ԵՊՀ-ն և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը համագործակցության հուշագիր կնքեցին

Գիտակցելով Հայաստանում կրթության և գիտության շարունակական զարգացման հրատապությունը, հաշվի առնելով հանրակրթության ոլորտում բարեփոխումների իրականացման կարևորությունը, ինչպես նաև կարևորելով բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական  (ԲՏՃՄ) ուղղություններով ենթակառուցվածքների արդիականացման անհրաժեշտությունը՝ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և Երևանի պետական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագիրը կնքեցին հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը և ԵՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:  

Հուշագրի նպատակն է համատեղել կողմերի ջանքերը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ծրագրերի և միջոցառումների համատեղ մշակման և իրականացման, ԲՏՃՄ ուղղություններով Երևանի պետական համալսարանի STEM դպրոցի լաբորատոր հատվածի արդիականացման համապատասխան սարքավորումներով համալրելու, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման, մասնավորապես՝ արդի միջազգային փորձի և գիտելիքների տեղայնացման ուղղություններով: 

«Հիմնադրամը իր համար սահմանել է նոր առաքելություն. այն է՝ գտնել և վեր հանել մեր երկրում և առհասարակ համայն հայության շրջանում ամենակարևոր ռեսուրսը՝ մարդկային կապիտալը, և դրանում կատարել ներդրումներ: Այս համագործակցության առանցքում դրված է հենց այս փիլիսոփայությունը: Այս հուշագիրը մի կողմից գալիս է հանրահռչակելու STEM դպրոցին համապատասխան լաբորատոր սարքավորումներով աջակցելու և հագեցնելու մեր պատրաստակամությունը, մյուս կողմից այստեղ հիմքում դրված է ավելի լայն համագործակցություն, որը ներառում է երկու կողմերի միջև բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բազմաշերտ համագործակցություն իրականացնելու գաղափարը, համատեղ կրթական ծրագրեր մշակումը և իրականացումը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում, ինչպես նաև այլ նախաձեռնություններով հանդես գալը»,- նշեց Հայրապետյանը: 

ԵՊՀ-ի ռեկտորի խոսքով՝  հիմնադրամի և ԵՊՀ-ի համագործակցությունը երկար պատմություն ունի: Շփումների միջոցով փորձում են վեր հանել առկա խնդիրները և լուծել դրանք: 

«Վերջին խոշոր նվիրաբերությունը ԵՊՀ-ի նորաստեղծ STEM դպրոցին տրված աջակցությունն էր, որի ընդհանուր գումարը մոտավորապես 23 միլիոն դրամ էր կազմում։ Այդ աջակցությունը, բնականաբար, շարունակական է լինելու»,- ասաց Հովհաննիսյանը: 

Նա տեղեկացրեց, որ առաջիկայում STEM դպրոցը ԵՊՀ-ից նոր մասնաշենք տեղափոխելու պլաններ կան: Դպրոցի աշակերտները օգտվում են ԵՊՀ ենթակառուցվածքներից, նրանց դասավանդում են ԵՊՀ դասախոսները, տեղափոխվելուց հետո պայմանները չեն փոխվելու: 

Այս պահին դպրոցում սովորում է 36 աշակերտ: