Կամչատկայում գրանցվել է 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը, ցունամի. հազարավոր մարդիկ տարհանվել են

Կամչատկայի երկրամասում գրանցվել է վերջին տասնամյակների ամենաուժեղ երկրաշարժը։ Երկրաշարժի ուժգնությունը, ըստ տարբեր գնահատականների, հասել է մինչև 8.7 մագնիտուդի, իսկ որոշ տվյալներով՝ մինչև 8.8։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ ցունամի է գրանցվել Հյուսիսային Կուրիլսկի ափերին, իսկ Ելիզովի շրջանում ալիքների բարձրությունը կազմել է 3–4 մետր։

Սեյսմոլոգները երկրաշարժը գրանցել են հուլիսի 30-ին, ժամը 12:00-ին ըստ Կամչատկայի ժամանակի (Մոսկվայի ժամանակով՝ 03:00)՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաքից մոտ 150 կմ հարավ-արևելք։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 17 կմ խորության վրա։

Ցնցումների ուժգնությունը Կամչատկայում կազմել է 7–8 բալ, իսկ մայրաքաղաքում դրանք զգացվել են 3 բալ ուժգնությամբ։ Տարածքում գրանցվել են նաև 5.1–5.8 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ, ընդ որում՝ մեկ ժամում 8 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնց մեծ մասն ավելի քան 5 մագնիտուդ ուժգնությամբ։

Մասնագետների կանխատեսմամբ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Կամչատկայում կարող են արձանագրվել մինչև 7.5 մագնիտուդի հետցնցումներ։ Ներկայում գրանցվել է ավելի քան 50 հետցնցում, որոնց մեծ մասը մարդկանց կողմից չի զգացվել։

Ցունամիի վտանգի պատճառով Կուրիլյան կղզիներից տարհանվել է շուրջ 2,700 մարդ։ Հյուսիսային Կուրիլսկում բնակիչներին ժամանակին տարել են բարձունքային անվտանգ գոտիներ։