«Բարիկադները քանդում են, երբ թշնամին հանձնվում է, իսկ նրա դահիճները՝ կախաղան են բարձրացվում». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Բարիկադները քանդում են, երբ թշնամին հանձնվում է, իսկ նրա դահիճները՝ կախաղան են բարձրացվում». Հայկ Ա. Մարտիրոսյան
«Բարիկադները քանդում են, երբ թշնամին հանձնվում է, իսկ նրա դահիճները՝ կախաղան են բարձրացվում». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

– Պարո՛ն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում ԸՕ-ի շուրջ ստեղծված իրավիճակը: Ի՞նչ եք կարծում՝ արդյոք երկուշաբթի այն հնարավոր է ընդունվի:

– Որևէ մեկը չի կարող ասել: Կարծում եմ՝ նախ ռեյտինգային ընտրակարգի հանումը մեծապես ոչ ձեռնտու է Հանրապետականին և ապա, որ պակաս կարևոր չէ՝ իրենք դրանով փորձում են իրենց արժեքն ավելի բարձրացնել, քանի որ գործադիրը շարունակում է նրանցից ինքն իրեն կախվածության մեջ դնել և հիմա ավելի է կախված, քան երբևէ:

Երբ վարչապետն այլևս պաշտոնակատար է և խորհրդարանական հեղաշրջման վտանգը գոնե տեսականորեն մնացել է, իսկ միևնույն ժամանակ խորհրդարանում իշխանական ուժն անհանգստացած է անգամ նրանով,  թե ինչպես կարող է նախկին իշխանությունը մեկնաբանել ապօրինի Սահմանադրության «քվեարկություն» բառը, ակնհայտ է դառնում, որ Հանրապետականը դեռ կարող է իր պայմանները թելադրել, որքան էլ մենք բոլորս ցանկանանք մտածել, որ հիմա այլևս թելադրողը ժողովուրդն է:

– Ինչու՞ ՀՀԿ-ն մինչև վերջ ընդդիմացավ:

– Դա արդեն ասացի, որ իրենց շահերից է բխում: Եվ հետո՝ նաև ուժի դիմադրություն է, որը, ինչպես պարզվում է՝ իրենք ունեն, որովհետև հակառակ՝ մեր բևեռում այնքան ենք տարված օրինամոլությամբ, որ իրոք Հանրապետականը, ստացվում է, որ սկսում է պայմաններ թելադրել:

Վերջապես դասեր քաղելո՞ւ ենք արդյոք, որ մեր ընդհանուր վարքագծի ներողամիտ և Պապից ավելի կաթոլիկ օրինամոլ համատեքստն է, որ նրանց ինքնավստահություն է տալիս: Երբ ժողովուրդ ենք հավաքում ԱԺ բակում՝ սկսում են վախենալ, բայց երբ տեսնում են, որ հավաքում ու տուն ենք ուղարկում և շարունակում իրենց հետ բանակցել՝ սկսում են հենց այդ բանակցությունների արդյունքում արդեն պայմաններ թելադրել: Սա տխուր իրավիճակ է: Սակայն ամենատխուրն այն է, որ իշխանությունից ամբողջությամբ հեռանալուց հետո նախկինները ներկաների համար դառնալու են մեծ գլխացավանք, որովհետև սկսելու են նույն այն միջազգային ատյաններում, որոնցից այդքան զգուշանում են պաշտոնական Երևանում, իշխանության համար խնդիրներ հրահրել:

Եվ հենց այս զիջողության, սիրո և միակողմանի համերաշխության արդյունքում է, որ Հանրապետական կուսակցությունը վերապրելու է և հետո՝ ինչ-որ պահի, Տեր-Պետրոսյանի պես փորձելու է հետ գալ: Թեև տեսանք, որ գործող իշխանությունն արդեն չի բացառում որոշ հանրապետականների ներգրավումը իշխանության մեջ: Մինչդեռ աշխարհում և հատկապես Արևմուտքում հիմա «զրո հանդուրժողականության» քաղաքականություն է որդեգրվում ամեն դեստրուկտիվի նկատմամբ, Հայաստանում, որդեգրելով արևմտյան արդեն հնացած և արդիականությունը կորցրած «ամենահանդուրժողականության» գիծ, մենք մեզ համար աննախադեպ նոր խնդիրների ստեղծման հիմք ենք գցում:

Ռասիզմը վատ, սարսափելի վատ բան է, բայց «քաղաքական ռասիզմ» տերմինը, որն իրականում քաղաքագիտության մեջ բոլորովին այլ բան է նշանակում, քան այն իմաստը, որով մտավ հայկական իրականություն և ավելի շուտ իրականում տեղավորվում է «սպիտակ ուժերն ընդդեմ սև ուժերի» համատեքստում, իր հայաստանյան կիրառման իմաստով ուղղակի անհրաժեշտ է: Անհրաժեշտ է անզիջում, աններողամիտ, անհանդուրժող և մեծագույն թշնամանքով վերաբերվել և վարվել նրանց հետ՝ ովքեր կեղեքել են Հայաստանը, եղել են նախկին քաղաքական մեքենայի կարևոր սպասարկու և հակազգային ու նաև հակապետական քաղաքականություն ու գործունեություն են վարել:

