«Վեց ընկերով ոտքով գնացել են հացի, կամիկաձեն խփել ա»․ 19-ամյա Դավիթ Դանիելյանը զոհվել է պատերազմի վերջին օրը

Քրիստինա Գրիգորյանի օրը սկսվում և ավարտվում է որդու նկարը համբուրելով, բարի լույս և բարի գիշեր ասելով։ Քրիստինան որդուն` 19-ամյա Դավիթ Դանիելյանին, կորցրել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ 

Ասում է՝ սեպտեմբերի 27-ին որդու 19-ամյակն էր, մինչ լուսաբացը զանգել, շնորհավորել են տղային, հետո սկսվել է պատերազմը։ Պատերազմի վերջին օրն էլ որդին զոհվել է: 

«Պատերազմը իր ծննդյան օրով սկսվել է, իր մահանալով՝ ավարտվել։ 44 օր պայքարեց, վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին զոհվեց»,- հուզմունքը կոկորդում խեղդելով պատմում է Քրիստինա Գրիգորյանը, որի որդին՝ Դավիթ Դանիելյանը, զոհվել է Մարտունիում։

Մայրն ասում է, որ որդու հետ ամեն օր կապի մեջ է եղել, Դավիթը, լինելով թեժ կետերում, միշտ ընտանիքին ասել է, որ ամեն ինչ լավ է, հանգիստ է։

«Ամեն օր զանգում էր, ասում էր՝ մա՛մ ջան, ամեն ինչ տոչնի ա, լավ եմ։ Նոյեմբերի 7-ին զանգեց, մի երկու վայրկյան՝ մամ ջան, ո՞նց ես, քուրիկներս ո՞նց են, հեռախոսը կտա՞ս պապային, պա՛պ ջան, դե ամեն ինչ լավ ա, հետո կզանգեմ։ Դա իրա վերջին զանգն էր»,- ասում է մայրն ու հուզմունքով նշում, որ 2 օր անց կորցրել է որդուն։

Դավիթի ընկերները Քրիստինային պատմել են, որ մինչև նոյեմբերի 9-ը Դավիթը քանիցս փրկվել է վտանգավոր իրավիճակներում, փրկել նաև ուրիշների կյանքը, սակայն նոյեմբերի 9-ը ճակատագրական է դառնում։

«Ընկերներն ասում են՝ ամսի 6-ին քանի անգամ մահվան ձեռքից պրծել ա, ասում են՝ երկու քայլ ա արել, ռումբն ընկել ա, շշմած նայում էինք՝ էդքան փրկվեց, փրկվեց, հենց վերջին օրով․․․ վեց ընկերով՝ հինգ զինծառայող, մեկ կամավոր, ոտքով գնացել են հացի, կամիկաձեն ա խփել»,- կսկիծով ասում է մայրը։

Քրիստինան ասում է, որ դեպքի օրը իր ինքնազգացողությունը վատացել է, զգացել է, որ կորցրել է որդուն։

«Ես շատ վատ եմ եղել։ Ես նստած էի, 44 օր քուն չունեի, կրեսլոյին նստած, աչքս կպավ: Հոգին տալու ժամանակ երեխեն եկավ իմ մոտ, ես վեր թռա, ամուսինս էլ վեր թռավ։ Համարյա ժամը 5-ն էր, հենց էդ ժամին ա երեխես հոգին տվել, հետո իմացա, որ հենց էդ պահին են զոհվել։ Տենց բոլորս ենք զգացել, ես գտել եմ էդ տղաների մամաներին, սաղս վատացել ենք, մամա-պապա՝ սաղ զգացել ենք»,- ասում է Քրիստինան։

Նոյեմբերի 10-ին Դանիելյանների ընտանիքը տեղեկանում է որդու զոհվելու մասին։ 

«Էդ պահից սկսված անջատված մարդ էի, անզգա, բան չէի զգում, ի վերուստ ինձ ուժ եկավ՝ Աստվա՞ծ տվեց, տղե՞ս տվեց՝ չգիտեմ։

Ես ոնց որ կողմնակի մարդ  լինեի, ասում էի՝ վա՜յ, աղջիկներս մեղք են, վա՜յ, ամուսինս մեղք ա։ Բոլորին խղճալով՝ ոնց որ ես կողքից մարդ լինեի, չէի հավատում ոչ մի բանի։ Հետո նոր զգում եմ, որ կարոտը խեղդում ա, ու կյանքն էլ էն չի: Ուղղակի աղջիկներիս խաթեր, չեմ ուզում երեխեքը կոտրվեն»։

Դավիթ Դանիելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Դավիթը սովորել է Երևանի ինֆորմատիկայի քոլեջում՝ ծրագրավորման բաժնում, ուսմանը զուգահեռ աշխատել է։ Ապրիլյան պատերազմի ժամանակ մորն ասել էր, որ ինքն էլ բանակ գնա, պետք է տղաների վրեժը լուծի:

«Ասեց՝ մա՛մ ջան, գնալու եմ Մատաղիս, Թալիշ, պատերազմի ժամանակ էդ կողմերում էլ եղավ, նաև Դրմբոնում, Ալաշանում։ Շատ էր ասում՝ գնամ, չեմ վերադառնա, շատ էր էդ բառը կրկնում, ջղայնանում էի վրան»,- պատմում է մայրը ու հուզվում։

Քրիստինան ասում է, որ հաճախ է աղոթում, այդպես է կարողանում մի փոքր հանգստանալ։ Ասում է՝ միշտ զգում է որդու ներկայությունը, հաճախ է երազում տեսնում, այդպես կարոտը առնում։

«Դաժը եկեղեցի մտնելիս էլ հա զգացել եմ, որ մեջքիս կանգնած ա։ Ամեն Աստծո օր առավոտյան արթնանում եմ, ասում՝ բարի լույս, Դավո՛ ջան, քնելուց իրա նկարը, խաչը պաչում եմ, ասում եմ՝ բարի գիշեր, Դավո՛ ջան»,- պատմում է որդեկորույս մայրը և հուզվում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am