ՀՌԱՀ-ը չի տուգանել «Կենտրոն» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին

ՀՌԱՀ-ը (Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով) երեկ կայացած նիստում կարճել է «Կենտրոն» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթը, հաղորդում է «Առաջին լրատվականը»:

«Գործի վարույթը կարճելու մասին որոշում ընդունվում է բանավոր դիտողություն հայտարարելու, նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու կամ դատախազին, նախաքննության կամ հետաքննության մարմնին հանձնելու դեպքում, ինչպես նաև սույն օրենսգրքի 247 հոդվածով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում:

Վարույթը հարուցվել էր Ընտրական օրենսգրքի 19 հոդվածի 3-րդ և 5-րդ կետերը խախտելու համար։ Կետերը վերաբերում են զանգվածային լրատվության միջոցներով իրականացվող նախընտրական քարոզչությանը, որտեղ նշվում է, որ հեռուստաընկերությունները պարտավոր են թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար ապահովել ոչ խտրական պայմաններ և ներկայացնել անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն»,-հաղորդում է «Առաջին լրատվականը»:

© Medialab.am