Եվ այդ ամենը անհրաժեշտ է դրսևորել և անել օրենքի սահմաններում: Հակառակ պարագայում անհրաժեշտ է բացել բոլոր բանտերի դռները և բոլոր հանցագործներին ու դատապարտյալներին ազատ արձակել: Որովհետև տուն թալանածն ու մեկ մարդ սպանածը, առավել ևս՝ գրպանահատը՝ մի ամբողջ ժողովրդի ավելի մեծ վնաս չեն տվել, քան ներում ստացող և գողացածի մի մասը պետության ուժի ճնշմամբ հետ վերադարձնող պետական պաշտոնյան, ապրիլյան պատերազմում հարյուրավոր հայ մարդկանց կյանքերի կորստյան պատճառ դարձած հանցագործ հրամանատարը կամ, ասենք, որևէ զինդատախազ, որ հայկական փամփուշտից ընկած զինվորի սպանություն է պարտակել:

Եվ բարոյական հանցակցությունը՝ սպիտակ ձեռնոցներով և օսլայած օձիքով՝ ձեռքերն արյունոտված ռեժիմին էական՝ ինտելեկտուալ կամ զուտ պրոֆեսիոնալ առանցքային ծառայություններ մատուցելը նույնպես հանցակցություն է և ավելի վատ հանցակցություն, քան նրանց արարքը, որ ուղղակի են կեղտի և թալանի մեջ մտել: Այս առումով հանդուրժել չի կարելի, ներել չի կարելի, սիրել չի կարելի:

– Եթե հին օրենսգրքով գնանք ընտրության, առհասարակ ի՞նչ վտանգներ եք տեսնում:

– Հին օրենքները և հատկապես Սահմանադրությունն ամբողջությամբ պետք է վերանայվեն: Մի բան, որ կարված է նախկին բռնատիրության համար՝ չի կարող աշխատել նոր՝ ժողովրդավարական միջավայրում: Եվ այսօր մենք խնդիրներ ունենք հենց այն պատճառով, որ հին օրենքներով նոր կարգեր ենք ուզում հաստատել: Դա մեզ անխուսափելիորեն տանելու է մեծ դժվարությունների: Հին Ընտրական օրենսգիրքը մի մեքենա է, որ ստեղծվել է հին ռեժիմի հանցավոր շահերը սպասարկելու:

Եվ այսօր էլ այն այդ ռեժիմի մնացորդների շահերն է սպասարկում: Բայց նախքան օրենսգիրքը բարեփոխելը՝ անհրաժեշտ էր ընտրական հանձնաժողովը բարեփոխել: Եթե Տիգրան Մուկուչյանն այդքան հեռու է քաղաքական էթիկա դավանելու գաղափարից և շարունակում է պաշտոնավարել, ապա նրան անհրաժեշտ էր հեռացնել դեռևս քաղաքային ընտրություններից առաջ: Եվ հասկացե՛ք. կարևոր չէ, թե նա հիմա համբուրե՞լ է հեղափոխության թուրը, թե՞ շարունակում է իր թիկնոցի տակ նախկինների դաշույնը պահել:

Նոր կարգերին հարմարվելը չի կարող ինդուլգենցիա լինել: Դա հղի է մի բանով, որ Հայաստանում շատ է եղել՝ առնետավազքով: Որն իր հերթին ուղղակի նշանակում է նախկին ռեժիմի վերարտադրություն՝ նոր անձրևանոցների ներքո, բայց, իհարկե, հին դեմքերով: Սրանք հարցեր են, որոնց ուղղությամբ մենք մտածելու բան ունենք: Եվ սրանք հարցեր են, որոնց մենք պարտավոր ենք լրջորեն մոտենալ:

– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եկել է բարիկադներ քանդելու ժամանակը: Ինչպե՞ս եք գնահատում:

– Համամիտ եմ այն առումով, որ եկել է հասարակությանը առավել միավորելու ժամանակը: Բայց բարիկադներ քանդել ուժերի հետ, որոնք մշտապես կրակել են ժողովրդի վրա, երբ ժողովուրդը դեռևս բարիկադներ չէր կառուցել՝ պաշտպանվելու համար, լրջագույն բացթողում կարող է լինել: Բարիկադները քանդում են, երբ թշնամին հանձնվում է, իսկ նրա դահիճները՝ կախաղան են բարձրացվում: Եվ երբ քանդում ես բարիկադները մեկի դեմ, որ սովոր է մարդ սպանել, դա նշանակում է, որ հարմար պահի նա դարձյալ զենք է վերցնելու և այս անգամ այնպես է անելու, որ հակառակ ճամբարում չհասցնեն անգամ բարիկադներ կառուցել:

Բացի այդ, բարիկադները քանդում են, երբ դրանց հետևում բոլորը մեռած են կամ նստած են պատերազմի հանցագործների բանտերում: Հայաստանում կա վտանգ՝ նախկինների՝ նոր թիկնոցներով հարություն առնելու: Հունան Պողոսյանի՝ հեղափոխական -իսլանդա-հայկական «հու»-ին մասնակցելը դրա զավեշտալի, բայցև ողբերգականորեն լավագույն օրինակն է: Ես գտնում եմ, որ Հայաստանում անհրաժեշտ է քանդել բարիկադները: Բայց միայն այն դեպքում, երբ դրանց հակառակ կողմում եղած բոլոր առանցքային մարդիկ կա՛մ քաղաքական դիակներ կլինեն, կա՛մ նստած կլինեն բանտերում: Բոլորը՝ առանց բացառության:

Մանե Հարությունյան

MediaLab.am