«Ադրբեջանի լծակները բավական քիչ են՝ խոչընդոտելու ՄԽ համանախագահների գործունեությունը». Տարոն Հովհաննիսյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, պաշտոնական Ադրբեջանում ի՞նչ դիրքորոշում ունեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Ինչպե՞ս են արձագանքել Ռուբինյան-Քըլըչ առաջին հանդիպմանը։

– Ֆորմալ առումով՝ Ադրբեջանի կողմից ակնհայտ բացասական գնահատականներ չեն եղել այդ հանդիպման վերաբերյալ։ Ադրբեջանի վերաբերմունքն այդ հարցի վերաբերյալ բավականին փոխվել է, դա իհարկե կախված է նաև Թուրքիայի դիրքորոշումից, հօգուտ Ադրբեջանի՝ Թուրքիայի դիրքորոշման կոշտացումից Հայաստանի հետ հարաբերություններում։

Եթե ուշադրություն դարձնենք թուրքական կողմի հայտարարություններին, ի թիվս այլ հայտարարությունների, օրինակ՝ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարություններին, ապա բոլոր տեղերում թուրքական կողմը նշում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելիս իրենք անընդհատ խորհրդակցում են Բաքվի հետ, հաշվի են առնում նրանց կարծիքը։

Ադրբեջանական կողմն էլ, իհարկե, այդ ուղերձները Թուրքիայից ստանում է։ Ադրբեջանական կողմի մեկնաբանությունները հիմնականում այնպիսին են, որ, այո՛, մեզ համար լավ է, որ այդ հարաբերությունները կարգավորվեն, բայց պայմանով, որ հայերը պետք է հրաժարվեն Ցեղասպանության ճանաչումից, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, պետք է համաձայնեն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացմանը և այլն, ու այդ դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն։

– Եթե թուրքական կողմը նշում է, որ այս գործընթացի մանրամասները համաձայնեցնում են Ադրբեջանի հետ, վերջինս էլ, ինչպես ասացիք, հստակ նախապայմաններ է առաջադրում, իսկ Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ների տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը համաձայնել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների, արդյոք այստեղ հակասություններ չկա՞ն, ինչպե՞ս կարող է Ադրբեջանը համաձայնել այս գործընթացին, եթե այն իր առաջ քաշած նախապայմաններով չի ընթանում։

– Չէի ասի, թե հստակ հակասություն կա, որովհետև համեմատելի բաները չենք համեմատում․ մի կողմից կողմերի հայտարարությունները, մյուս կողմից՝ Ադրբեջանի, որը, համենայնդեպս դե յուրե, այս գործընթացի կողմ չէ, այսինքն՝ նա չի որոշում, թե Թուրքիայի տեսակետն այս հարցում ինչպիսին պետք է լինի, կամ Թուրքիան ինչ նախապայմաններ առաջ քաշի։

Հետևաբար, Ադրբեջանը ոչ թե առաջ է քաշում և դե յուրե էլ չի կարող առաջ քաշել նախապայմաններ, այլ հնչեցնում է, որ իրենց համար ցանկալի է, որ հարաբերությունների կարգավորումը լինի այդ նախապայմաններով, և այդ դեպքում իրենց համար դա կլինի ընդունելի, հակառակ դեպքում ՝ ընդունելի չէ։ Ադրբեջանական կողմի հայտարարությունները, ըստ էության, դրան են վերաբերում։

Հակասություններ կարող ենք փնտրել հենց թուրքական կողմի հայտարարություններում: Ամեն անգամ, երբ թուրքական կողմը բացահայտ ադրբեջանամետ հայտարարություններ է անում, այս մասով՝ դե ֆակտո, հայտարարություններիզ զատ, թուրքական կողմը իրապես պատրա՞ստ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը և իրապես հետ կկանգնի՞ պրոադրբեջանական նախապայմաններ առաջ քաշելուց, թե՞ ոչ։ Այս հարցն է պետք քննության ենթարկել, թե չէ ադրբեջանական կողմից ինչ հայտարարություններ ասես կարող են հնչել։

– Կարծում եք՝ Թուրքիան իրոք պատրա՞ստ է առանց նախապայմանների շարունակելու բանակցությունների հետագա ընթացքը, թե՞ հետագայում կառաջադրի իր նախապայմանները։

– Որևէ բան չեմ կարող բացառել կամ հաստատել, դա կախված է գործընթացից, ու որևէ բան չի կարելի բացառել այս պահին՝ հաշվի առնելով նաև պատմական փորձը։

– Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման այս՝ չորրորդ փորձի հաջողության հասնելու նախադրյալներ տեսնո՞ւմ եք, պարո՛ն Հովհաննիսյան։

– Չեմ կարող այդ մասով հստակ բան ասել, որովհետև բավականին լուրջ խնդիրներ կան, ու դրանք շարունակում են չլուծված մնալ, հետևաբար բավական ցածր է հավանականությունը, որ ռեալ կարգավորման գործընթաց կարող է գնալ, բայց հստակ պատասխանել կդժվարանամ։

– Փաստորեն, Ադրբեջանում չե՞ն հրաժարվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ու խաղաղության պայմանագրի ստորագրման գաղափարից։

– Հայտարարությունների մակարդակով, համենայնդեպս, նմանատիպ դիրքորոշում չեն արտահայտել, որ պատրաստ են հրաժարվելու, բայց թե իրական գործընթացն ինչպե՛ս կընթանա՝ կախված չէ միայն իրենց ցանկությունից: Այստեղ շատ կարևոր է այս մասով գլխավոր միջնորդ կողմի՝ Ռուսաստանի դիրքորոշումը, նաև շատ կարևոր է Հայաստանի դիրքորոշումը և այն, թե ինչպես Հայաստանը կկարողանա այդ դիրքորոշումը պաշտպանել ու առաջ տանել։

Իսկ Ադրբեջանում, հայտարարությունների մակարդակով, մինչ օրս էլ շարունակում են պնդել, որ իրենց պետք է միջանցք, և որ Հայաստանը պետք է ամբողջությամբ հրաժարվի Արցախից ու ճանաչի, այսպես կոչված, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի պաշտոնական այս դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել։

– Պարո՛ն Հովհաննիսյան, օրերս տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահը նշել էր, որ խոչընդոտելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները։ Ունի՞ նման լծակներ Իլհամ Ալիևը, որ թույլ չտա Մինսկի խմբին շարունակել աշխատանքները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ։

– Այնպես չէ, որ աշխատանքներ այս պահին կան, չեմ բացառում, որ նրանք ընթացքում կփորձեն ավելի ակտիվանալ, որովհետև նրանց կողմից տարածվող հայտարարությունները դա են ցույց տալիս։

Կհաջողվի՞ Ադրբեջանին խոչընդոտել համանախագահների աշխատանքները, կարծում եմ՝ զգալիորեն կախված է Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումից ու իրենց որդեգրած դիրքորոշմանը հետևողական լինել-չլինելուց, որովհետև այդ պարագայում Ադրբեջանի լծակները բավական քիչ են՝ խոչընդոտելու վերջիններիս գործունեությունը, անգամ Թուրքիայի բացարձակ աջակցության պարագայում

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am