«ՀԱՅ ՖԵՍՏ՝ անցում դեպի թատերաշխարհ». մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնը

«ՀԱՅ ՖԵՍՏ՝ անցում դեպի թատերաշխարհ». մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնը
«ՀԱՅ ՖԵՍՏ՝ անցում դեպի թատերաշխարհ». մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը:

«ՀԱՅ ՖԵՍՏ» 16-րդ միջազգային թատերական փառատոնը կրում է «ՀԱՅ ՖԵՍՏ՝ անցում դեպի թատերաշխարհ» խորագիրը: 

Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնը կհյուրընկալի 22 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի` այդ թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների՝ Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Եգիպտոսից, Հունգարիայից, Ճապոնիայից, Լեհաստանից, Իսրայելից, Ղրղզստանից, Բելգիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից: 
Երևանյան 13 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 40 ներկայացում:

Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:

Փառատոնի նշանավոր ներկայացումներից են Գերմանիայի «Ֆաբրիս Մագլիահ» ընկերության՝ «Մամացցա» պարային ներկայացումը, Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի՝ «Բրոդվեյի հիթերը»: Այն ամբողջությամբ համապատասխանում է բրոդվեյան շոուի բոլոր պահանջներին՝ բալետային հրաշալի համարներ, բոցավառող երաժշտություն, վառ պատկերներ, անակնկալներ և տոնական տրամադրություն:

Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Միհր» և այլ թատրոններ:

2018 թվականին «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնը առանձնանում է սոցիալական թատրոնի ներկայությամբ. այն միտված է լինելու հետհեղափոխական կատարողական արվեստի խրախուսմանը։ Հիմնական ծրագրից դուրս փառատոնի ընթացքում կլինեն վարպետության դասեր, կլոր սեղաններ, հանդիպում-քննարկումներ:

«ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնն ամեն տարի կազմակերպում է հատուկ ծրագրեր: Այս տարի դրանք երկուսն են՝ «Եվրոպան փառատոների համար, և փառատոները՝ Եվրոպայի», «Պարարվեստի արևելյան ընկերակցություն»:

Եվրոպական փառատոների ասոցիացիան (EFA) «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնի շրջանակում կանցկացնի «Եվրոպան փառատոների համար, և փառատոները՝ Եվրոպայի» խորագրով ծրագիրը: Այս ծրագիրը միտված է տարածաշրջանի կատարողական արվեստը եվրոպական փառատոնային միջավայրի ինտեգրմանը: Ծրագիրը կարևոր է նրանով, որ ներկա են լինելու եվրոպական լավագույն փառատոների ներկայացուցիչներ, ովքեր կաշխատեն հայ մասնագետների հետ՝ նպաստելով  միջազգային առաջխաղացմանը:

«Պարարվեստի արևելյան ընկերակցություն» ծրագիրը նպատակ ունի ներկայացնել ժամանակակից պարն ու պարարվեստը՝ ստեղծված լավագույն լեհ արտիստների, ուսուցիչների և մասնագետների կողմից, ում համախմբում է լեհական պարահարթակ 2017-ը: Այս ծրագրի շրջանակում ստեղծվել է հայ-լեհական համատեղ ներկայացում, որը նույնպես կցուցադրվի փառատոնի օրերին: Ծրագրի նպատակն է զարգացնել ժամանակակից պարը Հայաստանում. այն ունի նաև մեծ կրթական ծրագիր, որը հնարավորություն է ընձեռում ուսանողներին լրացնել իրենց ակադեմիական կրթությունը:

Ծրագիրը ներբեռնել այստեղ: