Գյումրի քաղաքի Տերյան 25 հասցեում իր դռները բացեց «Հայուհի» թանգարանային ցուցադրությունը, որը կազմակերպվել է ալեքսանդրապոլյան պատմական միջուկի մասը կազմող շենքերից մեկում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տարածքն առավել հայտնի է «Մեր մանկության տանգոն» սիրված կինոնկարի հայտնի դրվագներից։
Ցուցադրությունը բացառիկ է ներկայացված նյութերով և բովանդակությամբ։ Այն ներառում է 16-19-րդ դարերի հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ ու փոստային բացիկներ՝ հայուհիների կերպարների դրվագմամբ։
«Նախ պետք է կապը գտնեինք՝ ինչ կապ ունի սիրված կինոնկարի դրվագը ցուցադրության հետ: Որոշեցինք, որ կապը Սիրանույշի ու Վարդուշի դրամատիկական պայքարն էր Ռուբենի համար և այդ պայքարը շարունակել ենք հայուհու կերպարի ցուցադրությամբ»,-նշեց նախաձեռնության հեղինակ Հայկ Դեմոյանը՝ տեղեկացնելով, որ այս ցուցադրությամբ «Գյումրի 20/25» բարեգործական հիմնադրամը մեկնարկում է իր բազմաթիվ նախագծերից առաջինը։
Թանգարանի տարածքում գործելու է գրախանութ, իսկ այցելուները հնարավորություն կունենան հյուրընկալվելու ալեքսանդրապոլյան վերականգնված միջավայրում, ծանոթանալ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի նկարահանման դրվագներին ու Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ կինոնկարների պաստառներին։ Ցուցադրությունը մշտական է, բաց է լինելու շաբաթվա բոլոր օրերին, առավոտյան 10-00-ից մինչև 18:00-ն:
Հայկ Դեմոյանը նշում է, որ շատ պատահական Գյումրիում պատմական շենքերից մեկի վաճառքի մասին հայտարարությունը ստիպել է արագ կողմնորոշվել և ձեռք բերել նախ մեկ, ապա նաև 2 այլ շենքեր: Եթե տներից մեկը՝ Տերյան 25-ը, «Հայուհի» ցուցադրությունը հյուրընկալեց, մյուսը կլինի հայկական լուսանկարչական արվեստի թանգարան, ալեքսանդրապոլյան միջավայրի՝ Ակումբ 1887»-ը, «Սովետական միության և Լենինի» թանգարան և այլն:
Մանմարամասները՝ այստեղ