Հանցագործությունների թիվն աճել է․ որ հանցատեսակներն են առավել մեծ աճ արձանագրել. Fip.am

Վիճակագրական կոմիտեն վերջերս հրապարակեց այս տարվա առաջին 7 ամիսներին հանրապետությունում արձանագրված հանցագործությունների վերաբերյալ վիճակագրությունը, ըստ որի՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է հանցագործությունների թվի 6․7 տոկոս աճ։ Նախորդ տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածում արձանագրվել էր 14,238 հանցագործության դեպք, մինչդեռ 2020-ին՝ 15,196 դեպք։

Հանցագործությունների աճ է արձանագրվել ինչպես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում, այնպես էլ՝ թեթև և միջին ծանրության հանցագործությունների։ Սրանց թվում կարելի է առանձնացնել ծանր հանցագործությունների ավելի քան 11 տոկոսանոց աճը։ Եթե նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսներին այս հանցագործությունների թիվը կազմել էր 2217, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվն աճել է 250-ով։

Անձի դեմ ուղղված հանցագործություններ

Այս տարվա առաջին 7 ամիսներին ավելացել են նաև անձի դեմ ուղղված հանցագործությունները։ Եթե նախորդ տարի գրանցվել էր 2364 նման հանցագործության դեպք, ապա այս տարի դրանց թիվն աճել է 124-ով կամ 5․2 տոկոսով։

Բացի սպանության և մարդու թրաֆիքինգի դեպքերից, որոնք պակասել են համապատասխանաբար 1 և 2 դեպքերով, մարդու/անձի դեմ ուղղված մյուս հանցագործությունների թիվն աճել է։

Հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններն այս տարվա առաջին 7 ամիսներին աճել են ավելի քան 18 տոկոսով։ Եթե նախորդ տարի արձանագրվել էր այս տեսակի հանցագործության 2141 դեպք, ապա այս տարի դրանց թիվը 2532 է։

Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպքերը նվազել են՝ նախորդ տարվա 806 դեպքի դիմաց այս տարի կազմելով 677, իսկ դրանց հետևանքով զոհվել է 89 մարդ, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում զոհերի թիվը 131 էր։

Ավելի քան 25 տոկոսով աճել է խուլիգանությունների թիվը։ Եթե նախորդ տարի արձանագրվել էր խուլիգանության 163 դեպք, ապա այս տարի՝ 205։

Մոտ 21 տոկոսով կամ 109 դեպքով ավելացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը։

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ 

Նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ մոտ 500 դեպքով կամ 7 տոկոսով ավելացել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Եվ եթե պետական կամ հանրային գույքի հափշտակությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե չի փոխվել (279 դեպք՝ նախորդ տարվա 277 դեպքի փոխարեն), ապա մոտ 4 տոկոսով կամ 300 դեպքով ավելացել են անձնական գույքի հափշտակությունները։ Այս տարի արդեն իսկ արձանագրվել է հանցագործությունների 6,833 նման դեպք։

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններից նվազել են ավազակության (18 դեպք նախորդ տարվա 45 դեպքի համեմատ), բնակարանային գողության (738 դեպք նախորդ տարվա 876 դեպքի համեմատ) և տրանսպորտային միջոցների առևանգման (19 դեպք նախորդ տարվա 45 դեպքի համեմատ) դեպքերը։

Ավելացել են կողոպուտի (6 դեպքով), գողության (125 դեպքով), խարդախության (142 դեպքով), յուրացման կամ վատնման (36 դեպքով) և սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունները (224 դեպքով)։

Այլ հանցագործություններ

Այլ հանցագործությունների թվում կտրուկ աճ են արձանագրել տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։ Այս տարվա հունվար-հունիս ամիսների արձանագրվել է նման հանցագործության 532  դեպք, ինչը 126-ով կամ 31 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված թվից։

32 տոկոսով ավելացել է կեղծ փողերի շրջանառությունը։ Ավելի քան 2 անգամ ավելացել են փողերի լվացման դեպքերը։ Նախորդ տարվա 6 նման դեպքի փոխարեն այս տարի արդեն իսկ արձանագրվել է փողերի լվացման 13 դեպք։

Մոտ 180 դեպքով նվազել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Նախորդ տարվա 1806 դեպքի փոխարեն այս տարի արձանագրվել է 1628 նման դեպք։

Կիսով չափ կամ 107 դեպքով ավելացել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը, սակայն կրկնակի անգամ նվազել են կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերը։

Ամփոփելով՝ փաստենք, որ այս տարվա առաջին 7 ամիսներին հանրապետությունում արձանագրված հանցագործությունների աճին զուգահեռ նվազել են ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման և դրանց հետևանքով զոհերի թվերը, ավազակության և բնակարանային գողության դեպքերը, փոխարենը ավելացել են հիմնականում անձնական գույքի հափշտակությունների՝ կողոպուտի, գողության, խարդախության, կեղծ փողերի շրջանառության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը։

Սևադա Ղազարյան

www.Fip.am