Հայաստանը սպասում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը իր դիմումին՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Այս պահի դրությամբ դիմումից հետո ստացել ենք արձագանք ադրբեջանական կողմից մեր ներկայացրած խնդրանքի վերաբերյալ, ներկայացրել ենք նաև դրան մեր պատասխանը, ներկայացրել ենք լրացուցիչ ապացույցներ, և այս պահի դրությամբ սպասում ենք արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որը կներկայացվի շուտով»,- ասաց Կիրակոսյանը:
Նա հիշեցրեց, որ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին կայացրել էր որոշում՝ կիրառելով ժամանակավոր միջոց Ադրբեջանի նկատմամբ՝ պարտավորեցնելով, որ Ադրբեջանը վերացնի Լաչինի միջանցքի վրա գտնվող ցանկացած խոչընդոտ և ապահովի երկու ուղղություններով ազատ անցումը տրանսպորտային միջոցների ու բեռների համար:
«Ցավոք սրտի, դրանից հետո Ադրբեջանը ոչ միայն անտեսեց որոշումը, այլ նաև ավելի սրեց իրավիճակը՝ դնելով անցակետ Լաչինի միջանցքում: Դրանից հետո մենք դատարանին պարբերաբար ներկայացրել ենք ամփոփ տեղեկատվություն, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը: Անցակետը դնելուց հետո անհրաժեշտություն առաջացավ նոր խնդրանքով դիմել դատարանին և խնդրել, որ դատարանն ավելի կոնկրետացնի փետրվարի 22-ին իր կիրառած միջանկյալ կամ ժամանակավոր միջոցը, ավելի հստակեցնի այն՝ հաշվի առնելով Ադրբեջանի հակաիրավական վարքագիծը»,- եզրափակեց նա: