Ամոթի դառը հետևանքները. լոգարանում ծննդաբերած կինը հավատացնում է, թե ինքն ամաչել է այդ տարիքում երեխա ունենալ, բայց երեխային ինքը չի սպանել

Վերջին շրջանում հանրապետական մամուլը ողողված է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած մանկասպանության դեպքի մասին լուրերով:
Լուրեր են պտտվում, որ Վանաձորի բնակչուհի Աստղիկ Մանուկյանը (անունները փոխված են) տան լոգարանում երեխա է ծննդաբերել, ապա պոլիէթիլենային տոպրակով խեղդամահ արել նրան:
44-ամյա կինը հերքում է վերջերս պտտվող լուրերն այն մասին, թե ինքը խեղդամահ է արել երեխային: «Մեդիալաբի» հետ զրույցում նա հայտարարել է, որ ամաչել է այդ տարիքում երեխա ունենալուց, բայց մանկասպանության քայլին երբեք չէր գնա:
«Ես ամաչել եմ էդ տարիքում երեխա ունենամ, բայց երեխա սպանելու քայլին չէի գնա,- «Մեդիալաբին» ասել է վեց երեխաների մայրը,- ես նման բանի ընդունակ չեմ»:

Երեխային Աստղիկ Մանուկյանն ինքնուրույն է ծննդաբերել` տան լոգարանում: Նա պնդում է, որ երեխան մահացած է ծնվել, և քանի որ տան անդամներն էլ նրա գոյության մասին չեն իմացել, ինքը որոշել է երեխայի մարմինը թաքցնել:

«Երեխան կենդանի չի ծնվել: Ես դեղեր էի ընդունել, որ վիժեմ: Բայց չվիժեցի: Փաստորեն երեխու վրա ազդել ա, կենդանի չի ծնվել: Որ կենդանի լիներ, հաստատ կպահեի: Բայց որ անկենդան էր, փաթաթեցի, պահեցի, ասի, հետո լաց կլինեմ…»,- պատմում է նա:

Սա Մանուկյանի առաջին ծննդաբերությունը չէ, որն ինքը միայնակ է գլուխ բերել: Դուստրը` 5-ամյա Աննան, նույնպես նման կերպ է ծնվել:

Հինգ տարի առաջ վեցերորդ երեխայի՝ Աննայի գոյության մասին ընտանիքի անդամները նրա ծնվելուց հետո են իմացել: Մայրը թաքցրել է հղիությունը: Երեխայի ճիչը լսելուն պես տան անդամները վազել են լոգարան ու հայտնաբերել փոքրիկին: Տուն հրավիրված բուժքրոջ ջանքերով էլ երեխան ողջ է մնացել:

Պատմությունը փաստորեն կրկնվել է նաև այս տարի` հունվարի 7-ի վաղ առավոտյան, երբ տան լոգարանում Աննայի մայրը նորից է երեխա է ունեցել:

44-ամյա կինը երկրորդ անգամ տան անդամներից թաքցրել էր հղիության փաստը՝ կազմվածքի փոփոխությունները պայմանավորելով թոքերում ջուր հավաքվելու հետ:

«Թոշակով, նպաստով ապրող մարդիկ ենք, գումար չկար, որ տանեինք թոքերը ստուգելու: Փող էլ չես տալիս, տեր չեն կանգնում: Անտեղի տեղը գնայի, ի՞նչ անեի»,- հարսին բժշկի չտանելու պատճառների մասին է պատմում սկեսրայրը՝ Սուրեն Մանուկյանը:

Ծննդաբերությունից Աստղիկի մոտ սկսված արյունահոսությունն էլ պատճառ է դարձել, որ նրան հիվանդանոց տանեն: Տնեցիները երեխայի գոյության մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ դեպքի առիթով հիվանդանոց գնացած ոստիկանները եկել են տուն ու տարել նորածնի մարմինը:

«Եկան, կնոջս ասին, թե որտեղ ա երեխեն, կինս էլ բերեց, տվեց նրանց»,-պատմում է սկեսրայրը:

Ոստիկանները երեխային թաքցնելու տեղը Աստղիկից են իմացել. հիվանդանոցում հարցաքննել են:

Սկեսրայրն ասում է, որ ոստիկանները գրեթե անգիտակից Աստղիկին հարցաքննել են՝ առանց իրենց տեղյակ պահելու և որոշել, որ երեխային նա է սպանել:

«Տարան հիվանդանոց, բժիշկն ինձ նայում էր, մեկ էլ տենամ` լիքը մարդիկ լցվեցին կաբինետ, միլիցեք, շատ էին՝ մոտ 10 հոգի: Ոստիկանի շորով չէին, քաղաքացիական հագուստով մարդիկ էին: Բոլորը հարցեր էին տալիս, գլխի չեմ` ի´նչ եմ ասել-ի´նչ չեմ ասել, չգիտեմ: Չեմ հիշում՝ ով ի´նչ ա հարցրել, ես ի´նչ եմ պատասխանել»,- նեղսրտած պատմում է տիկին Աստղիկը:

Մանուկյանների ընտանիքը կարծում է, որ իրենց մեկ անգամ էլ պետք է հարցաքննեն:

Սակայն դրանից հետո ոստիկաններն էլ իրենց չեն անհանգստացրել, ու իրենք տեղակ չեն, թե գործին ի´նչ ընթացք է տրվել:

«Անորոշ, լարված վիճակ ա, անպաշտպան եմ ինձ զգում, գլխի չենք՝ հետո ո՞նց կլինի, ի՞նչ կլինի»,- տարակուսում է վեց երեխաների մայրը:

Նա ասում է, որ իր հայրական ընտանիքում իրեն խստությամբ են մեծացրել, ինքն էլ չի փորձել «շեղվել» ընդունված կանոններից:

Այժմ էլ, երբ տանը հարս ու կնության տված աղջիկ ուներ, ամոթ է համարել այդ տարիքում երեխա ունենալը, մանավանդ որ աղջիկը վերջերս է երեխա ունեցել:

«Թաքցրել եմ հղիությունս, ծննդաբերության ժամանակ էլ օգնություն չեմ կանչել, ամոթ էր, չափահաս երեխեք ունեմ, թոռան տեր կին եմ»,- պատճառների մասին է պատմում Աստղիկը:

Սկեսուրը՝ Մարգարիտան, «Մեդիալաբին» ասում է, որ իր հարսը շատ զուպ, չշփվող, ամոթխած անձնավորություն է, անգամ տարիները չեն փոխել նրան, սակայն չի ընդունում Աստղիկի «ամաչելը»:

«Էդ տարիքում հղիանալն ամոթ չի, որովհետև նա ամուսին ունի: Հարևանից չի բերել, որ ես դա ամոթ համարեմ: Ամոթը այ հիմի եմ համարում: Էս ոսկի օջախը խայտառակ եղավ: Շենքում մի կնիկ եմ եղել, հիմի անկողնային եմ: Եթե առաջ ես կարայի 10 դրամ աշխատեմ, բերեմ՝ իմ երեխեն ուտեր, հիմի մարդկանց երեսին նայել չեմ կարողանում: Շատ մեծ ամոթ ա»,- սրտնեղած պատմում է 73-ամյա Մարգարիտան:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 106-րդ հոդվածի հատկանիշներով (մոր կողմից ծննդաբերության կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաև հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձորի քննչական բաժանմունքի քննիչ Վաղինակ Մարտիրոսյանն ասել է, որ գործը նախաքննության փուլում է:

«Հանգամանքները ճշտվում են»,- «Մեդիալաբին» ասել է նա:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

© Medialab.am