկտրաէներգիայի վճարներից, նաև հարկերից: Հայաստանում մնացել է 1.5 մլն բնակիչ, ովքեր գազի և մյուս ծառայությունների դիմաց վճարելու համար չունեն համապատասխան աշխատավարձ, մարդկանց ունեցվածքն այսօր բանկերում գրավ է դրված, հետևաբար ընդամենը 1 մլն քաղացիներ պետք է հրաժարվեն նման կառավարությանը վճարելուց: Ինչի՞ համար վճարել, որպեսզի նրանք շարունակեն կեղեքե՞լ ժողովրդին: Ոչ, պետք չէ, որ ժողովորդը դուրս գա փողոց, ուղղակի պետք է հրաժարվի վճարել բոլոր տեսակի հարկերն ու կոմունալ ծախսերը: Այսպիսով կդադարի նման կառավարության գործունեությունը:

-Հայաստանի այսօրվա պայմաններում դուք դա հնարավոր համարո՞ւմ եք, եթե հաշվի առնենք այն, որ մեր հանրությունը միասնական չէ:

-Մեր հանրությունը միասնական չէ, բայց մարդկանց հասցրել են այն վիճակի, որ ֆիզիկապես վճարունակ չեն: Եթե պետական աշխատողն ամսական ստանում է, օրինակ, 50-70 հազար դրամ աշխատավարձ, և նա պետք  իր տունը տաքացնելու համար վճարի 150 հազար դրամ, այսինքն՝ կրկնակի, դա արդեն ծաղր ու ծանակ է:

-Ինչպե՞ս եք գնահատում կառավարության այն քաղաքականությունը, որ աշխատավարձերի բարձրացման փոխարեն գազի ու էլեկտրաէներգիայի սակագները թանկացան, ինչի հետևանքով բնակչության սոցիալական վիճակն էլ ավելի սրվեց ձմռան ամիսներին:

-Եթե հարցին ուղիղ պատասխանեմ, սա ծրագրված է: Մի հետևություն կարելի է անել այս ամենից՝ ամեն ինչ անում են, որպեսզի անտանելի դարձնեն հայ մարդու կյանքը Հայաստանում, որ օր առաջ մարդը թողնի իր հայրենիքն ու արտագաղթի: Եթե նամատիպ պայմաններ են ստեղծում հայի համար, նշանակում է, որ այսօրվա կառավարությանը Հայաստանում հայ քաղաքացի անհրաժեշտ չէ: Եթե դու ստեղծում ես անտանելի իրավիճակ՝ սոցիալական, և իրավական, հետևաբար դու ստիպում ես մարդանց ուղղակի փախուստի դիմել: Ընդհանրապես նման իրավիճակում ժողովուրդը հանցագործ է դառնում, բայց քանի որ հայ ազգը ավազակ և գող ազգ չէ, հետևաբար դիմում է արտագաղթի: Գնում է, որ գլուխը մեղքի տակ չդնի:

Մարի Ներսեսյան

© Medialab.am